[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ` պատմական ժառանգության պաշտպանության համար

 

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հակամարտության ավարտից հետո պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգությունը պահպանելու հարցում եւ նախատեսում է այնտեղ մասնագետների խումբ ուղարկել: Այս մասին ասված է միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Օդեր Ազուլեի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«[Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ] հանդիպումների ընթացքում գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական աջակցություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ այժմ չէին կարողանում այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել, բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, կարող են կազմել ամենակարեւոր մշակութային արժեքների նախնական ցուցակը` տարածաշրջանի ժառանգությունն ավելի լավ պաշտպանելու համար, ասվում է հաղորդագրությունում:- ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ` այդպիսի առաքելության համար պայմաններ ստեղծելու համար: Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ բարձր մակարդակի խորհրդատվություններ են նախաձեռնվել»:

Միջազգային կազմակերպության ղեկավարը մանրամասնել է, որ նոյեմբերի 18-ին հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Նա նրանց հիշեցրել է մշակութային ժառանգության համընդհանուր բնույթի մասին, որն «անբաժան է ժողովուրդների ինքնությունից»: «Համաշխարհային հանրությունը պետք է պաշտպանի եւ պահպանի այն ապագա սերունդների համար»,- ասել է  Ազուլեն` հիշեցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձեւը, որը նախազգուշացնում է «ռազմական բախումների ընթացքում մշակութային ունեցվածքի ոչնչացման եւ թալանի մասին»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը նաեւ կրկնել է իր կոչը, որն առաջին անգամ հնչեցվել էր հոկտեմբերի 9-ին, «այս տարածաշրջանի ժառանգությունը պաշտպանելու» եւ պատմական տեղանքներին «ցանկացած լրացուցիչ վնաս կանխելու» անհրաժեշտության մասին: