[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ ՏԱՐԻՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ապրիլի 1-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստը, որը լսեց  2019-2020 ուսումնական տարում  կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Նիստը բացեց  ԱրՊՀ խորհրդի նախագահ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների հիշատակը, որոնց թվում են ԱրՊՀ ուսանողներ:

Հաշվետու տարում բուհում կատարված աշխատանքների մասին հանդես եկավ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա նշեց, որ անցած ժամանակահատվածը լի էր ծանր փորձություններով:  Տարեսկիզբը սկսվեց համավարակով, և ուսումնական գործընթացի անընդհատությունն ապահովելու նպատակով անցում կատարվեց նոր ձևաչափի` հեռավար կրթության: Շնորհիվ  համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության համատեղ աշխատանքի ու հետևողական ջանքերի` հաջողվել է  գործընթացը կազմակերպել և իրականացնել` առկա և հեռակա ուսուցման համակարգերում ապահովելով բնականոն ուսուցում և պահպանելով ակադեմիական սկզբունքներն ու արժեքները:

Արցախին պարտադրված  ծանր պատերազմում ԱրՊՀ-ն էլ ունեցավ  զոհեր և  վիրավորներ, շատերն էլ այսօր շարունակում են ծառայել հայրենիքին: <Այսօր փորձում ենք շարունակել ապրել, աշխատել ու նայել առաջ, քանզի միայն աշխատանքով, նվիրումով է հնարավոր շարունակել ապրել, հաղթահարել ծանր կորուստների հսկայական բեռն ու պահպանել լավատեսությունը>,-ասաց Ա. Սարգսյանը:

Ռեկտորի խոսքով`չնայած առկա բազմաթիվ խնդիրներին` արդյունավետ աշխատանքներ են իրականացրել ուսումնական գործընթացի բարելավման, կրթության բովանդակության հարստացման, դասավանդման որակի բարձրացման, մեթոդների արդիականացման և այլ ուղղություններով: Նա չշրջանցեց նաև խնդիրները, որոնց մի մասը նոր չէ,  իսկ որոշներն էլ առաջացել են ստեղծված իրավիճակում:

Բուհում կատարված աշխատանքների և խնդիրների մասին ռեկտորի խոսքը շարունակեցին և իրենց առաջարկություներն ու դիտարկումներն արեցին դեկաններ Շահեն Այդինյանը, Լուսինե Մարգարյանը, հաշվետու տարվա ուսխորհրդի նախագահ Լիլիթ Մարգարյանը: Դպրոց-բուհ կապն ամրապնդելու համար առաջարկվեց համալսարանին կից  ստեղծել քոլեջ:

Իր նկատառումներն արեց ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Նրա գնահատմամբ` Արցախի պետական համալսարանը արժանավայել կերպով է տարել  պարտադրված փորձությունները, և ձախողումներ,  կարելի է ասել, չեն եղել: Նախարարը ներկայացրեց համակարգում սպասվող մի քանի ծրագրերի մասին, որոնցից են <Կրթության զարգացման նոր ռազմավարությունը>, որը համապատասխանեցվում է հետպատերազմյան իրավիճակին, <Բարձրագույն կրթության և գիտության մասին> օրենքի նախագիծը: Դրանք մշակման փուլում են և կդրվեն հանրային քննարկման: Մտահոգիչ հարցերից են  ԱրՊՀ և ընդհանրապես Արցախում գործող մյուս բուհերի հետազոտական աշխատանքների դրվածքը, աշխատաշուկայի հետ թույլ կապը: Նախարարի բնորոշմամբ`  անհետացման եզրին հայտնված մի շարք մասնագիտությունների հարցը ոչ միայն դպրոցի, այլև բուհի խնդիրն է, ինչի կապակցությամբ կոնկրետ քայլեր պետք է սկսել: Նրա խոսքով` ցանկալի է մյուս տարվա հաշվետվության մեջ  լսել նաև միջազգային ամսագրերում տպագրված հոդվածների մասին, ինչը կխոսեր բուհի բարձր վարկանիշի  մասին:

Հաշվետու տարում ԱրՊՀ կատարած աշխատանքները ներկաները  գնահատեցին բավարար:

Խորհրդի նիստը ի գիտություն և ի կատարումն ընդունեց ԱրՊՀ 2020թ. ֆինանսական տարվա արդյունքները  և 2021 թ.  ծախսերի նախահաշիվը: