[ARM]     [RUS]     [ENG]

Այս պատերը դարերին տանելու շատ բան ունեն

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Աշխարհում տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմների առանցքում եղել է մշակույթը,  որովհետև այնտեղ են զետեղված ազգային արժեքներն ու ժողովրդի ինքնությունը փաստող տարրերը:  

Եվ պատահական չէ , որ հին ժամանակներից մինչև  օրս պատերազմների ռազմավարության գլխավոր ուղղություններից մեկն էլ մշակույթն է: Քանի՜-քանի կռիվներ են մղվել, որոնց ընթացքում ոտնատակ են տրվել մշակութային կոթողներ, կրոնական տաճարներ և, առհասարակ, ողջ ժողովրդի ազգային արժեհամակարգը:

 Բնականաբար, քաղաքակիրթ աշխարհում սա համարվում է վանդալիզմի դրսևորում, մշակութային տեռոր: 

 2020թ. Արցախյան պատերազմը իրականության մաս դարձրեց նաև այդպիսի դրվագներ...

 Թշնամու թիրախում ամենուր հայկական ճարտարապետությունն էր, հայ ժողովրդի  գոյությունը փաստող այնպիսի վանքեր ու տաճարներ, որոնք մեր ինքնության վկայականներն են եղել  պատմության բոլոր ժամանակահատվածներում:

Ով գոնե մեկ անգամ եղել է Արցախի Մարտունի քաղաքում, հավատացած եմ, տեսել է քաղաքի սրտում վեր խոյացող  Թամանյանական ճարտարապետության գոհարը՝ Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատը: Ինչպես 90-ականներին,  այնպես էլ այս պատերազմում, հրթիռակոծվել է հայկական ճարտարապետության այս շքեղ  կառույցը, ինչպես ընդունված է ասել Մարտունեցիների կողմից՝ 《փոքրիկ օպերան》:

Շենքը Սովետական Միության ժառանգություն է. կառուցման աշխատանքներն սկսվել են 1968-ին և ավարտվել 1975-ին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1975թ. սեպտելբերի 5-ին, նախագծի հեղինակը` մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի որդին է` Գևորգ Թամանյանը, իսկ կառուցման աշխատանքները ղեկավարել է մարտունաբնակ, երջանկահիշատակ Ռոմիկ Դադալյանը: Մշակույթի տան ավագ աշխատակիցները,  ովքեր օջախը համարում են իրենց ընկերը, փաստում են,  որ բացման արարողությանը ներկա է եղել նաև հենց ինքը՝ Ալեքսանդր Թամանյանի որդին:

Մի քանի սերնդի հին ու լավ օրերի հիշողության զարկերակն է այս պալատը,  քանի՜-քանի սերունդներ են  մշակույթի մեջ իրենց առաջին քայլերն արել այստեղ, քանի՜-քանի տաղանդավոր հայորդիներ են աստղային ժամը սկսել այստեղ... չէ, առանց չափազանցեցնելու եմ ասում՝ այս շենք-հսկան շատ -շատերի կենսագրությունն է զարդարել: 

 Անկարող եմ բառերով ներկայացնել, թե ինչպես իրար հերթ չտալով, հարազատ օջախի մասին մեծ ակնածանքով են պատմում մշակույթի տան հին ու նոր աշխատողները, որոնց առավոտը սկսվում է այս պատերի ներսում և ավարտվում՝ վաղը նորից այդտեղ հայտնվելու սպասումով: Հիմա էլ, թեև վիրավոր է կառույցը, այնուամենայնիվ, աշխատողներն ամեն օր շտապում են այստեղ՝ կիսելու իրենց ցավը, հավաքելու կամարների տակի արկի բեկորներն ու սրբելու վնասված քարերի փոշին...

  Ասում են՝ ոչինչ, այս շենքը մեզ նման պինդ է, կդիմանա,  կապրի նորից, և մենք կրկին նրա հյուրընկալ դահլիճում միջոցառումներ կկազմակերպենք:

   Վերջաբան չեմ ցանկանում գրել,  որովհետև անհնար է ավարտին հասցնել մի նյութ, որտեղ ասելու դեռ շատ բան կան... Միայն ցանկանում եմ  նշել մշակույթի տան  երաժիշտ տղաների խնդրանքը.

-Եկեք պահենք այս հզոր կառույցը, նոր շունչ տանք նրան և չթողնենք , որ  հին օրերի վկան մեր աչքի առաջ քանդվի: Այս պատերը մեզնից  դարերին տանելու շատ բան ունեն: 

  

Հ.գ. Ես նույնպես միանում եմ տղաների կոչ-խնդրանքին որպես մարդ, ով իր առաջին աշխատանքային քայլերը սկսել է հենց այդ շենքից ...