Logo
Print this page

ՙԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ՚

ՙԱԱ՚

 Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի ապրիլի 14-ի միջոցառումը, որը կրում էր ՙԵրախտապարտ ենք քեզ, հայ զինվոր՚ խորագիրը, ապրելու, հույսի ու հավատի արտահայտություն էր և վկայությունը այն բանի, որ մշակույթի այս օջախում շարունակվում են ստեղծված ավանդույթները։

Միջոցառումը, որին մասնակցում էին հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ, բացեց գրադարանի նորանշանակ տնօրեն Անահիտ Միրզոյանը՝ ընդգծելով այն միտքը, որ հանուն հայրենիքի զոհված զինվորների հիշատակը պետք է վառ պահել և արժանապատվորեն շարունակել նրանց կիսատ թողած գործը։
Գրական-երաժշտական կոմպոզիցիան, որ ներկայացրին գրադարանի ընթերցողները, ներառում էր հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, հայրենասիրական երգեր։ Հանուն հայրենիքի զոհվածները կենդանի են, քանի որ ապրում են մեր հիշողություններում, -սա էր միջոցառման լեյտմոտիվը։ Միջոցառմանը ներկայացվեցին  նաև Արցախում ապրող ու ստեղծագործող գրողների գործերից։
ԱրՊՀ-ի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների հասարակական կազմակերպության նախագահ Վերա Գրիգորյանը, մանկավարժ Վերա Խաչատրյանը, լրագրող Միքայել Հաջյանը իրենց ելույթներում մասնավորապես խոսեցին արցախյան վերջին պատերազմի դաժան հետևանքների, պարտության պատճառների, ձախողումների, կորցրած հաղթանակը ետ բերելու, կյանքը նորովի ու ազնիվ կառուցելու մասին։ Նշվեց, որ վերջին տասնամյակներում մենք շատ էինք հեռացել մեր ինքնությունից, որ նյութապաշտությունը, կոռուպցիան խարխլել էր պետականության հիմքերը, որ երջանկություն է հայրենի հողում ապրելը։ Ելույթ ունեցողները արտահայտեցին իրենց երախտագիտությունը ջերմ մթնոլորտ ստեղծելու առթիվ։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.