ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հունվարի 26-ին տեղի է ունեցել Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի նոր՝ ընդլայնված կազմով անդրանիկ նիստը, որին ներկա էր ԱՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության գիտության գծով փոխնախարար Հասմիկ Մինասյանը։
Նիստը վարում էր ԱՀ գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը։
Շնորհավորելով գիտխորհրդի նոր անդամներին՝ տնօրենն անդրադարձավ երկրում ստեղծված ծանր իրավիճակին։ ՙՄեր կամքից անկախ հայտնվել ենք նման իրավիճակում, բայց մեր աշխատանքով պետք է ամեն ինչ անենք, որ նպաստենք մի բուռ դարձած երկրի վերականգնմանն ու զարգացմանը՚,- ասաց Ա. Սարգսյանը։
Օրակարգում ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ֆինանսավորվող թեմաների ամփոփիչ հաշվետվություններն էին։ Նիստի մասնակիցներին ներկայացվեց ութ հաշվետվություն։
Առաջինը ելույթ ունեցավ ՙԱՀ պատմությունը 1991-2020թթ.՚ թեմայի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանը։ Նրա խոսքով՝ թեման կատարողները արխիվային նյութերի, պարբերական մամուլի, հրապարակի վրա գտնվող աշխատությունների, իրադարձությունների մասնակիցների թողած հուշերի հիման վրա ուսումնասիրել են 1988 թվականից առ այսօր արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և պետականության վերակերտման անընդհատ շղթան՝ վեր հանելով ամբողջ գործընթացի տարբեր շրջափուլերը բնութագրող իրողությունները` բացահայտելով քննության նյութ դարձած ժամնակաշրջանում ազգային, քաղաքական, ռազմական ու պետական գործիչների դերը համազգային կարևորագույն խնդիների լուծման և ազգային պետականության կերտման գործում։
Ըստ բանախոսի՝ հավաքագրված նյութերը համակարգվել ու շարադրվել են։ Ներկա պահին այն գտնվում է համակարգչային շարվածքի գործընթացում։ Այդ ամենն ավարտելուց հետո աշխատանքը հովանավորների միջոցով կհրատարակվի մենագրության տեսքով։ Աշխատանքը հետագայում կթարգմանվի տարբեր լեզուներով և իր նպաստը կունենա Արցախը միջազգային հանրությանը ներկայացնելու գործում ու կխթանի զբոսաշրջության զարգացմանը։
Հեղինակներն անդրադարձել են նաև երկրի ներքին ու արտաքին քաղաքական ասպարեզում թույլ տված սխալներին, որոնք կործանարար հետևանքներ են ունեցել Արցախի Հանրապետության համար։
Ի գիտություն գիտխորհրդի անդամների, Վ.Բալայանն ասաց, որ պատրաստել է նաև մի աշխատություն՝ ՙԺողովրդագրական գործընթացները Շուշիում՝ հնադարից մինչև մեր օրերը՚։ Շուտով այն լույս կտեսնի նաև անգլերեն լեզվով։ Բացի այդ, ըստ բանախոսի, նախարարությունը նույնպես նպատակ ունի սույն աշխատությունը տպագրել առանձին գրքով։
Իր խոսքում ՙԱրցախի ազգագրության գրառման և ուսումնասիրության պատմություն և մատենագիտություն՚ թեմայի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը նշեց, որ թեման, ընդհանուր առմամբ, ամփոփում է Արցախի ժողովրդագիտությունը, որն իր մեջ ներառում է մի շարք բնագավառներ, այդ թվում՝ բանահյուսություն, ազգագրություն, բարբառագիտություն, հնագիտություն և պատմություն։ Աշխատանքն ավարտված է և պատրաստ տպագրության։ Բանախոսը հանգամանալից ներկայացրեց թեմայի շրջանակներում իրականցված աշխատանքները։ Հատկապես նշվեց ազգագրության բնագավառում՝ բազմաթիվ արխիվներում կատարված ուսումնասիրությունների մասին (19-րդ դարի 2-րդ կեսից մինչև մեր օրերը)։
Ա. Սարգսյանի խոսքով՝ ուսումնասիրությանը զուգընթաց՝ կազմվել է աշխատանքների մատենագիտական ցանկը՝ յուրաքանչյուրի դիմաց ամփոփ ներկայացնելով բովանդակությունը:
Ելույթ ունեցողները պատասխանել են գիտխորհրդի անդամների հարցերին։
;