[ARM]     [RUS]     [ENG]

''ԱՐՑԱԽ. ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ'' ԾՐԱԳՐԻ ՀՅՈՒՐՆ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆՆ ԷՐ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 ԱրՊՀ-ում մեկնարկած ՙԱրցախ. ներկան ու ապագան՚ ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպում է ունեցել ԱՀ ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ, ԱրՊՀ խորհրդի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը: Համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, խոսքը Ղուլյանին փոխանցելուց առաջ, նրան հանձնեց ԱրՊՀ հիմնադրման 50-ամյակին նվիրված հուշամեդալ ու նվիրեց ԱրՊՀ կողմից հրատարակվող ՙԱրցախի ժողովրդագիտությունը՚ մատենաշարի 4 հատորները:

Ողջունելով ներկաներին` բանախոսը կարևորեց նման ձևաչափով կազմակերպվող հանդիպումներն ու ներկայացրեց իր տեսլականը. ՙԱսելիքս կկառուցեմ քաղաքական մշակույթի շուրջ: Քաղաքական պայքարը շատ կարևոր է, սակայն, այն չպետք է հասնի ծայրահեղության: Քաղաքական ճիշտ մշակույթն է որոշիչը, թե ապագայում ինչպես ենք կարողանալու կոնսոլիդացնել մեր ուժերը, ինչպես ենք կարողանալու ծանր պատերազմից, ահավոր կորուստներից ու փորձություններից հետո նորից հավաքել մեր ուժերն ու հավաքագրել մեր ռեսուրսները: Այսօր ունենք փոփոխված անվտանգային միջավայր, ինչը թելադրում է կյանքի նոր պայմաններ, նոր իրավիճակ, նոր հանգամանքներ՚:
Կարևորելով հայրենիքի պաշտպանության գերխնդիրը, բնակչության կենսագործունեության նվազագույն պայմաններով բարեկեցության ու խաղաղության ապահովումը` բանախոսն անդրադարձել է նաև Արցախի արտաքին ու ներքին սպառնալիքներին՝ ընդգծելով երկրի շահերից բխող այն առաջնահերթությունները, որոնց ապահովման ուղղությամբ պետք է շարունակական աշխատանքներ տանել: ՙՊատերազմն այսօր շարունակվում է հոգեբանորեն՝ առանցքում ունենալով երկրի անորոշ կարգավիճակ, լուրջ դաշնակիցների բացակայություն, տեխնոլոգիական ու գիտական հետընթաց՚,- նշեց Ա. Ղուլյանը:
Հանդիպման վերջում նա պատասխանեց ներկաներին մտահոգող հարցերին: