[ARM]     [RUS]     [ENG]

ԴԺՎԱՐ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Երկի՛ր... իմ եղբայր, զորեղս...

ինձ թույլ տուր ցավերդ տանեմ,
Շալակեմ, դնեմ ուսերիս, ամեն օր համբուրեմ աջդ,
Դաշտերդ հերկեմ միայնակ, վերքիդ մեջ մռնչամ մենակ,
Ամեն տեղ քեզ ասեմ՝ լա՛վս, ամենուր ես լինեմ քաջդ։


Երկիր... իմ միակ, խելառս...
ուզո՞ւմ ես, պարեմ քեզ համար,
Դառնամ ծառ բերրի, ծանրաբեռ, աճեմ ծովերում ամայի,
Չորացած դաշտերում ծաղկեմ, պտուղս՝ արևի կաթիլ,
Վայելիր ինչքան ուզում ես,
ինձ շիվ-շիվ, ծիլ-ծիլ արարիր։


Թող ապրեմ ամեն պահիդ մեջ, քեզ սիրեմ,
քեզ սիրեմ շքե՛ղ,
Ինձ ներիր, չասես հեռացիր, չարածիս համար չդատես,
Օգնիր ինձ անցյալից ելնել,
մոռանալ ամեն պարտություն,
Կորցրած օրերից խղճուկ չշինել կուռքերի հանդես։


Երկիր... չքնա՛ղս, իմ տեր... մեռնելուս ժամը անցել է,
Թույլ տուր ոտքերդ լվանամ, ծաղկաբույր ջուր եմ բերելու,
Իսկ եթե մոլորվեմ նորից, պարտվեմ դաշտերում ոգու,
Իմ ծերուկ իմաստուն, գիտեմ, ինձ միայն դու ես ներելու...


* * *

Ամեն ինչ, ամեն ինչ իմն է, ծառերը, քարը, ծաղիկը,
Խաչքարի մամուռը ծաղկած, երկնքի նարինջ արևը,
Իմն է դարձի նեկտարը, օրերի ընթացքը ծանր,
Եվ մեղքը, մեղքերը ամեն, իմն են գույն-գույն ցավերը։


Այստեղ եմ ամեն օր հառնում, այստեղ եմ ծնվում ամեն օր,
Եվ ճորտ եմ, առլեկին, արքա, ոչ մեկը չի ասում ո՞վ է,
Կարող եմ մտնել ամեն տուն, կարող եմ պարել փողոցում,
Թելերս կախել երկնքից, ու խելառ, անհոգ օրորվել։


Իմն է անցյալիս բերքը, պտուղը՝ ամեն պարտության,
Ամենուր երգող հետքեր են...պապիս, մեծ պապիս պապի,
Նախշեր են ոտքի տակ մանկան, նայում ես.
բուռ-բուռ ծաղկում են,
Աստված այստեղ ամեն օր ինձ հետ նստում է հացի։


Ամրոց է ամեն օրորոց, նորածինն՝ առաջնորդ զորքի,
Ամեն մի տղամարդ տեր է, խոնարհ է մեր ամեն մի կին,
Մեռնելը զավեշտ է ու մեղք,
մենք նրան վաղուց թաղել ենք,
Այստեղից հեռացող չկա, այստեղից գնում են երկինք...


ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ներիր ինձ, ներիր ինձ, երկիր, ներիր ինձ, եթե կարող ես,
դաշտերդ թողել եմ խոպան, չեմ բացել դռները մտքիս,
չեմ պահել ինչ ինձ տվել ես, վատնել եմ և՜ շնորհ, և՜ սեր,
ինքս ինձ, ես ինձ գրկել եմ քեզ համար տքնելու պատվից։


Ներիր ինձ, եթե կարող ես, ուզում ես ձգիր միայնակ,
բոկոտն տար ինձ ձյուներով, և թող թեժ արևը այրի,
զրկիր ինձ շնորհից ամեն, կապոտած քարշ տուր փողոցով,
հանձնիր ինձ օրերի դատին, հետևիր իմ ամեն քայլի։

Ես չեղա արժան հմայքիդ, կուչ եկա բեռան տակ քո սուրբ,
չտեսա ծաղիկդ գույն-գույն, գայթեցի և ընկա անկամ,
ինձ միշտ էլ խաբել է հեռուն, տարել են փայլփլուն վայրեր,
մեղքի հետ քնել եմ բորբոք, թվում էր՝ ապրում եմ ու կամ։


Թվում էր իմը չէ ոչինչ, ո՜չ անցյալ, ո՜չ ներկա, ո՜չ տուն,
թվում էր՝ չգիտես ուր եմ, որտեղ եմ թողել իմ բեռը,
օտար եմ, հալածված, մենակ, ներիր ինձ,
ներիր ինձ, երկիր,
ոչ ծառան եղա քո խոնարհ և ոչ էլ դարձա քո տերը...

 

ԵՐԿԻՐ... ՈՒՇԱՑԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլորը ցնդած սիրում են, տեսնո՞ւմ ես,
չեն թաքցնում ոչինչ,
պաչում, պաչպչում, պաչում են,
տալիս են երդում ու նեկտար,
մեկը նստել է ուսերիդ, մեկը քեզ դրել է ուսերին,
կարոտից ոռնում են, ճչում, մարում են ափերում օտար։

 

Կանգնում է շեմիդ ով ուզի, երբ ուզեն ասում են իմն ես,
առատ է խոսքը, գունազարդ, ամենուր սիրուց հարբում են,
ասում են երնեկ՝ եկողին, շնորհ է քեզ մոտ մեռնելը,
ամեն տեղ տալիս անունդ և քեզ ամեն օր խաբում են։


Անվերջ է հանդեսը կրքի, չի պրծնում ծեքծեքում ու ձոն,
ամեն օր նոր-նոր խմբեր են, բոլորը իրար կապկպում են,
կախվում են փեշերից քո նեղ, ձեռքերից, ոտքերից, ցավից,
ամեն ժամ այգիդ դատարկ է,
չի փոխվում երբեք պատկերը։


Անընդհատ հանում են վե՛րև,
մոռանում, թողնում են այնտեղ,
իրարից քաշում, խլում են, իմն է, ասում են, ամենը,
առանց քեզ խեղճ է, խղճուկ է, մրսում է անգամ արևը,
բայց ոչ ոք աչքերը փակած չի ծածկում
քո բաց մարմինը...


ՆՈՐԻՑ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

Այս ի՞նչ միամիտ ընթացք է, և չի երևում կանգառը,
չգիտենք ո՞վ է տանողը, և ո՞վ է, որ մեզ սպասում է,
կա՞ մեկը, ինձ ասի ուր ենք, և երբ ենք մենք տեղ հասնելու,
թվում է՝ հոգին կանգնել է, մարմինը անգետ վազում է։


Ոչ մեկը չի ուզում դադար, չի կարող թողնել հանդեսը,
բոլորը իրար կպած են, մի գլուխ, մի ամբոխ, մեկը,
տկարին նետում են ծովը, թույլին օրերը խժռում են,
մենակ բարձունքը գազան է, մենակ չես տեսնում երկինքը։


Իսկ Աստված տեղը փոխել է, և այնտեղ վաղուց ուրիշն է,
չէ, սուտ է, սուտ է, չէ, սուտ է, մեկը ասում է գնում եմ,
ամեն ինչ նորից խառնել ենք, կույսերը, ճորտերը, տերը,
աշխարհը ինչպես եղել է, այնպես էլ պռատ մնում է։


Մարում ենք դեռ ոչինչ չարած,
կարծում ենք փառքով հառնում ենք
գնում են, էլ չենք ուղեկցում, նոր սով է, ոգու նոր սով է,
իսկ ով էլ շողում է զվարթ, ասում են՝ ինչու է եկել,
ամեն օր մեզնից տանում են, չգիտենք կորցնողը ո՞վ է...

...Չեմ սիրում, երբ կրակում են թիկունքին...
Վ. Վիսոցկի

Չեմ սիրում, երբ ինձ խաբում են,
երբ ինձ ասում են՝ ո՞ւր ես,
Երբ մեկը ծնկած սրբում է կոշիկիս չնստած փոշին,
Երբ խոնարհ հոգին մոռացած զուգում են տկար մարմինը,
Անցյալը, գոռում են, սուտ է և դառնում պատանդը հուշի։


Չեմ սիրում շինծու փառքերը, պառկելը որտեղ պատահի,
Երբ ինձ խղճում են արցունքոտ,
բայց իմ ցանածը հնձում են,
Երբ մեկը ինձ միշտ հուշում է, թե ինչ եմ վաղը անելու,
Երբ մահը արդեն ներկա է, վախեցած նրան քծնում են։


Չեմ սիրում ծանրաբեռ կանանց,
ամեն ինչ երբ այնքա՛ն պարզ է,
Երբ ինձ անընդհատ կապկում են,
ցավի դեմ կանգնում են անհույս,
Երբ մեկը մեռնում է, դա է, ասում են օրենքը կյանքի,
Մեկին էլ թվում է հավերժ է և իրեն կոչում է Հիսուս։


Չեմ սիրում ամուլ տքնանքը, երբ սուտիկ լացում են կողքիս,
Չեմ սիրում, երբ ինձ լքում են, իմ առաջ փակում դռները,
Երբ մեկին ուրախ ուտում են, ոչ մեկը չի ասում՝ ինչո՞ւ,
Երբ տանս նորաօծ շեմին մաքրում են ցեխոտ ոտքերը։


Չեմ սիրում թանձրացող մութը, խավարը խեղում է ուղիս,
Չեմ սիրում, երբ ով ուզում է, կախվում է սատանի պոչից,
Երբ մոլոր ամբոխը հլու հանձնվում է անարժան մեկին,
Չեմ սիրում, երբ սիրում են ինձ, երբ չկա սիրելու ոչինչ...


ՈՏՆԼՎԱ

Դու ինչքան ուզում ես, աղոթիր,
և ներիր խուժանին քարկոծող,
ովքեր քեզ հանձնել են դևերին,
վաղն էլ խարույկ են հանելու,
մոռացիր մատնիչին ժպտերես,
մի դատիր քեզ գզած բիճերին,
մեկ է, դու չես փոխի ոչ մի բան,
աշխարհը նույնն է մնալու։


Անմիտ է ինչ էլ որ մոգոնես, անիմաստ պարելը՝ երկնքում,
մենակ ես, ինչքան էլ որոնես,
մենակ ես դագաղդ տանելու,
երբ խաչդ շալակած հայտնվես,
որտեղի՞ց կասեն այս ծաղրածուն,
դու էլի չես փոխի ոչ մի բան, աշխարհը նույնն է մնալու։


Դարձի բեր ամեն օր դու մեկին և թքիր ճակատին մեղքերի,
խեղճերի ոտքերը լվացիր, հետո ի՞նչ քեզ ինչ են անելու,
և սիրիր ով էլ քեզ մոտենա, թող տիրի քեզ ամեն մուրացկան,
մեկ է, դու չես փոխի ոչ մի բան,
աշխարհը նույնն է մնալու։


Ոչ երեկ, ոչ այսօր, ոչ հետո, ոչ մեկը չի փրկվել գեհենից,
ո՞վ գիտի որտեղ ես թափառում,
ու՞մ հետ ես դու վաղը քնելու,
կախաղան կհանեն քեզ մի օր,
մի օր էլ կդննեն գլխիդ թագ,
դու էլի չես փոխի ոչ մի բան,
աշխարհը նույնն է մնլու...


ՑՈւՐՏ ՕՐ

Ինչքան էլ ապրել եմ, հերիք է,
և անհայտ ինչքան եմ լինելու,
կորցրել, թողել եմ շատերին, եղել է իրենք են հեռացել,
ես ինչ էլ արել եմ՝ խաբկանք է,
մեծ սուտ է այս կյանքն ու ծափերը,
և ինձ են քարկոծել կատաղած,
և ես եմ անիմաստ հալածել։


Ինձ ուր էլ տարել են, եկել եմ, չեմ տրվել օտարի հմայքին,
մի օր լավ, մի օր վատ եղել եմ,
վերքիս մեջ ծիծաղս ծաղկել է,
ոչ մի տեղ ես ինձ չեմ մոռացել,
չեմ կապկել ուրիշի ընթաքը,
իսկ երբ էլ զարկվել եմ մարտերում,
ոչ մեկը չի ասել որտե՞ղ է։


Մեկ առաջ, մեկ ետ եմ մնացել,
բայց ոչինչ չի փոխվել դրանից,
մեկ հոգնել անպտուղ ամբոխից,
մեկ նրան կարոտած դարձել եմ,
թաքնվել եմ անցյալի երախից,
ներկան էլ չի բացել ոչ մի դուռ
անհայտն է միշտ զվարթ ուղեկցել, ինձ ծաղրել,
հերքել ու անցել է։


Ամեն ինչ կրկնվող ու հին է, նորն էլ հեռու է մեզանից,
ո՞վ եկավ, ո՞վ գնաց, միշտ նույնն է,
ո՞վ է ինձ Տիրոջ մոտ կանչելու,
նույն մեղքն է, նույն մարդիկ, նույն վազքը,
ոչ մեկը չի զատվել մեղքերից,
ինչքան էլ ես ապրեմ, մեկ է միշտ,
նույն մեկն է մեզ համար խաչվելու...