[ARM]     [RUS]     [ENG]

''ԴԱՍԱՎԱՆԴԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆ''-Ը ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ''Դասավանդիր, Հայաստան'' կրթական հիմնադրամը պատերազմի օրերին Արցախի կրթական համակարգի կողքին էր և շարունակում է մնալ։ Սկսած 2017 թվականից այն առաքելություն է իրականացնում Արցախում, որի էությունը կարճ այսպես կարելի է բնութագրել. նորավարտ ուսանողներից ընտրում է լավագույններին, նրանց վերապատրաստում որպես մանկավարժներ և ըստ պահանջի գործուղում գյուղական բնակավայրեր, հիմնականում՝ հեռավոր, որտեղ նրանք իրականացնում են ինչպես կրթական, այնպես էլ համայնքային ծրագրեր։ Հիմնադրամի՝ Արցախի տարածաշրջանի տնօրեն Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆի տեղեկատվութամբ, մինչև պատերազմը  հիմնադրամը 28 գործընկեր դպրոց ուներ Արցախում, որոնց մեծ մասը տեղակայված էր  Քաշաթաղի շրջանում։ Այսօր դրանցից մնացել է 10-ը. Չարեքտար, Աղավնո, Բերձոր, Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն համայնքներում և Ծմակահողում, Շահմասուրում, Բերդաշենում, Մաղավուզում, Ստեփանակերտում՝ հ. 12 դպրոցը։ Վերջին հինգում ''Դասավանդիր''-ի ուսուցիչներն այսօր էլ աշխատում են։  Հիմնադրամի Արցախում տեղակայված նախկին ուսուցիչներից 6-7 հոգի ցանկություն են հայտնել նորից  այստեղ աշխատել։

Պատերազմի ժամանակ, երբ  Արցախի երեխաները տեղահանվել և ապաստանել էին Հայաստանում, ''Դասավանդիր''-ը գնացել էր նրանց հետքերով.  Դիլիջան, Հրազդանª որտեղ մեծ թվով արցախցի երեխաներ կային։ Ուսուցիչների համար հիմնադրամը տներ էր վարձակալել։ ''Դա մենք անվանել էինք արտակարգ դրության կրթություն'',-ասաց Ա. Հովհաննիսյանը։ Այդ շրջանակում ''Դասավանդիր''-ը շուրջ 500 երեխայի հետ աշխատել է։ Դրան զուգահեռ` 140 ընտանիքի, որտեղ 2-3 դպրոցահասակ երեխա կար, բաժանել է պլանշետներ։ ''Մի  խոսքով, այդ ընթացքում ընդհանուր շուրջ 1000 հոգու հետ աշխատել ենք։ Մենք փորձել ենք ադապտացվել, ճկուն լինել և մեր օգտակարությունը շարունակել'',-ասաց տնօրենը։

Ա. Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ արտակարգ կրթությունն իրենից ներկայացնում էր տնայցեր, սոցիալ-հուզական աջակցություն, ֆիզիկական ակտիվություն, առարկայական դասապատրաստում և այլն։ Նպատակն էրª երեխաներին հանել սթրեսային վիճակից, այնուհետև կամաց-կամաց նրանց հասցնել իրենց առարկայական ծրագրին, հավասարեցնել մյուսներին։

Տարածաշրջանային տնօրենը համընդհանուր մեթոդի կիրառման մասին խոսեց, որը կոչվում է փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն և որի կապակցությամբ մինչ պատերազմը պատրաստվում էին հուշագիր կնքել ԿԳՄ նախարարության հետ։ Դրա էությունը հետևյալն է. դասարանում ձևավորվում է 5-6 հոգանոց խումբ, որն ընտրում է մի մեծ գաղափար, ենթադրենք կենսաբանություն առարկայից՝ ՛՛Գլոբալ տաքացում՛՛-ը և սկսում հետազոտություններ անել՝ տարբեր հարցումներ անելով համցանցով, այլ դպրոցների մասնագետների հետ /պլանշետները հենց այդ նպատակով են տրվել աշակերտներին/, թե ինչի հետևանք է գլոբալ տաքացումը, ինքը ինչով է նպաստում դրան, ինչով կարող է կանգնեցնել։ Գաղափարը համայնքային ծրագիր է դառնում« և սկսում են իրագործել։ Այդ առաջարկն ունի իր գնահատման գործիքները։ ՛՛Դասավանդիր՛՛-ի  գնահատող հանձնաժողովը  լավագույն առաջարկներն ընտրում և ֆինանսավորում է։ Նույնատիպ բան Շահմասուրում կար, որն այդ ծրագրով կարողացել էր համակարգիչներ ձեռք բերել և պատրաստվում էր վերապատրաստման կենտրոն ստեղծել։ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ դպրոցում գույքը պահպանվել է, գումարի մի մասն էլ կա, և նրանք կարող են շարունակել։ Ի դեպ, ծրագրով հետաքրքրվողները կարող են պայմանների մասին փաթեթը ստանալ էլեկտրոնային տարբերակով։ 

Հունվարի վերջին ՛՛Դասավանդիր՛՛-ը նախատեսում է ևս 400  պլանշետ նվիրաբերել ԱՀ ԿԳՄՍ նախարարությանը։ Նախարարը ներկայացրել է այն աշակերտների ցուցակը, որոնց պատրաստվում են տալ։  Մեծ շեն, Հին շեն և Լիսագորի  դպրոցների բոլոր աշակերտների համար նախատեսված են։ Դրանք պետք է օգտագործվեն ինչպես օնլայն կրթության, այնպես էլ փոփոխությունների  վրա  հիմնված  ուսումնառություն իրականացնելու համար։ Պլանշետները լինելու են արկղերի մեջ, որոնցում լինելու են նաև փոփոխությունների  վրա  հիմնված  ուսումնառություն իրականացնելու համար անհրաժեշտ պիտույքները։ Մեկ պլանշետը նախատեսված է վերը նշված 5 հոգանոց խմբով օգտագործելու համար։ Դրանց մեջ արդեն ներբեռնած են փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության նյութերը և անգամ ինտերնետ չլինելու դեպքում  աշակերտը կարող է այդ ուսումնառությունն իրականացնել։

՛՛Դասավանդիր՛՛-ը նպատակ ունի այս ուսումնականում հիմնել բնագիտական կենտրոն  և բնագիտական առարկաների գործընկերային ուսուցչական ողջ ներուժն ուղղել դրան։ Ա. Հովհաննիսյանը հավելեց, որ  ինչպես աշակերտներին, այնպես էլ տեղահանված ուսուցիչներին  են ներգրավելու։ Արդեն ունեն այդպիսի 13 ուսուցիչ, ովքեր ներգրավված են արտակարգ դրության կրթության մեջ։

Բնագիտականը կարևորելու առումով նա նշեց, որ ավարտական կուրսերի բարձր առաջադիմությամբ այն ուսանողները, ովքեր կցանկանան հետագայում դիմել ՛՛Դասավանդիր՛՛-ին և նրա ծրագրով դասավանդել, հիմնադրամը պատրաստ է  ուսման վարձը փոխհատուցել։

՛՛Դասավանդիր՛՛-ի տարածաշրջանային ղեկավարն հետագայում այսպես է պատկերացնում իրենց  աշխատանքը. ենթադրելով, որ ազատ տներ չեն լինի, որպեսզի իրենց մասնագետներին տեղավորեն, մտադիր են ընտրել 5 ռազմավարական  վայրեր և  իրենց միջոցներով պատրաստել արագ կառուցվող տներ ու տրամադրել մասնագետներին։