ՂԱՐՍԻՑ ՄԻՆՉԵՎ… ԳՈՂԹԱՆԻԿ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կնոջ հետ զրույցից բավական ժամանակ է անցել, բայց իմ մտապատկերում առաջին պլան է մղվում ոչ թե այն, որ Անահիտ Դանիելյանը մշակույթի ոլորտի աշխատող է, որ նվիրված է իր գործին, որ իր նախաձեռնած մշակութային-հոգևոր գեղարվեստական միջոցառումներին ձգտում է ուրույն երանգ հաղորդել, որ զարմանալի եռանդ ունի և երևացող կազմակերպչական ջիղ, այլ այն, որ նա բռնադատվածի աղջիկ է, որ նրա ծնողներն Արևմտյան Հայաստանից են, ավելի կոնկրետ՝ Ղարսից։ Որ հայրը՝ Մկրտիչը և Եղիշե Սողոմոնյանը՝ նույն ինքը Չարենցը, Ղարսից իրար ծանոթ են եղել, որ Խորհրդային Հայաստանում շփվում էին իրար հետ, որ Չարենցը լինում էր հայրենակցի տանը, որ …
…Հայտնի դեպքերը, դեմքերը, իրադարձություններն այնքան են մեր ժամանակից, մեր օրերից, մեզնից, առօրեական մեր զրույցից հեռու-հեռավոր, որ չվիրավորելու համար կասկածանքս խոր թաքցնում եմ, թիվ-թվականները կրկնել տալիս, համեմատում-հավաստիանում… որ իմ զրուցակիցը Չարենցի ծանոթի ու ժամանակակցի, ավելին՝ բախտակցի աղջիկն է։
Անահիտի ծնողները 1915-ին գաղթել են, հետո հետ գնացել Ղարս, 1918-ին վերջնականապես գաղթել-հաստատվել են Երևանում։ Մորական պապը՝ Սահակենց Սահակ աղան Ղարսում մեծ ապրուստ ու անուն, քարավան, քարվանսարա է ունեցել։ Գաղթի ճանապարհին Արփաչայի ափին թուրքերը կանգնեցրել են, թալանել, ծաղրել ու նվաստացրել։ ՙԵթե իմ ցեղից մեկն էլ պրծնի, ձեր հախից կգա՚,-ասել է Սահակ աղան։ Համարձակ խոսելու համար նրան խեղդամահ են անում, գցում ջուրը: Գերդաստանը լցվում է գետը, փրկվում են 6-7 հոգի, այդ թվում` Անահիտի տատիկը, 6 տարեկան քեռին, ում Գյումրիի որբանոցում տեղավորեցին, գտնելու հետագա որոնումներն ապարդյուն անցան։
Անահիտի հայրը՝ Մկրտիչը, 1915-ին Գերմանիայում էր, իրավագիտություն էր սովորում, տիրապետում էր 12 լեզվի։ Մայրը՝ Ազգանուշը, բժշկուհի էր։ 1937-ին, երբ Չարենցին բանտարկում են, ընտանիքը հասկանում է, որ կարող է խուզարկություն լինել։ Ապրում էին ՙՑախի Մեյդան՚ կոչվող թաղամասում։ Տանը շատ մոտիկ առու էր հոսում, գրողի գրքերը մեկ-մեկ վառում են, մոխիրը լցնում ջուրը։ Ձեռագիր թղթեր պատահաբար մնում են պահարանի մոմլաթի տակ, որոնք ԿԳԲ-ի գործակալները խուզարկության ժամանակ գտնում են, Մկրտիչն աքսորվում Սիբիր՝ 10 տարով։ Անահիտը մոր պատմածներից հիշում է, որ աքսորավայրում երեք Մկրտիչ են եղել՝ հայրը, Մկրտիչ Արմենը, ևս մեկ ուրիշը։
1947-ին, երբ Մկրտիչը վերադարձավ, Երևանից 100կմ հեռու պիտի ապրեր, քանի որ քաղբանտարկյալները մայրաքաղաքում ապրելու իրավունք չունեին։ Օրգանում աշխատող մի բարի մարդ օգնում է, որ ընտանիքը տեղավորվի Աշտարակում, որ շատ շփումներ չունենան, որ գաղտնի պահեն իրենց ով լինելը։ Աշտարակում 1955-ին ծնվում է Անահիտը։
Մկրտիչը, որ աքսորից խարխուլ առողջություն էր բերել, վաղաժամ մահանում է։ Բնականաբար, մայրն էլ այսօր չկա, և Անահիտի հոգում հիշողության արահետներն են` մինչև Ղարս։ Իրեն թվում է, թե ինքն այնտեղ է ծնվել, թե եթե գնա, կգտնի Սահակենց Սահակ աղայի տունը։ Մայրը փոքր երեխա էր, երբ գաղթել էին, բայց հիշել ու պատմել է, թե ինչպես է քարվանսարայի բակ մտել ուղտերի քարավանը, թե ինչպես Սահակ աղան տուն է եկել, ու ինքը` փոքրիկ աղջնակ, ոտքերին ջուր է լցրել։
Գուցե հենց հիշողություններն են ուրվագծել Անահիտ Դանիելյանի կյանքի ճանապարհները՝ Երևանից մինչև Աշտարակ, Աշտարակից՝ Արցախ ու Քաշաթաղ՝ դեպի հայրենիքի ազատագրված տարածք։
Երբ 1988-ին սկսվեց Ղարաբաղյան Շարժումը, Աշտարակում ձևավորված կազմկոմիտեի մեջ միակ կինը և անկուսակցականն Անահիտն էր։ Ինքը կուսակցականությունը չի ընդունում, քանի որ շատ է տեսել, թե մարդիկ ինչպես են պարտադրված լինում դեմ գնալ իրենց սկզբունքին։ Այդ ժամանակ նա աշխատում էր Աշտարակի մշակույթի շրջանային բաժնում` որպես ավագ մեթոդիստ, միաժամանակ ՙՀայ համերգ՚-ում՝ հաղորդավար-ասմունքող էր։ Խորհրդային տարիներին կրթությունը ստացել էր Տաշքենդի կուլտուրայի ինստիտուտում։
ՙԻնձ համար ամենադաժան տարեթիվը 1992-ն էր,- պատմում է Անահիտը։ -Մահեր, մահեր, փողոցներում սև պաստառներ՝ անուն-ազգանուն, տարիք՝ 25, 30, 45։ Այդ տարին Աշտարակում շատ զոհեր ունեինք, որոնցից մեկն իմ դասընկեր Ռազմիկն էր, ում հետ նույն նստարանին էինք նստում։ Նրա մահն ինձ համար ցնցում էր, և ես երդվեցի նրա գործը շարունակել, թե ոնց, ինչպես, ես դեռ չէի գիտակցում։ Ցավը ցատ մեծ էր։ Շրջապատում շատ էին հոլովվում ՙԼաչինի մարդասիրական միջանցք՚, Ղարաբաղ, վերաբնակեցում բառերը, և ես հայտնվեցի ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Հակոբյանի աշխատասենյակում։ Ասացի` ուզում եմ օգտակար լինել այն գործին, ինչի համար իր կյանքն է զոհել իմ դասընկերը՚։
Մի քանի օր հետո Անահիտն ընտանիքով ճանապարհվում և կեսգիշերին հասնում են Լաչին, 1994 թվականն էր, հոկտեմբերի 20-ը: Լուսաբացին տեսավ քաղաքը՝ ՙԱրեգնազան՚ հեքիաթի Քարե քաղաքը… Գյուղապետներից մեկը նրան առաջարկեց գնան իր գյուղը, չհամաձայնեց` ասելով, որ ինքը եկել է ոչ թե մշակույթով զբաղվելու, այլ ավելի մեծ գործ անելու, և նրան տարան գյուղեր ցույց տալու։ Գնացին 25-28կմ, կամուրջը պայթեցված էր, անցան Հակարի գետը, գիշերեցին մի գյուղում, իսկ երբ լույսը բացվեց, հասկացավ, որ սա այն է, ինչ փնտրել է. ինքը պիտի վերաբնակեցներ այս գյուղը։ Գյուղի առաջին ընտանիքը, առաջին երեխան իրենք էին։ Կարողացավ 5-6 ընտանիք բնակեցնել։ 1995-ի սեպտեմբերն էր. գնաց Աշտարակ, իր անձնական ծանոթությամբ բրիգադ բերեց, 10 օրում գյուղը և հետո շրջակա 12 գյուղեր լույս ունեցան։ Սեպտեմբերին 6 երեխայի համար դպրոց բացեց, հետո կառուցվեց տիպային դպրոց։ 1997-ին գյուղում մեծ շուքով Համբարձման տոն նշվեց։ Հետո գյուղն աճեց, մեծացավ մինչև 34 ընտանիք, դպրոցը՝ մինչև 32-34 երեխա։ 1997-ին սկսվեց կամուրջի կառուցումը, որը կյանքի ճանապարհ էր և տարածքի գյուղերը՝ Ղազարապատը, Գանձան, Դրախտաձորը, Անին նոր շունչ առան։ Անահիտը, որ շրջանի միակ կին գյուղապետն էր, իր գյուղը գոչեց Գողթանիկ։
ՙ1995-ի հուլիսին սարսափելի կարկուտ տեղաց: Որպեսզի մարդիկ չհուսահատվեն, չլքեն գյուղը, գնացի Երևան, ոսկեղենս ծախեցի, 5 տոննա ալյուր, ձավարեղեն, բուսական յուղ բերեցի բաժանեցի,- պատմում է Անահիտը։ -Ոմանք իմ արածն անխելքություն համարեցին, բայց ես այլ կերպ եմ մտածում. հարստությունը գրպանը չէ, այլ` հոգին։ Տարիներ են անցել, և այսօր ես Բերձոր եմ մտնում բաց ճակատով։ Ես հպարտ եմ, որ Աստծո զորությամբ կարողացա ինչ-որ չափով իմ ներդրումն ունենալ այն գործում, որի համար իր կյանքն է տվել դասընկերս՚։
12 տարվա գյուղապետությունից հետո ընտանեկան հանգամանքների բերումով Անահիտը տեղափոխվեց Ստեփանակերտ, հիմնեց ՙԱշխարհի հայեր՚ գիտապատմամշակութային հասարակական կազմակերպությունը։ 2013-ից աշխատում է մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում։ Գրական, մեծարման երեկոներ, այցելություններ զորամասեր, հոգևոր զրույցներ ու համերգային ծրագրեր, որոնց մի մասը համավարակի պատճառով կիսատ մնաց։
ՙՄայրս ասում էր՝ գաղթականը բնօրրան չունի։ Արցախն իմ տունն է, պապիս կորցրած տեսլականը։ Գողթանիկը շենացնելով պապիս՝ Սահակ աղայի ոխը հանեցի՚։