[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Մար­տի 27-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի փոքր դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ ՙԱլ­վան ծա­ղիկ՚ բե­մադ­րու­թյան ա­ռաջ­նա­խա­ղը։ Հե­քիա­թի հե­ղի­նակ­ներն են Ս. Կար­նաու­խո­վան և Լ. Բրաուսևի­չը։ Բե­մադ­րու­թյան ռե­ժի­սորն է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան հայ­կա­կան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի ժո­ղովր­դա­կան դե­րա­սան Քա­ջիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Նկար­չա­կան ձևա­վո­րու­մը կա­տա­րել է Զո­րիկ Գալս­տյա­նը, ե­րաժշ­տա­կան ձևա­վո­րու­մը Ան­գե­լի­նա Բա­բա­յա­նը։

Թատ­րո­նի մի­ջազ­գա­յին օր­վա առ­թիվ ող­ջույ­նի խոսք է ա­սում թատ­րո­նի գրա­կան մա­սի վա­րիչ Կա­րի­նե Ա­լա­վեր­դյա­նը։ Նա ար­տա­հայ­տեց իր ու­րա­խու­թյու­նը պար­տադր­ված եր­կա­րատև դա­դա­րից հե­տո հան­դիպ­ման առ­թիվ, ա­պա նշեց, որ մար­տի 27-ին տոն է և՜ թատ­րո­նի, և՜ հան­դի­սա­տե­սի հա­մար։ Իսկ Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նը ա­վան­դույթ ու­նի այդ օ­րը նշել մի­ջո­ցառ­մամբ կամ ա­ռաջ­նա­խա­ղով։
Այս տա­րի ևս թատ­րո­նը հա­վա­տա­րիմ է մնա­ցել ա­վան­դույ­թին` հաղ­թա­հա­րե­լով բազ­մա­թիվ դժ­վա­րու­թյուն­ներ. ՙՄեկ ան­գամ ևս ան­ցանք դժոխ­քի մի­ջով,-ա­սաց Կ. Ա­լա­վեր­դյա­նը:-Մեր կյան­քը դուրս ե­կավ իր բնա­կա­նոն հու­նից: Մեր թատ­րո­նի ե­րի­տա­սարդ­նե­րից շա­տե­րը նույն­պես զենք վերց­րին և կռ­վե­ցին ա­ռաջ­նագ­ծում, ինչ­պես բո­լո­րը, այն­պես էլ մենք հա­րա­զատ­ներ կորց­րինք, ու­նենք տե­ղա­հան­ված բնակ­չու­թյուն:
Մեր ստեղ­ծա­գոր­ծա­կան կազ­մից ո­մանք այ­սօր էլ դեռ Երևա­նում են: Բայց թա­տե­րախմ­բի հիմ­նա­կան կո­րի­զը կա, այս­տեղ է, ու­նենք նաև նոր ա­նուն­ներ, և մենք հա­վաք­վել, ի մի ենք բե­րել մեր ու­ժերն ու ա­ռա­ջին միտ­քը, որ ծա­գել է` ներ­կա­յա­ցում պատ­րաս­տել պա­տա­նի հան­դի­սա­տե­սի հա­մար:
Պա­տե­րազ­մը մեր ե­րե­խա­նե­րին զր­կել է շատ հա­ճույք­նե­րից: Դա ար­դա­րա­ցի չէ, ու մենք թույլ չպի­տի տանք, որ մեզ պա­տու­հա­սած ա­ղե­տը և այս քա­ղա­քա­կան տա­րա­փո­խիկ վի­ճա­կը հոգևոր ան­դա­մա­լույծ դարձ­նի մեզ ու մեր մա­նուկ­նե­րին: Այս դժ­վար կա­ցու­թյու­նից դուրս գա­լու մի ելք կա միայն` ապ­րել, աշ­խա­տել, ա­րա­րել, ստեղ­ծա­գոր­ծել` ի հե­ճուկս մահ­վան, ի հե­ճուկս թշ­նա­մու՚: Նա նշեց, որ
դե­րա­սան­նե­րը հո­գե­բա­նա­կան, ֆի­նան­սա­կան և թա­տե­րա­յին ան­բա­րեն­պաստ պայ­ման­նե­րում ժո­ղովր­դա­կան ար­տիստ Քա­ջիկ Հա­րու­թյու­նյա­նի օգ­նու­թյամբ հաղ­թա­հա­րել են ի­րենք ի­րենց` բեմ են բարձ­րաց­րել և պատ­րաս­տել են ՙԱլ­վան ծա­ղիկ՚ բա­րի հե­քիա­թի բե­մադ­րու­թյու­նը: Հե­քիա­թը Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նում ա­ռա­ջին ան­գամ բեմ է բարձ­րա­ցել 1968թ. Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նի հրա­շա­լի բե­մադ­րու­թյամբ: Ա­վագ սե­րուն­դը պետք է որ հի­շի այս բե­մադ­րու­թյու­նը: Այն եր­կար տա­րի­ներ խա­ղաց­վել է մեր մայր թատ­րո­նի բե­մում ու այս հե­քիա­թով պա­տա­նի հան­դի­սա­տե­սի քա­նի սե­րունդ է դաս­տիա­րակ­վել: Կ. Ա­լա­վեր­դյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ թատ­րո­նի տնօ­րի­նու­թյու­նը, ստեղ­ծա­գոր­ծա­կան կազ­մը ա­րել են ա­մեն հնա­րա­վո­րը, որ­պես­զի հա­ճույք պատ­ճա­ռեն ե­րե­խա­նե­րին, ին­չու չէ, նաև նրանց ծնող­նե­րին, ով­քեր հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան վեր­հի­շե­լու ի­րենց ման­կու­թյու­նը:

Մի­ջո­ցառ­ման առ­թիվ ող­ջույ­նի խոսք ա­սաց Ար­ցա­խում տե­ղա­կայ­ված խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի մշա­կույ­թի հար­ցե­րով պա­տաս­խա­նա­տու փոխ­գն­դա­պետ Ի­գոր Յա­կուշևը։ Խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյան ա­նու­նից շնոր­հա­վո­րե­լով Թատ­րո­նի մի­ջազ­գա­յին օր­վա և թատ­րո­նի աշ­խա­տանք­նե­րի վերս­կս­ման առ­թիվ, նա ա­սաց, որ ա­ռանց հոգևոր-մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րի կյան­քը լիար­ժեք լի­նել չի կա­րող, որ ի­րենք հա­մա­գոր­ծակ­ցում են թատ­րո­նի հետ։ Նա ղա­րա­բա­ղյան հո­ղին ցան­կա­ցավ խա­ղա­ղու­թյուն, իսկ բո­լո­րին` բա­րի դի­տում:
Հա­ճե­լի է նշել, որ մաս­նա­գի­տու­թյամբ ե­րա­ժիշտ, ռե­ժի­սոր Յա­կուշևը մեկ այլ խա­ղա­ղա­պա­հի հետ մաս­նակ­ցել է փոր­ձե­րին, ա­ռա­ջար­կու­թյուն­ներ են ա­րել, որ ռու­սա­կան կո­լո­րի­տը ու­ժե­ղա­նա, և դե­րա­սա­նա­կան կազ­մը ըն­դու­նել է դի­տո­ղու­թյուն­նե­րը:
Գլ­խա­վոր դե­րում է (Ա­լյո­նուշ­կա) Շո­ղեր Սարգ­սյա­նը, դուբ­լյոր՝ Մա­րիա Խա­չատ­րյա­նը։ Բե­մադ­րու­թյան մեջ զբաղ­ված են ա­վագ սերն­դից՝ Մար­տին Ա­լո­յա­նը, Սամ­վել Եվ­րի­յա­նը, Սվետ­լա­նա Թով­մա­սյա­նը, Ար­մի­դա Գաբ­րիե­լյա­նը, Սամ­վել Մկրտ­չյա­նը, Վլա­դիկ Մի­քա­յե­լյա­նը, մի­ջին սերն­դից՝ Դիա­նա Մե­լիք­սե­թյա­նը, Ռու­զան Գաս­պա­րյա­նը, Է­դուարդ Դավ­թյա­նը, ե­րի­տա­սարդ դե­րա­սան­նե­րից՝ Մա­րիան­նա Գրի­գո­րյա­նը, Ան­գե­լի­նա Բա­բա­յա­նը, Ռո­բերտ Կա­րա­պե­տյա­նը։
Ներ­կա­յաց­ման վեր­ջում՝ ծա­փեր և ծա­ղիկ­ներ։ Իսկ թա­տե­րախմ­բին տո­նի և ա­ռաջ­նա­խա­ղի առ­թիվ շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սա­ցին ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը, Ար­ցա­խի ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը: ՙԱյ­սօր էլ հա­մոզ­վել ենք, որ թատ­րո­նը կա­տա­րում է հա­սա­րա­կու­թյան մար­դա­սի­րաց­ման, բա­րո­յա­կա­նաց­ման, բարձր ար­ժեք­ներ ու հա­մոզ­մունք­ներ ձևա­վո­րե­լու և փո­խան­ցե­լու ինս­տի­տու­տը։ Տե­սա­նե­լի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյամբ պետք է նպաս­տենք, որ թատ­րո­նը դառ­նա կե­ցու­թյան հույժ կա­տե­գո­րիա, դառ­նա հան­րա­յին ուժ, ո­րով­հետև դաս­տիա­րա­կող օ­ղակ­նե­րը միայն դպ­րոց­նե­րը չեն։ Որ մեր մշա­կու­թա­յին սո­ցիա­լա­կա­նաց­ման հա­մար թատ­րո­նը կարևոր ինս­տի­տուտ է, այ­սօր մենք հա­մոզ­վե­ցինք։ Թատ­րոնն իս­կա­պես պայ­քար է, պայ­քար ստեղ­ծա­գոր­ծա­կան ինք­նա­հաղ­թա­հար­ման, ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­ման, ինք­նա­հաս­տատ­ման հա­մար։ Պա­տե­րազ­մից հե­տո այս դժ­վար օ­րե­րին իս­կա­պես գնա­հա­տե­լի է, որ մար­դիկ հա­վաք­վել, ի մի են բե­րել ի­րենց ստեղ­ծա­գոր­ծա­կան մտ­քե­րը, ու­ժե­րը և նո­րից մեզ տա­րել հե­քիա­թի, նպա­տակ­նե­րի, ե­րազ­նե­րի, ան­կա­տա­րի ու բա­րու­թյան հաղ­թա­նա­կի աշ­խարհ՚,- ա­սաց նա­խա­րա­րը:
Հան­դի­սա­տես­նե­րը ներ­կա­յա­ցու­մը դի­տե­ցին նաև մար­տի 28-ին։