[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԳՐԱՎՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՊՂԾՎԵՆ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Ապրիլի 18-ը  նշանավորվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

Օրվան ընդառաջ այսօր  Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի հարակից տարածքում ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց բողոքի ակցիա. այն կոչ էր միջազգային կառույցներին՝  դատապարտելու Ադրբեջանի կողմից Արցախի  հոգևոր ու պատմամշակութային ժառանգության հանդեպ իրականացվող  վանդալիզմն ու պահանջ՝ գործուն քայլեր ձեռնարկել դրանց պաշտապանության հարցում:

Ելույթ ունեցան Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարարի մշակույթի հարցերով խորհրդական, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելանյա Բալայանը:

Մշակութային ինքնության ամբողջականության պահպանման պահանջատիրական ակցիային մասնակցում էին  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ:

՛՛Այսօրվա բողոքի ակցիան կազմակերպվել է հայկական պատմամշակութային Ժառանգության ոչնչացման, այսօր արդեն բացահայտ տարվող այդ քաղաքականությանը դիմակայելու մտահոգությամբ: Սա ևս մեկ փորձ է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում գոյություն ունեցող  անմարդկային ու վայրենաբարո երևույթներին, որոնց ականատեսն ենք մենք այսօր: Կորցնելով հայրենիքի զգալի մասը` կորցրել ենք նաև մեր պատմամշակութային Ժառանգությունը: Թշնամու կողմից օկուպացված տարածքներում հայի կենսագրությունն է, որն այսօր ոչնչացվում է ու խեղաթյուրվում՛՛՛,-ասել է Մ. Բալայանը:

Թշնամու կողմից օկուպացված  հուշարձանների թիվը հասնում է գրեթե 2000-ի: