[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՂՎԱ ԼՈՒՅՍԸ ՀԱՍՏԱՏ ԳԱԼՈՒ Է

ԱՆԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 ՛՛Ճեպընթաց՛՛ -ի ուղեկիցը արձակագիր, ԱՀ գրողների միության անդամ Հերմինե Ավագյանն է (ինքնաբացահայտման ճանապարհով)

Եկա մանկությունիցս. չգիտեմ՝ ուր եմ հասնելու, բայց մինչ օրս հրաժեշտ չեմ տվել իմ ներսի մանկանը։

Մանկությանս հոտը Արարատ պապիս գրապահարանի հաստ ու բարակ գրքերի հոտն է, որ մինչեւ հիմա զգում եմ․ այն միշտ հիշեցնում է, թե որտեղ է իմ սկիզբը։

Երանություն է աշխարհ գալը, իսկ ճիշտ ապրելը խիզախում է ինքդ քո դեմ, մահն էլ այն կանգառն է, որտեղ մեզ սպասող գնացքը միշտ կանգնած է՝ նայած, թե մեր ապրած կյանքը դեպի ուր կտանի մեզ...

Ժամանակի հետքը աշխատում ենք չկորցնել ու միշտ վազում ենք նրա հետևից, բայց ժամանակը բոլոր ժամանակների լավագույն վազորդն է, որին երբեք չենք հասնի...

Հոգու հնչյունը մեր ներսի երգն է, որը միշտ մեր ականջներում է, թեև հաճախ չլսելու ենք տալիս։ Եթե լսել սովորենք, հաշտ կապրենք ինքներս մեզ հետ, մեր ներսի մարդու հետ...

Հուշերիս կարոտում կա մի հանգրվան, որտեղ կորած ու հարազատ դեմքեր կան, նրանք հեռու են միշտ, բայցև իմ լավագույն խորհրդատուներն են։ Ես պիտի կարողանամ նրանց աչքերին նայել։

Ճանապարհները տանում են մեզանից դուրս ցանկացած տեղ, որ նշված է քարտեզի վրա, բայց շատ դժվար է գտնել դեպի մեր ներսը տանող ճանապարհը, որովհետեւ դրա համար ոչ մի քարտեզ չկա, բայց այդ ճամփան կարելի է գտնել, եթե ցանկությունը շատ մեծ է։

Եթե չկորցրիր, չես հասկանա, թե որքան փոքր է մարդը, երբ նրան երկնքից են նայում...

Հաջողությունը գալիս է, եթե չես կորցնում հավատդ, որքան էլ այդ հավատը փորձությունների ենթարկվի... Հաջողությունը նրան սպասելու ու նրա համար պայքարելու մեջ է նաև գեղեցիկ...

Վազում եմ, որ հասնեմ, բայց մինչեւ հիմա չեմ հասել, ու չգիտեմ՝ կհասնե՞մ արդյոք։ Մի բան հաստատ է՝ կշարունակեմ վազել նույն ուղղությամբ ու չեմ մոռանա, թե որտեղից եմ սկսել վազքս...

Սպասված կանգառը իմ ներսում է, որը դեռ չեմ գտել։

Վաղվա լույսը հաստատ գալու է, որովհետեւ գիշերը նաեւ նրա համար է, որ ի մի բերենք մեր արած-չարածն ու չարածի մասին մտածել սովորենք։

Ամենալավ երգը այն օրորոցայինն է, որն ինձ համար մայրս էր երգում մեր գյուղի խոնավ, բայց տաք, շատ տաք տանը։