ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԴԱՍԱՊՐՈՑԵՍՆԵՐԸ
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
Դեկտեմբերի 22-ից վերսկսվել են Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ հոսքային դպրոցի դասապրոցեսները։ Ինչպես փոխանցում է դպրոցի փոխտնօրեն Ջուլիետտա Սարգսյանը, դեկտեմբերի 22-ի դրությամբ 540 աշակերտից դպրոց է հաճախում 350-ը։ Բացակայող աշակերտները դեռևս ՀՀ-ում են և արձակուրդներից հետո դպրոց կվերադառնան կիսամյակային գնահատականներով հանդերձ։
Պատերազմի ժամանակ վնասվել է դպրոցի նիստերի դահլիճը, մի քանի մասնագիտական կաբինետ, իսկ ուսումնական կորպուսից երկու դասարան վառվել է։
Դպրոցն աշխատում է արտակարգ ռեժիմով, որպեսզի դասապրոցեսներն անցկացվեն պատշաճ, փոխանցում է Սարգսյանը։
Նշեմ նաև, որ այս պահի դրությամբ արդեն գործում է քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 2 մանկապարտեզը, իսկ երկուշաբթի օրվանից իր դռները կբացի քաղաքի թիվ 1 մանկապարտեզը։ Հաստատության տնօրենի փոխանցմամբ՝ մանկապարտեզում այս պահին ընթանում են պատուհանների փոխման և ջեռուցման ապահովման աշխատանքներ, որոնք կավարտվեն այս շաբաթվա վերջին։
Նախադպրոցական և դպրոցական հաստատություններին զուգահեռ իր աշխատանքներն է սկսել Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցը, այս պահին մշակութային կրթօջախում ընթանում են աշակերտների ցուցակագրման և դասապրոցեսների համակարգված անցկացման կազմակերպչական աշխատանքներ։