ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՄՇԱԿԸ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ժամանակի մարտահրավերներն ու տրամադրությունները երբեմն ստվերում են հոգևորն ու մշակութայինը, ու կամքիցդ անկախ մոռացության ես մատնում կյանքիդ լավագույն ու անդավաճան ընկերոջը՝ ՙԳրքին՚՝ կենսաթրթիռ ու ապրեցնող տողին, ժողովրդիդ ու ազգիդ ճշմարիտ ճանապարհի կենդանի վկայագրերին...
Տարատեսակ ու իրարամերժ զգացումներով, երևույթները նոր լույսի տակ ծանրութեթև անելով, թերթեցի Դավիթ Միքայելյանի ՙՀնի ու նորի տիրույթում ՚նորահրատակ գիրքը՝ հատկապես և մասնավորապես, երբ հնի տիրույթում նոր իրողություններով պայմանավորված էջեր են փակվել... Դժվար ձեռք բերվածն ու տասնամյակներով փայփայածը ցավալիորեն կորցրել ենք։
ՙՀնի ու նորի տիրույթում՚ ժողովածուն բանաստեղծ, լրագրող Դավիթ Միքայելյանի տարիների վավերագրերն են՝ հոդվածի, ակնարկի, դիմանկարի, էսսեի, գրախոսության, հարցազրույցի, հուշապատումների տեսքով։ Գրքում նոր լույսի տակ, նոր մոտեցումներով ու հեղինակային, նրբահյուս բացահայտումներով կերպավորվում են ինչպես Արցախն իր առօրյայով, այնպես էլ արցախցիներն իրենց պարզ ու շիտակ էությամբ, զտարյուն, հոգեմտավոր, հարափոփոխ իր նկարագրով, իր տագնապներով ու մտահոգություններով։
ՙՈգու մերան՚, ՙԳրողի դերը պետականության կայացման գործում՚, ՙՎրձնահարվածներ՝ հնի ու նորի համադրմամբ՚՚, ՙԿործանումից փրկենք հոգևոր-մշակութային արժեքները՚, ՙՀուշապատում՚, ՙՎկայագրեր՝ երգի ու երաժշտության լեզվով՚, ՙԶրույցներ գրականության մասին՚, ՙԱղոթքի զանգեր՚ և այլ խոսուն բաժիններում հեղինակը խոսքի զորությամբ կերպավորում է իր հերոսներին ու նրանց միջոցով ոգի ու շունչ ներարկում շրջապատող երևույթներին։ ՙՈգու մերան՚ բաժնի նրա հերոսներն Արցախյան շարժման առաջամարտիկներն են, որոնք խոսքի ծիրում իրական ու շոշափելի կերպարով և վարքագծով մնայուն ու սիրելի են դառնում, իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ արժևորում են մեր նորօրյա պատմության ընթացքն ու նրա անկասելի երթը։ Ընթերցողն իրեն ծանոթ ու հարազատ շատ դեմքերի և անհատների կհանդիպի գրքի էջերում, իր համար նոր կողմերից կբացահայտի նրանց արածն ու թողածը։ ՙԹոնրահացի բույրը մոր կանչ է հիշեցնում՚ ակնարկում Դ. Միքայելյանը վրձնել է հայրենի գյուղի ՙդիմանկարը՚, վրձնել է իր հոգու կուտակ գույների այն բազմերանգներով, որոնք միայն իրեն են հասու և որտեղից թեժ թոնրի շուրթից պոկվող թոնրահացի բույրը մայրական կանչի պես է... Որտեղ հանդվորները իրիկնադեմին են տուն գալիս, որտեղ տասնյակ հեկտարներով հացահատիկայիններ են մշակվում, պտղատու այգիներ հիմնվում, և, ի տարբերություն առանձին բնակավայրերի՝ Այգեստանից ոչ մի ընտանիք գյուղից չի հեռացել, ընդհակառակը, երբեմնի տեղափոխվածներից շատ-շատերը կրկին ծննդավայր են վերադարձել ու ամուր կպել արմատներին։ Ժողովածուի հուշապատում շարքում Արցախ ուխտագնացության եկող մեր մեծերն են, որոնց համար Երկիրը, Տերերը ՙՄեծով ու փոքրով միասնական վճիռ են կայացրել և զորեղ կամք ունեն։ Իսկ նման պարագայում Արցախը չի կարող պարտվել՚ (Սիլվա Կապուտիկյան)։
Դավիթ Միքայելյանի ՙՀուշապատման՚ հերոսները ոչ միայն Հրաչյա Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանն ու գրական անդաստանի մեծամայր Մարո Մարգարյանն են, այլև, նրա իսկ բնութագրմամբ, Արցախյան գրական ընտանիքի մերանը՝ Հրաչյա Բեգլարյանը, ում հետ կապված քաղցր ու անանց հիշողություններն են մխիթարում... Արժանապատիվ կեցվածքով, մինչև ուղնուծուծը հայրենասեր բանաստեղծը, ով հեռացավ կյանքից թողնելով անսահման լույս ու ժպիտ, իր անսահման բարությամբ հանդերձ՝ անմոռանալի շանթ ու կրակ ղարաբաղցին...
Իր ՙՎրձնահարվածներ՚-ում հեղինակը կերտում է գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի գունեղ կերպարը, ունկնդրում Կիմ Բակշիի վերջին ցանկությանը, ակնդրում ՙԾագումով հայեր՚ հեռուստանախագծի հերոսներին՝ Արցախում։ Ինչի մասին էլ որ գրում ու պատմում է Դ. Միքայելյանը, տողատակերին ու տողախորքերում շեշտվում ու ընդգծվում են հոգևոր-պատմամշակութային արժեքներն ու նրանց հավերժ–հավերժականությունը։
ՙՀնի ու նորի տիրույթում՚ ժողովածուն, հիրավի, հեղինակի ՙՈգու մերան՚՚-նն է, որով ամբողջացվել են հնի ու նորի տիրույթները...