[ARM]     [RUS]     [ENG]

ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի վրա

 

 

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նամակ է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն  Օդրի Ազուլեին` Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թիրախավորելու հարցով: 

«Ի պատասխան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման՝ ես ի թիվս մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային տարբեր կառույցների, նամակ եմ ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ–ի Գլխավոր տնօրենին՝ այս հեղինակավոր կառույցի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ցեղասպան ձեռագրի մշակութային բաղադրիչի վրա:

Ներկայացրել եմ այս օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի շրջանակներում Տիգրանակերտի հելլենիստական և վաղ միջնադարյան շրջանի հայկական մշակույթի կարևորագույն հուշարձանային համալիրի և հայկական ճարտարապետության գոհար՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց վանքի հրետակոծման փաստերը՝ իր բնօրրանում հայ ժողովրդի մշակութային հետքի ոչնչացման ցեղասպան քաղաքականության ընդհանուր շրջանակում, այդ թվում՝ անդրադառնալով հայկական քաղաքակրթական առանցքային արեալներից Նախիջանում հայկական մշակութային ժառանգության բնաջնջմանը»,- գրել է Հարությունյանը:

Միաժամանակ նույն Շուշիում մուսուլմանական մզկիթի վերակառուցման օրինակով նախարարը ցույց է տվել մշակութային արժեքների պաշտպանության առումով միանգամայն հակոտնյա իրավիճակը, որն առկա է ազատ Արցախի Հանրապետությունում:

«Մշակութային ժառանգության միտումնավոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է և ցեղասպան քաղաքականության դրսևորում: Կոչ եմ արել վճռականորեն և խստագույնս դատապարտել ադրբեջանական շարունակական ագրեսիան, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, մշակութային ցեղասպանությունը, որի զոհ կարող են դառնալ Արցախի Հանրապետության շուրջ 4 հազար հուշարձանները»,- գրել է Հարությունյանը: