[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ

Մուրացանյան օրերի միջոցառումները տարեցտարի  ընդլայնում են իրենց շրջանակները՝ ընդգրկելով նաև շրջաններ։ ԼՂՀ գրողների միությունը ձգտում է բովանդակային առումով ևս ծրագիրը դարձնել գրավիչ։ 
Մուրացանյան օրերին ակտիվորեն մասնակցել է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան դպրոցը՝ կազմակերպելով թեմատիկ գրական ցերեկույթ՝  հիմնականում հայ դասական գրողի նամականու ընդգրկմամբ։
 
Մայիսի 30-ին շրջկենտրոնի  մշակույթի տանը նշվեցին Մուրացանյան օրերը. հանդիպմանը ելույթ ունեցավ շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հենրիխ Մանուկյանը՝  իր խոսքում կարևորելով նման միջոցառումների դերը գրքի և գրականության քարոզման գործում։
Մուրացանի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց դպրոցի  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը։
Այնուհետև դպրոցականները ցուցադրեցին գրական կոմպոզիցիա՝ կազմված Մուրացանի մտքերից ու ասույթներից։
 Հայաստանի գրողների միության նախագահ, արձակագիր, հրապարակախոս Լևոն Անանյանն իր ելույթում ընդգծեց Մուրացանի ստեղծագործությունների դերը երիտասարդության դաստիարակման  գործում։ ՙՀայ ժողովուրդը հզոր է իր մշակույթով,- ասաց ՀՀ ԳՄ նախագահը։¬Մուրացանի պատգամներն ու դասերն այսօր էլ շարունակում են իրենց երթը։ Ազգային մշակույթը և հոգևոր դաշտը զարգանում են՝  որքան էլ դրա համար ժամանակները նպաստավոր չլինեն։  Ասպարեզ է իջել մի նոր սերունդ, որն  ունի իր ձայնը, որ բերում է նոր և ժամանակակից արժեքներ՚։ Բանախոսը ներկայացրեց միջոցառմանը ներկա գրականագետներ Արքմենիկ Նիկողոսյանին, Հասմիկ Հակոբյանին, բանաստեղծներ Կարեն Անտաշյանին, Աշոտ Գաբրիելյանին։ 
ՙԻնչպես բոլոր պատերազմներում մեզ հետ է պատմագետ Եղիշեն, այնպես էլ մեզ հետ կլինի Մուրացանն իր միաբանության ու համերաշխության քարոզով՚,- իր ելույթում ասաց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։
ՙՄուրացանը հուշ-հիշողություն-հիշատակ է,¬ իր ելույթում ասաց բանաստեղծ Կարեն Անտաշյանը,¬ ինձ հուզում է ներկան.  ճիշտ սերունդ դաստիարակելը մեծ առաքելություն է։ Այս երիտասարդների մեջ ես տեսա առողջ հոգի, ճիշտ ընթացք։ Նրանք արմատներով կառչած են այս հողին, իսկ դա շատ կարևոր է՚։
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հավաքվածներին պատմեց ՙԳրանիշ՚ հանդեսի մասին, որը և՜ համացանցային, և՜ ավանդական-թղթային է. ՙՆման միջոցառումները վկայում և հուսադրում են, որ ազգի ընթացքը ճիշտ է,¬ ասաց Ա. Նիկողոսյանը։- Իսկ ՙԳրանիշ՚¬ը նոր սերնդի համար կենսադաշտ է ապահովում։ Հանդեսի մտահոգությունը գրական դաշտում միասնականության և համերաշխության  ստեղծումն է՚։
Նշենք, որ հանդեսն Արցախում ունի իր ընթերցողները։ Այն քարոզում է լավ գրականություն՝ ժամանակակից, ինչպես նաև ազգային ու համաշխարհային։ 
Գրականագետ Հասմիկ Հակոբյանը խոսեց Արցախում գրական գործընթացների զարգացման մասին և ընդգծեց նման միջոցառումների դերը ընթերցողին գրքին և գրականությանը մոտեցնելու գործում։
Դահլիճը բուռն ոգևորությամբ արձագանքեց Աշոտ Գաբրիելյանի՝ Չարենցի ՙՏաղ անանձնականի՚ արտասանությանը։
Իրենց ստեղծագործությունների ընթերցմամբ հանդես  եկան Հրանտ Ալեքսանյանը, Կարեն Անտաշյանը, Դավիթ Միքայելյանը։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ Վարդան Հակոբյանի մանկական գրքաշարի շնորհանդեսը։ 
ՀՀ ԳՄ նախագահ Լևոն  Անանյանը  գրքաշարը  որակեց որպես բյուրեղացած, բազմաշերտ աշխարհ՝ ուղղված մանուկ և պատանի ընթերցողներին, իսկ Սոկրատ Խանյանը ներկայացրեց Վ.Հակոբյանի անցած գրական ճանապարհը մինչև ՙԶատիկը ջրավազանի հատակին՚ վեպը, մինչև մանկական գրքաշարը։ Նա ընդգծեց, որ Հակոբյանը հասկանում է երեխաների հոգեբանությունը, ծանոթ է հայ և համաշխարհային մանկագրության  ավանդույթներին։
 Գրքի ձևավորումը կատարել են գեղանկարիչ Լիանա Քոչարյանը և Արամ Գրիգորյանը։ ՙԵս միշտ փորձել եմ ինքս ինձ համար բացահայտել գիրք ստեղծելու գաղտնիքը, և ձևավորման իմ սկզբունքը ստեղծվել է հենց այս  մտայնությունից։ Ձևավորումն էլ ստեղծագործություն է, և պետք է այն բխի գրքի բովանդակությունից՚,- իր ելույթում ասաց նկարչուհին։
Վ.Հակոբյանը Վարդգես Սուրենյանցի գեղանկարչական ալբոմը նվիրեց Լ. Քոչարյանին, իսկ ՙՈւրբաթագիրքը՚՝ Ա.Գրիգորյանին։
Միջոցառմանը ներկա էր և ելույթ ունեցավ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Լևոն Չալյանը։
 
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ