[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐՊԵՍ ՊԱՐՏՔԻ ԶԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԱՐՈՅԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ...

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Դեռևս 2017 թվականին Արցախի գիտական կենտրոնում մտահղացվել է բացառիկ մի նախագիծ. պատրաստել և հրատարակել գրքերի շարք՝ ծնունդով Արցախից հայտնի մարդկանց մասին։ Նախատեսվում էր դրանցում ընդգրկել երկրամասի պատմական շրջաններից սերված բոլոր անվանի գործիչներին։

Նախագծի համաձայն՝ 2020թ. օգոստոսին՝ Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի երաշխավորմամբ, լույս է տեսել ՙԱրցախցի անվանի գործիչներ՚ գրքի 1-ին մասը, որը նվիրված է ՙաշխարհի տերերի՚ քաղաքական կոմբինացիաների հետևանքով 20-րդ դարի սկզբին Հայաստանից, այնուհետև նաև Արցախ-Ղարաբաղից պոկված Հյուսիսային Արցախի՝ Գյուլիստանի և կից հայկական պատմական շրջանների հայտնի մարդկանց (ռազմական, հասարակական-քաղաքական, գիտության, արվեստի և սպորտի գործիչներ)։ Գիրքը կազմել են Կենտրոնի գիտաշխատողներ Ստեփան Դադայանը (ղեկավար), Լիանա Միրզոյանը և Նարինե Ավագիմյանը։
Ինչպես տեղեկացրեց Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը՝ ներկայում տպագրության է ներկայացված ՙԱրցախցի անվանի գործիչներ՚ գրքի 2-րդ մասը. այն նվիրված է հիմնականում ԱՀ Մարտակերտի շրջանին։ Կենտրոնի տնօրենի խոսքով՝ նման ժողովածուի լույս ընծայումը Արցախի գիտական կենտրոնի համար որպես պարտքի զգացում ու բարոյաքաղաքական անհրաժեշտություն է։ ՙԶրկվելով աշխարհով մեկ սփռված զավակներ ունեցող Արցախի հայկական բնակավայրերից, Հայաստանը կորցրեց մի օջախ, որը ծնունդ է տվել մեծանուն մարդկանց, և որոնցից շատերն, իրավամբ, համարվում են հայ ազգի հպարտությունը՚։ Որպես խնդրանք ընթերցողներին՝ նա ասաց. ՙՀնարավոր է լինեն բացթողումներ, ու եթե կլինեն չհիշատակված նոր անուններ՝ կոչ ենք անում դրանք ներկայացնել Գիտական կենտրոնին՚։
Հավելենք, որ հետագայում լույս կընծայվեն բոլոր շրջանների անվանի գործիչներին նվիրված նմանատիպ գրքեր։ Այդ առումով Կենտրոնում ստեղծված աշխատանքային խումբը հաճախ է լինում հանրապետության տարբեր շրջաններում։ ՙԱյդ մարդկանց մասին գրելն ու նրանց հիշատակը վառ պահելը հատկապես կարևոր է այսօր, երբ հայությունը լծվել է Հայրենիքի վերածննդի գործին։ Ղարաբաղի շատ զավակներ հայրենի եզերքից հեռու են արարել, որոնց անունները տարբեր պատճառներով հայտնի չէին հանրության լայն շրջանակներին։ Բայց որտեղ էլ որ նրանք արարել են, անջնջելի հետք են թողել՝ որպես խոշոր մասնագետ, գիտնական կամ արտադրության կազմակերպիչ։ Նրանք երբևէ չէին էլ պատկերացրել, որ կարող է փլուզվել Սովետական Միություն կոչվող խոշոր երկիրը, և հպարտ էին, որ ղարաբաղցի են... Ազգի հարատևման բարոյական հիմքը եղել է և կմնա հիշողությունը՝ հարազատ ժողովրդի պատմությունը կերտող մարդկանց հանդեպ՚,- ասաց Ստեփան Դադայանը։
Համոզված ենք՝ ՙԱրցախցի անվանի գործիչներ՚ գրքի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ մասը բազմաթիվ ընթերցողներ կունենա և կհետաքրքրի շատերին՝ թե՜ Արցախում, թե՜ Հայաստանում։