«ԱՐՑԱԽՈՒՄ ՊԵՏՔ Է ԲՆԱԿՎԵԼ, ԱՇԽԱՏԵԼ ՀԵՆՑ ԱՅՍ ՕՐԵՐԻՆ»
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Արցախի խաթարված բնականոն կյանքը փորձում են վերականգնել թե՛ իշխանությունները, թե՛ անհատները` կիրառելով ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ: Փնտրտուքների մեջ է նաև «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի դպրոց գործուղված ռուսերեն լեզվի ուսուցիչ, Աբովյան քաղաքի բնակիչ Ռիտա Բաբայանը: Չնայած շրջանի դավադիր հանձնմանը՝ նա որոշել է շարունակել գործունեությունն այսօրվա Արցախում:
Երևանի պետական համալսարանի բանասիրության ռուսական ֆակուլտետն ավարտելուց հետո Ռիտան աշխատում էր զարգացման կենտրոնում, նախակրթարանում, «Գազպրոմ Արմենիա»֊-ի աշխատակիցների երեխաների համար գործող դպրոցում: Սակայն հոգեպես բավարարված չէր՝ ունենալով նպատակ ու երազանք աշխատել հենց Արցախ աշխարհում։
«Փնտրիր, և քեզ կտրվի»: Փնտրտուքները բացեցին «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի դռները, որին դիմել է Արցախ մեկնելու և այստեղ աշխատելու նպատակով։ Ռիտան մեծ երախտագիտությամբ է նշում, որ «Դասավանդիր, Հայաստան» -ի նախնական բոլոր փուլերի ընթացքում ձեռք է բերել բավականին հմտություններ մասնագիտական ոլորտում` շնորհիվ հիմնադրամի հմուտ մասնագետների:
«Դասավանդիր, Հայաստան»-ի ամառային ակադեմիայի և ամառային ճամբարից հետո պետք է ընտրվեր գործուղման շրջանը: «Միանշանակ՝ դա պետք է լիներ Արցախը, - խոստավանում է Ռիտան:- Որոշումն ընդունելուց հետո հոգիս խաղաղվեց: Հասկացա, որ այդ որոշման թթխմորը դրվել է իմ ամենաթանկ հարազատների արյամբ և թալիշցի տատիկիս շնորհիվ, ում հետ 2015թ. այցելեցի նրա պապական գյուղը: Տատիկի կարոտի զգացումը փոխանցվեց ինձ և արմատավորվեց սրտումս: Այն իմաստավորվեց, խորացավ, երբ ճանապարհին այցելեցինք Դադիվանքի վանական համալիր, որտեղ իտալացի վերականգնող-վարպետները մեծ խնամքով մաքրում-վերականգնում էին աղտոտված, գրեթե անտեսանելի որմնանկարները: Գյուղը, Դադիվանքը, գեղատեսիլ ճանապարհը երկար ժամանակ ինձ համար լիցքի, միաժամանակ մտորելու աղբյուր էին»,-հիշում է Ռիտան:
Նա մեծ ցավով է նշում, որ Այգեհովիտ գյուղ ուղևորումը տեղի ունեցավ միայն այս տարի: Հետաքրքիր ծրագրեր, գաղափարներ, նպատակներ ուներ, որոնք չհասցրեց իրականացնել դավադիր պատերազմի հետևանքով: «Ընդհանրապես, «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը իրականացնում է առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր` հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման: Նպատակն իրագործելու համար դասավանդվում է հենց մարզերի դպրոցներում: Կազմակերպվում են նաև արտադասարանական խմբակներ, համայնքային ազդեցության ծրագրեր: Այդ ծրագրերի միջոցով բացահայտվում է յուրաքանչյուր երեխայի ներուժը, և ճիշտ ուղղորդման դեպքում ակնկալում ենք ունենալ սոցիալական փոփոխություն»,-համոզված է նա:
Ռիտան համոզված է նաև, որ Արցախում պետք է բնակվել, աշխատել հենց այս օրերին, երբ երկիրը վիրավոր է: «Իմ այստեղ մնալու նպատակն է երեխաներին հնարավորինս շուտ հոգեբանական այս վիճակից հանելը, նրանց այլընտրանքային ուսումնառություն տալը` զարգացնելով առաջնորդական, նախաձեռնողական, վերլուծողական կարողությունները` պատրաստելով վաղվա օրվա համար մարտնչողի: Սրանում եմ տեսնում իմ առաքելությունը»:
Հավելենք, որ Ռիտան արդեն հանդիպել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանին, պատրաստակամություն հայտնել աշխատել մոտակա գյուղական դպրոցներում և իրագործել «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի ծրագիրը, ինչը ողջունվել է նախարարի կողմից:րակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: