ԽՆԴԻՐԸ ԴՊՐՈՑԸ ՀԶՈՐԱՑՆԵԼՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Փետրվարի 22-ին Արցախում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը ոլորտային մի շարք հանդիպումներ է անցկացրել մասնագետների հետ:
Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ.1 հիմնական դպրոցում կայացած հանդիպումը ՀՀ և ԱՀ ԿԳՄՍ նախարարների մասնակցությամբ հանրակրթության աշխատողների հետ էր: Ներկա էին մայրաքաղաքի և շրջանների կրթական համակարգի պատասխանատուները:
Հանդիպումը բացեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Նա իր երախտագիտությունը հայտնեց հայաստանյան գործընկեր գերատեսչությանը 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի երեխաների կրթական կարիքները բավարարելու համար: Այս պահին էլ 4000-ից ավելի արցախցի երեխաներ դեռ Հայաստանի մարզերում են և ընդգրկված են դպրոցներում ու մանկապարտեզներում:
Լ. Ղարախանյանն այնուհետև ներկայացրեց նախարարության առաջիկա ծրագրերը: Նշեց, որ պատերազմը ստիպել է որոշ սրբագրումներ կատարել ռազմավարական ծրագրերում և նոր առաջնահերթություններ կարևորել: Առաջիկայում ԱՀ կառավարություն կներկայացվի երկարօրյա դպրոցի ծրագիրը: Կարգը մշակված է, մասնագետների վերապատրաստումն ակնկալվում է հայաստանյան մասնագետների կողմից: Ծրագիրը բխում է ՙԿրթության մասին՚ ԱՀ օրենքից` որպես անձի համակողմանի զարգացման բաղադրիչ, բայց այն նաև Արցախի ընտանիքների սոցիալ-տնտեսական խնդիրներն է լուծելու: Դասապատրաստող ուսուցիչները գերազանցապես լինելու են տեղահանված դպրոցների աշխատողները: Այստեղ ապրելը պետք է դառնա գրավիչ և ապագայի նկատմամբ հավատ ներշնչող: Ծրագիրն իրականացվելու է պիլոտային ձևով: Սեպտեմբերի 1-ից մեկնարկելու է գյուղական 20 դպրոցներում:
Նոր ծրագրերի շարքից է նաև ՙԱրմաթ՚ ինժեներական լաբորատորիաների բացումը: Մինչև տարվա վերջ նախատեսվում է ևս 14-15 ՙԱրմաթ՚: Կբացվեն նաև ԱԹՍ-ների` ավիաինժեներական լաբորատորիաներ, նախատեսվում են տեխնոպարկեր:
Բոլոր դպրոցներում կներդրվեն անվտանգության համակարգեր:
Մարտ ամսից կսկսվի հոգեբանական աջակցության մեծ ծրագիր, որի շահառուներն են լինելու նախադպրոցահասակ և դպրոցահասակ երեխաները, ուսուցիչները:
Ռազմահայրենասիրության ուղղությամբ դպրոցներում կիրականացվեն կրակային պատրաստության դասընթացներ: Հ. 12 դպրոցում կբացվի բարձր մակարդակի հրաձգարան: Բոլոր դպրոցները կունենան օդամղիչ հրացաններ:
Կանցկացվեն ուսուցիչների ինտենսիվ վերապատրաստումներ, նաև` տնօրենների, մեթոդմիավորումների նախագահների:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ եկել են հաստատելու պատրաստականությունը միասին առաջ գնալու: Կրկնեց ՀՀ Ազգային ժողովում մի քանի օր առաջ ՙԳիտությունը և անվտանգությունը՚ խորագրով լսումների ժամանակ իր արտահայտած թեզը` իրական անվտանգությունը սկսվում է կրթությունից: ՙՄենք պետք է անվտանգային համակարգ ստեղծենք մեր ուղեղով, գաղափարախոսությամբ, մտածելակերպով, լավ դիվանագիտությամբ, ճիշտ հարաբերվելու արվեստով՚,-ասաց նա:
Հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևով:
Հարցերից մեկը Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին խոսակցության օրերին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի համացանցում տարածված տեսակետին էր վերաբերում և նրա պարզաբանմանը: Այդ կապակցությամբ վերջինս ասաց. ՙԽոսքը վերաբերում է շուրջ տասը տարի առաջ եղած մի տեսանյութի, որը արվել է կոնկրետ իրավիճակում, և կոնկրետ կոնտեքստում: Մասնավորապես վերաբերել է ոչ թե Գարեգին Նժդեհի անձին, նրա գործունեությանը և նրա մեծ ավանդին մեր պատմության մեջ, այլ նրան, թե ինչպես են ոմանք վարվում նրա թողած գաղափարների հետ, ինչպես են մանիպուլացնում և դարձնում դրոշակ` իրականում ծածկելու հայրենիքը քանդող այն գործունեությունը, որը միշտ կարելի է ծածկել գեղեցիկ խոսքերի ետևում: Կրթության առաքելությունն է ցույց տալ այն ճանապարհը, որով մենք կարող ենք տարբերել ճիշտը ստից և չտրվել ստին: Այդ պատճառով էլ նոր չափորոշիչները, որ մենք հաստատում ենք, սահմանում է նաև մեդիագրագիտությունը և թվային գրագիտությունը` որպես ամենակարևոր խնդիրներից մեկը: Մեր խնդիրն է հզորացնել մեր դպրոցը, որովհետև այն խնդիրները, որ մենք այսօր տեսանք, ցավոք, նաև մեր կրթական համակարգի խնդիրներն են՚:
Վ. Դումանյանը, Լ. Ղարախամյանը և Ժ. Անդրեասյանը պատասխանեցին ներկաների հնչեցրած մյուս հարցերին, որոնք վերաբերում էին կրթական չափորոշիչներին, ուսուցիչների աշխատավարձին, դրույքաչափին և այլնին:
Հաջորդ հանդիպումը Արցախի պետական համալսարանում էր: