[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՑՅԱԼԻ ՈՒ ՆԵՐԿԱՅԻ ԱՆՀԱՇՏ ՊԱՅՔԱՐԸ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում այսօր կազմակերպվեց թուրք հանրաճանաչ վիպագիր Էլիֆ Շաֆաքի ՙՙՍտամբուլի բիճը՚՚ գրքի քննարկումը: Քննարկման մասնակիցները ԱրՊՀ դասախոսներն էին, ուսանողներն ու ընթերցասեր հասարակությունը:
Բացման խոսքում գրադարանի տնօրեն Անահիտ Բաղրյանն, անդրադառնալով գրքի հիմնական բովանդակությանը, ընդգծել է գրքի անմիջական կապը Հայոց ցեղասպանության հետ. ՙՙՀեղինակը վեպում վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը՝ իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ՚՚: Գրքի վերաբերյալ իրենց կարծիքն են արտահայտել բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրուն Բաղդասարյանը, բ.գ.թ., դոցենտ, ԱրՊՀ դասախոս Սիրվարդ Ստեփանյանը, բ.գ.թ., ԱրՊՀ դասախոս Տաթև Սողոմոնյանը և բանասիրական ֆակուլտետի ուսանողներ Թագուհի Վանյանը, Դիանա Կասյանն ու Անահիտ Հայրապետյանը:
Տաթև Սողոմոնյանն իր խոսքը ձևակերպել է ՙՙՄեղքի բարդույթն ու անմեղության վարկածը թուրքական մտածելակերպում՚՚ խորագրի շուրջ. ՙՙՀատկանշական և առանձնացնելի է այն, որ սեփական ժողովրդի ինքնամաքրման և ապաշխարհության մասին խոսում է թուրք արձակագիրը, խոսում է անցյալի ու ներկայի անհաշտ պայքարի մասին: Անսահմանորեն շատ սիրելով իր երկիրն ու ժողովրդին, տաղանդավոր արձակագիրն ուղիներ է նախանշում սեփական ժողովրդի անսասան և ճիշտ ապագայի համար: Չհրաժարվել սեփական մեղքից ու չդառնալ բիճ (անանցյալ). սա է վեպի առանցքը՚՚:
Վեպից մեջբերումներ անելով, կերպարներն իրար համադրելով, մտքեր ու տեսակետներ փոխանակելով, ելույթ ունեցողները վերհանեցին գրքի արդիականությունը: ՙՙԴեռևս 1956 թվականին թուրք գրականության մեջ հնչեցվեց հայկական ջարդերի մասին: Այնուհետև թուրքական երևելի դեմքեր՝ նախագահ, պատմաբաններ, լրագրողներ, թե գրողներ անդրադարձան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Թուրքագետ մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում ընտրված լավագույն 200 գրքեր, որոնք լույս են տեսել Թուրքիայում և որոնք ուղղակի կամ անուղղակի կապված են Հայոց ցեղասպանության հետ, ուսումնասիրվել են: Առանձնացվել է 10 լավագույն գիրք, որոնց շարքում է նաև ՙՙՍտամբուլի բիճը՚՚ վեպը՚՚,- իր խոսքում ընդգծեց Սիրվարդ Ստեփանյանը:
Վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն, 2006 թվականին: Այնուհետև հեղինակն ինքը այն թարգմանել է թուրքերեն: 2012-ին գիրքը թարգմանվեց նաև հայերեն: Վեպի հրատարակումից հետո Էլիֆ Շաֆաքին ազգային ինքնությունը վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել: Թրքուհին ներկայումս ապրում է Լոնդոնում: