[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԸ ՀԱՎԱՔՈՒՄ Է ՍԱՆԻԿՆԵՐԻՆ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

  Դեկտեմբերի 14-ից Մարտունու Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզում սկսվել են պարապմունքները: Չնայած հրետակոծությունից վնասված են տանիքն ու շենքի տարբեր հատվածները, պատուհաններն ու դռները, կարճ ժամանակահատվածում պատկան մարմիններն ու մանկապարտեզի անձնակազմն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս շուտ վերսկսվի մանկապարտեզի գործունեությունը, ինչին անհամբեր սպասում էին  ինչպես մանկապարտեզի անձնակազմը, այնպես էլ ծնողներն ու երեխաները: Այսօր այստեղ և՛ պարապմունքներ են անցկացվում, և՛  շինարարական աշխատանքներ իրականացվում:

Ինչպես տեղեկացնում է մանկապարտեզի տնօրեն Իրինա Ղուկասյանը, բարենպաստ բոլոր պայմաններն ապահովված են, այդ թվում՝ սնունդը, խմբասենյակների ջերմաստիճանը: 

Մինչ մարտական գործողությունների վերսկսելը մանկապարտեզ էր հաճախում 200 երեխա: Ներկա պահին նախակրթարան  հաճախող սաների թիվը հասնում է 80-ի: Այստեղ նաև հաճախում են տեղահանված ընտանիքների երեխաներ՝ 5 հոգի, որոնց հանդեպ առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվում: Հունվար ամսում սպասվում է հոսքի կրկնակի ավելացում, շատ ծնողներ  են տեղեկացրել իրենց երեխայի ներկայանալու մասին: