[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱԴՐՈՒԹԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԸ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի հետևանքով Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշիի շրջանի մեծ մասը, Մարտունու և Ասկերանի շրջանների որոշ հատվածներ մնացել են թշնամու հսկողության տակ: Բազմաթիվ մշակութային հիմնարկներ, կրթական հաստատություններ, պատմամշակութային հուշարձաններ` արգելոցներ, վանական համալիրներ, եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, բերդեր ևս մնացել են հակառակորդի հսկողության տակ: Ինչպիսի՞ն կլինի մեր այս հարուստ ժառանգության ճակատագիրը: Բոլորիս մտահոգող այս հարցով դիմել ենք ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանին` պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

- Տիկին Ղարախանյան, որքան տեղյակ ենք, Շուշիի և Հադրութի որոշ կրթական, մշակութային հաստատություններ, չնայած զրկվել են իրենց մշտական տեղակայման վայրից, շարունակում են իրենց գործունեությունը` մնալով պետության հովանավորության ներքո:
Խնդրում եմ պարզաբանեք` ո՞ր հաստատությունների մասին է խոսքը և ինչպե՞ս կիրականացվի հովանավորությունը:
-Պատերազմի ընթացքում և պատերազմից անմիջապես հետո մեզ դիմել են Սփյուռքում գործող տարբեր կազմակերպություններ, գործընկերներ և առաջարկել իրենց աջակցությունը: Առաջարկել եմ աջակցել մեր արվեստի դպրոցներին, որպեսզի նրանք շարունակեն իրենց գործունեությունը: Օրինակ, Տողի արվեստի դպրոցը շարունակում է իր գործունեությունը, պարզաապես այլ գյուղական միջավայրում: Այժմ դպրոցի դասատուները դասավանդում են Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Այգեստան, Խնածախ և Մարտակերտի շրջանի Առաջաձոր, Ծմակահող գյուղերում: Շուշիի կրթական հաստատություններից տեխնոլոգիական ինստիտուտը և հումանիտար քոլեջը հնարավորություն ունեցան շարունակել գործունեությունը:
Մեզ օգնության ձեռք է մեկնել Երևանի ՙԵրաժշտություն հանուն ապագայի՚ հիմնադրամը, որին խնդրել ենք երաժշտական գործիքների պակասը լրացնել, քանի որ նշված արվեստի դպրոցները կորցրել են ամբողջ գույքը: Նաև երեխաներից շատերն են մնացել առանց երաժշտական գործիքների: Մոտ ապագայում մենք կստանանք համապատասխան գործիքները, և երեխաները հնարավորություն կունենան շարունակել կրթությունը: Բոլոր այդ մշակութային օջախների անվանումները կպահպանվեն: Նաև շենքային պայմաններ ենք հայթայթում, որպեսզի Շուշիի, Հադրութի արվեստի դպրոցները հնարավորություն ունենան շարունակել իրենց գործունեությունը:
-Այսինքն, այդ հաստատությունները դեռ չե՞ն աշխատում:
-Դեռ ոչ: Այս փուլում տեղի է ունենում դասավանդողների, աշակերտների հաշվառման բազայի ստեղծման գործընթացը:
-Իսկ Շուշիի, Հադրութի պատմամշակութային ժառանգության ճակատագիրը ինչպիսի՞ն կլինի:
-Ցավոք, Հադրութի շրջանի թանգարաններում` Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը, Ազոխի քարանձավները, Տողի մելիքական ապարանքը, հատկապես` Մեծ Թաղերի Խանփերյանցի անվան թանգարանում շատ արժեքավոր իրեր, նմուշներ մնացին թշնամուն: Մնացին Գտչավանքը, Օխտը տռնե եկեղեցին, Ծաղկավանքը, Սպիտակ Խաչ եկեղեցին և շատ-շատ հոգևոր կառույցներ: Նույն իրավիճակում են գտնվում Շուշիի թանգարանները, Ասկերանի, Մարտունու շրջանների թշնամու տիրապետության տակ հայտնված գյուղերի եկեղեցիները, այլ հուշարձաններ: Աշխարհն անարդար է: Հանցավոր անտարբերության պատճառով չենք կարողանում այդ թանգարաններից հանել արժեքավոր իրերը: Կարծում եմ, կործանարար ճակատագիր է սպասվում թշնամու տարածք անցած այդ մշակութային, հոգևոր ժառանգությանը: Առաջիկայում UNESCO-ի առաքելության խումբն է ժամանելու Արցախ` ուսումնասիրելու այդ տարածքներում հայտնված հուշարձանները: Քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի այդ ժառանգությունը գոնե միջնորդավորված ձևով մեր հսկողության տակ լինի: Այդ հուշարձանների ցանկն արդեն հստակեցված է` թե՜ լուսանկարների և թե՜ փաստաթղթերի տեսքով: Բոլոր հնարավոր միջոցների ենք դիմելու այդ հուշարձանների նախնական տեսքը պահպանելու նպատակով:
-Իսկ որևէ թանգարանից ինչ-որ գույք տարհանե՞լ եք:
-Այո, Շուշիի հին գորգերի թանգարանի ցուցասրահի գորգերը տարհանվել են, Ծիծեռնավանքի խաչքարերն ենք տարհանել, բայց, ցավոք, նույն գորգերի թանգարանի պահուստը մնացել է այնտեղ: Շուշիում են մնացել Շուշիի Երկրաբանական, Պատմաերկրագիտական, Գեղարվեստի թանգարանների արժեքավոր նմուշները, գործերը:
-Իսկ տարհանման հարցերով դիմե՞լ եք ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարությանը:
-Մենք ամենաբարձր մակարդակով դիմել ենք միջազգային համապատասխան ատյաններին: ՄԱԿ-ի մշակույթի, կրթության, գիտության հարցերով զեկուցող Օդրիա Զուլեին դիմելուց բացի, աջակցություն ենք խնդրել նաև Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարությունից, դիմել ենք Ռուսաստանի դեսպանատանը: Ոչ մեկը չօգնեց: Միջազգային հանրությունն էլ, ինչպես նշեցի, լուռ է: Խաղաղապահների հրամանատարությանն էլ ենք դիմել: Անցել է արդեն 2 ամիս, բայց մեզ ասում են` սպասեք: Հույսներս չենք կորցնում: Կարծում եմ, զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելուց հետո կկարողանանք սկսել մշակութային ժառանգության տարհանման գարծընթացը: