Logo
Print this page

ՎԱՂՈՒՀԱՍՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ

DSC01030_1_.jpgՄայիսի 23-ին  Վաղուհաս գյուղում հանդիսավոր պայմաններում բացվեց Գրիշա Մուրադյանի անունը կրող դպրոցի նորակառույց շենքը, որը  հիմքից կառուցվել է ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի (ի դեմս  ՙԱլեքս Գրիգ՚ ՍՊԸ¬ի.  գործարար Սամվել Ալեքսանյան) եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Երկհարկանի նորակառույց դպրոցն ապահովված է ժամանակակից պայմաններով, նյութատեխնիկական բազայով, ենթակառուցվածքներով, ունի համակարգչային սենյակ, լուսավոր դասասենյակներ: 
Վաղուհասցիները երկար էին սպասել  այդ օրվան: Արցախյան պատերազմի հետեւանքով հիմնովին ավերված գյուղում  հրադադարից հետո պարապմունքներն անց էին կացվում գյուղապետարանի շենքում` երկհերթ դասաժամով: Դժվարությունների միջով անցած վաղուհասցիների համար նորակառույց դպրոցական շենքը մեծ նվեր էր, եւ,  ինչպես  գյուղացիները հավաստեցին,  օրն ընդմիշտ կմնա վաղուհասցիների հիշողության մեջ:
Միջոցառմանը ներկա էին  ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի  գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, շրջվարչակազմի ղեկավար Լեւոն Չալյանը, հյուրեր, բարերարներ, պատասխանատու աշխատողներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, համայնքի բնակչությունը:
Դպրոցի հանդիսավոր բացումը  սկսվեց աղոթքով ու օրհնության կարգով` ձեռամբ Վաղուհասի Սուրբ Մարիամ Աստվածածին  եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի: 
Ելույթով հանդես եկավ  դպրոցի տնօրեն Դոնարա Գրիգորյանը, ով իր խոսքում  հիշելով  Արցախյան պատերազմին վաղուհասցիների մասնակցությունն ու գյուղին բաժին հասած ծանր ճակատագրի մասին, միաժամանակ նշեց, որ Վաղուհասը մոխրակույտերից վեր հառնեց ու հիմա վերածնվում է, ու դրա վառ ապացույցը գյուղում նախադպրոցական տարիքի երեխաներն են, որոնց թիվը հասնում է 90-ի, եւ գործող դրոցը, որտեղ սովորում է 140-ից ավելի աշակերտ: 
Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ԼՂՀ իշխանությունները կրթական համակարգը դիտում են որպես կարեւոր ռազմավարական ոլորտ եւ ամեն ինչ անում համակարգում առկա խնդիրների լուծման ուղղությամբ: Նրա խոսքով` այս 5 տարիների ընթացքում Արցախում հիմքից կառուցվել եւ վերանորոգվել են բազմաթիվ դպրոցներ, մարզադահլիճներ, մանկապարտեզներ, և  գործընթացը շարունակական է: 
Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Ժասմեն Դավթյանն իր ելույթում նշեց, որ դպրոցը պետության հիմքն է, իսկ ուսումնադաստիարակչական  աշխատանքների արդյունավետության ապահովման նախապայմաններից մեկը դպրոցական շենքն է` իր նյութատեխնիկական համապատասխան բազայով: ՙՄեր երկրի ազատությունն ու անկախությունը նվաճել ենք բազկի ուժով, եւ այն պետք է պահպանենք ուղեղով ու սրտով: Միայն ազգապահպան ծրագրերն ու պետական մտածողությունն է երկրի կայունության ու բարգավաճման հիմքը: Միայն սերնդի ճիշտ դաստիարակությամբ է կանխորոշվում երկրի ապագան՚,-ասաց Ժ. Դավթյանը։ 
Հուզիչ էր  վաղուհասցի զոհված ազատամարտիկ Գրիշա Մուրադյանի  քրոջ, աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետ Արմինե Մուրադյանի խոսքը։ ՙՀպարտությամբ եմ  մտնում այս դպրոցը, եւ կրկնապատկվում է հպարտությունս, երբ մտածում եմ, որ Վաղուհասի միջնակարգ դպրոցի շրջանավարտն եմ եղել, որ այս մտքի օրրանն է  ավարտել նաեւ իմ նահատակ եղբայրը, ով գրիչը փոխարինել է զենքով  եւ որի անունն այսօր կրում է այս դպրոցը: Մի մարդու անունով, ով հայրենիքի հարազատ  եզերքի բոլոր արժեքների կրողն է եղել, որ գնացել է գիտակցված մահվան հենց այս կրթօջախի ու Արցախ աշխարհի համար՚,-ասաց նա։ 
Նշենք, որ դպրոցն իր հարկի տակ է առնում նաեւ հարեւան Խնկավանի աշակերտությանը: 
Դպրոցաշինությունը պատերազմից հետո վերականգնվող Արցախի կարեւոր խնդիրներից է, որը   քայլ առ քայլ իր լուծումն է ստանում: 
 
 
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ  
ք. Մարտակերտ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.