[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ Կրթության գիտության և մշկույթի նախարարի նամակը (ՅՈՒՆԵՍԿՕ) ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ և ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Ն.Գ. ՏԻԿԻՆ ՕԴՐԻ ԱԶՈՒԼԵԻՆ

Հարգելի տիկին Ազուլե,

Ձերդ գերազանցություն.

 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հարձակվել են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց հայկական եկեղեցու վրա: Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները նկարահանում էին առաջին հարձակման հետևանքները: Արդյունքում եկեղեցին լրջորեն վնասվել է, վիրավորվել են երկու լրագրողներ և նրանց ուղեկցող անձը: Երկրորդ հարվածը կասկած չթողեց, որ հարձակումը դիտավորյալ էր:

Եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին և ընդգրկված է Արցախի Հանրապետության մշակութային և պատմական հուշարձանների ցուցակում: Այն Արցախի հոգևոր կենտրոնն է և ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը:
ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգությունը հանդիսացող պատմական հուշարձանների, արվեստի ստեղծագործությունների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված հարձակումն արգելված է պայմանագրային և սովորութային միջազգային մարդասիրական իրավունքով: Մշակութային հուշարձանների ոչնչացումը որպես ռազմական գործողությունների մաս պատերազմական հանցագործություն է:
Եկեղեցու վրա հարձակումը եզակի և պատահական դեպք չէ, այլ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մաս կազմող տարածված և կանոնավոր պրակտիկայի դրսևորում: Կան ծանրակշիռ ապացույցներ, որոնք վկայում են Բաքվի իշխանությունների կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայկական քաղաքակրթության բոլոր հետքերի կանխամտածված ոչնչացման մասին: Նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում գտնվող և հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնող շուրջ 11000 հուշարձաններ դարձել են Ադրբեջանի իշխանությունների բազմամյա համակարգված քաղաքականության թիրախը, որի նպատակն էր՝
•ոչնչացնել այդ հուշարձանների մասին գրառումները պաշտոնական հրատարակություններում, տեղեկատու գրքերում և ուղեցույցներում,
• կեղծել դրանց էթնո-մշակութային և կրոնական պատկանելիությունը,
• նպաստել դրանց կանխամտածված ոչնչացմանը,
• հայկական քրիստոնեական եկեղեցիները վերածել աշխարհիկ կամ մահմեդական կրոնական շենքերի,
• խոչընդոտել դրանց վերականգնմանը:
Նման քաղաքականությունը հանգեցրել է հարյուրավոր եկեղեցիների, մատուռների և գերեզմանատների ոչնչացման, որոնք հիմնականում գտնվում էին Արցախում և Նախիջևանում: Միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքում, որը գոյություն է ունեցել խորհրդային շրջանում և կազմում էր պատմական Հայաստանի Արցախ նահանգի միայն մի մասը, կար առնվազն 1700 պատմական և ճարտարապետական հուշարձան, ներառյալ՝ բերդեր, վանական համալիրներ, եկեղեցիներ և մատուռներ, կամուրջներ, պալատական շենքեր, խաչքարեր, ինչպես նաև պատերի և գերեզմանաքարերի ավելի քան 1000 արձանագրություններ՝ հին հայերեն լեզվով:
Օրինակ՝ 20-րդ դարի ընթացքում, հատկապես հայկական Նախիջևանը Խորհրդային Ադրբեջանի իրավասության տակ տեղափոխելուց հետո, իրականացվել է տարածաշրջանում հայկական հնագույն մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման քաղաքականություն: 1998–2005 թվականներին Ադրբեջանի իշխանությունները ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ ամբողջությամբ ավերել են Հին Ջուղայի գերեզմանատան ավելի քան 3000 միջնադարյան խաչքարերը: Գերեզմանատան տարածքը վերածվել է ռազմական հրաձգարանի: Գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, ներառյալ՝ լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի կողմից արված արբանյակային լուսանկարներ, որոնք պատկերում են խաչքարերի ոչնչացումը Հին Ջուղայում:
Մինչդեռ Արցախի տարածքում գտնվող մշակութային և պատմական հուշարձանների պահպանությունն ու օգտագործումը սահմանվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1999 թ. օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով: Այդ օրենքների կիրառման ամենավերջին օրինակներից է 2019 թ. հոկտեմբերին Շուշի քաղաքի Վերին մզկիթի վերականգնումը:
Ձերդ գերազանցություն, մենք հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և անձամբ Ձեզ՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ՝ վերջ տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացմանը, ինչը պատերազմ վարելու արգելված մեթոդ է: Հուսով ենք, որ ձեր կազմակերպությունը կաջակցի համաշխարհային կրոնական ժառանգության գլուխգործոց հանդիսացող մշակութային սեփականության պաշտպանության հարցում:
Հարգանքով
 
Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ