[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅԻՍԻ 18-Ը ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Լուսինե ՇԱԴՅԱՆ

ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՆՑՅԱԼԻ, ՈՐՔԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 18-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում ՙՙԹանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել՚՚  ընդհանուր խորագրով կազմակերպվեց  ՙՙԱրցախյան ազգագրությունը՚՚  թեմայով ցուցահանդես:

Ներկա էին մշակույթի նախարարության պատասխանատուներ, դասախոսներ, ուսանողներ, մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին, թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը կարևորել է թեմայի հետաքրքրությունն ու հրատապությունը. ՙՙԱզգագրական ցուցահանդեսները կարևոր են ոչ այնքան անցյալի, որքան ապագայի համար: Նման ցուցահանդեսների միջոցով է տեղեկատվությունը սերնդեսերունդ փոխանցվում՝ ձևավորելով ազգային գաղափարախոսություն ու ազգային ճաշակ: Արցախահայությունը, հանդիսանալով հայ ժողովրդի անբաժանելի մասնիկը, իր գողտրիկ երկրամասում ստեղծել է առանձնահատուկ կենցաղ: Ռելիեֆի շնորհիվ տարանջատված լինելով տարածաշրջանի մյուս բնակավայրերից, կարողացել է հազարամյա գոյության ընթացքում անաղարտ պահել իր ազգագրությունը: Առհասարակ, ժողովրդի մասին գաղափար կազմելու համար պետք է ծանոթանալ նրա ազգագրությանը՝ կենցաղին, բարքերին, տարազին, բարբառին և այլն: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մարդիկ միշտ էլ կարիք ունեն  իրենց արմատներին վերադառնալու և ինքնաբացահայտվելու՚՚:

Ցուցահանդեսին ներկայացված էին 19-րդ դարի վերջից 20-րդ դարի կեսերն ընդգրկող արցախյան ազգագրական իրեր՝ տարազներ, գորգագործական գործիքներ, կարպետներ, ասեղնագործություններ, լուսանկարներ:

Ցուցանմուշները ներկայացրեց թանգարանի զբոսավար Գայանե Գրիգորյանը:  ՙՙԻնչպես այլ կերպ, եթե ոչ ազգագրության միջոցով պետք է փաստենք ու արժևորենք, որ արցախահայը միշտ տեր է եղել այս հողին, ապրել է ու արարել, կերտել է արժեքներ ու ավանդույթներ՚՚,- խոսքը եզրափակեց Գ. Գրիգորյանը:

Մայր թանգարանում մեկնարկած միջոցառմանը հետևեցին մի շարք այլ միջոցառումներ թանգարանի մասնաճյուղերում ու ենթաճյուղերում: Կազմակերպվեցին նաև դասախոսություններ: Ցուցահանդեսը կշարունակվի 2 ամիս: