[ARM]     [RUS]     [ENG]

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԿԳՄՍ ՈԼՈՐՏԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Ապրիլի 15-ին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Ոլորտի մի խումբ երախտավորներ ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել են պատվավոր կոչումների և մեդալների: Նախարար Լուսինե Ղարախանյանը ներկաներին նախ շնորհավորեց Մշակույթի միջազգային օրվա առթիվ և մասնավորապես ասաց. ՙԱյսօրվա հեղաբեկումներում ևս մեր առաջ դրված է մշակութային ժառանգության պահպանման կարևորագույն խնդիրը: Մեր մտավորականներով, արվեստագետներով, մշակույթի գործիչներով, բոլորիս ջանքերի գերլարումով պետք է պահենք ու պահպանենք մեր մշակութային ժառանգությունը ու հասնենք հոգևոր ու մշակութային կազմակերպվածության՚: Նախագահի հրամանագրով ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով պարգևատրվել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական-գեղարվեստական մասի վարիչ, թատերագետ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանը թատերագիտության բնագավառում ունեցած ավանդի համար:

ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման է արժանացել Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջի երկարամյա փոխտնօրեն Վալենտինա Հարությունյանը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի մեթոդիստ Արկադի Հակոբյանին:
Պարգևատրվածները երախտագիտություն հայտնեցին երկրի ղեկավարությանը իրենց աշխատանքը գնահատելու համար:
Նշենք, որ պատմագիտության բնագավառում և մանկավարժական կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալի է արժանացել ԱրՊՀ պատմության ամբիոնի դասախոս Վարդգես Սաֆարյանը, որի պարգևը կհանձնվի բուհի գիտխորհրդի նիստում: