ՈԼՈՐՏԻՆ ՄԻՏՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է ԱՀ սպորտի գործիչների և ոլորտի պատասխանատուների հետ։ Հանդիպման նպատակը Արցախում հաշմանդամային սպորտին և դրա հետ կապված հոգեբանական պատրաստականությանը, ինչպես նաև տարաբնույթ մարզական միջոցառումներին առնչվող հարցերի քննարկումն էր։ Ներկա էր ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Աշոտ Դանիելյանը։
Ողջույնի խոսքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ եկել է կոնկրետ նախագծով ու առաջարկներով։ Նրանք, ովքեր ունեն օլիմպիական վարկանիշ և մոտ են ոլորտին, մինչև օլիմպիական խաղերը հոգեբանական գործընթաց պիտի անցնեն։ Փոխնախարարի իրազեկմամբ՝ առաջին ծրագրի մեկնարկը կտրվի ընթացիկ տարվա մարտի 5-ին։
Հոգեբանական 2-րդ խոշոր ծրագիրը, որ կմեկնարկի մայիսի սկզբներին, նաև սոցիալական բնույթ կկրի։ Այն հնարավորություն կտա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած երիտասարդներին զբաղվել տարբեր մարզաձևերով, իսկ հետագայում՝ նաև մասնակցել մրցաշարերի։
ՙԿահավորելու ենք մեծ մասնաշենք՝ իր սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով, որը հարմարեցված կլինի հաշմանդամային սպորտին։ Ծրագրում ընդգրկված կլինեն անվասայլակով բասկետբոլ և հանդբոլ, սեղանի թենիս, շախմատ, շաշկի... Նպատակ ունենք նաև լողավազան պատրաստել, ինչը ժամանակի խնդիր է։ Հետագայում հնարավոր է, որ նրանցից ոմանք ընդգրկվեն պարալիմպիկ խաղերում՚,- ասաց Կ. Գիլոյանը։
Կ. Գիլոյանի իրազեկմամբ՝ Արցախի Հանրապետության գործընկեր կառույցի պատասխանատուների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզչական ու մրցավարական սեմինարներին արցախցի մասնագետների մասնակցության առումով։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը խոսեց նաև Արցախում հրաձգային սպորտը զարգացնելու մասին։ Այդ առումով նպատակ ունեն մոտ ապագայում հրաձգության դպրոց բացել Ստեփանակերտում։ Մարզիչների մասով խնդիրներ չեն ունենալու, պայմանավորվածություն կա Երևանում դասընթացներ կազմակերպել նրանց համար։ Բացի դրանից, ՀՀ-ից ևս պարբերաբար պրոֆեսիոնալ մարզիչներ կայցելեն Արցախ։ Հնարավորությունները ներելու դեպքում կկառուցվի նաև փոքր տրամաչափի հրաձգարան։
ՙԱյս ամենը նախատեսում ենք անել հովանավորների միջոցներով՝ պետբյուջեից մեկ լումա անգամ չծախսելով՚,- ասաց Կարեն Գիլոյանը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը տեղեկացրեց, որ նպատակ ունեն առաջիկայում ստեղծել սպորտային հեռուստաալիք:
Հանդիպման ավարտին Կ. Գիլոյանը պատասխանեց ներկաների հարցերին։
;