[ARM]     [RUS]     [ENG]

ՙԴՈՒ ՎԱԽԿՈՏ ԵՍ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ՚

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հա­յա­սեր Հով­սե­փյա­նի հետ պայ­մա­նա­վոր­վել էինք հան­դի­պել 2020-ի աշ­նա­նը, ա­վե­լի ճիշտ՝ հոկ­տեմ­բե­րին՝ բա­նաս­տեղ­ծա­կան իր նոր շար­քի շուրջ զրու­ցե­լու:
Մինչև այդ ար­դեն հե­ռա­կա ծա­նոթ էի ի­րեն: Ժա­մա­նակ ա­ռաջ մա­մու­լում կար­դա­ցած նրա ՙԴու վախ­կոտ ես, խա­ղա­ղու­թյուն՚ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը ցա­վա­լիո­րեն ա­կո­սել էր հո­գիս և մնա­ցել ինձ հետ:
...Դու վախ­կոտ ես, խա­ղա­ղու­թյուն:
Տե­սել ես կար­միր ա­րյու­նը`
ըն­կած զին­վո­րի
և ա­նա­մո­թա­բար միշտ
լքում ես ինձ,
երբ ես կանգ­նում եմ
այս ա­րյու­նոտ խրա­մա­տում,
ինչ­պես հո­գին է լքում մար­մի­նը
սպան­ված իմ ըն­կե­րոջ:
Լքում ես... և հա­կա­ռա­կորդն
ա­նար­գել
կրա­կում է ինձ վրա:
Կանգ առ, դա­վա­ճան,
ես եմ զրա­հը քո կրծ­քի
և իմ սիր­տը՝
թի­րախ ո­սո­խին:
Մնա իմ թի­կուն­քում,
այն­տեղ մա­նուկ­ներ կան՝
ան­մեղ, ան­հոգ...
Կանգ առ, ա­նա­մոթ...

Հի­րա­վի, բա­նաս­տեղ­ծու­թյան յու­րա­քան­չյուր բա­ռը սր­տի կնիքն ու­նի, որ ծն­վել է հուզ­մուն­քի ծո­վա­ցած եռ­քից, և որն ի­րա­վունք ու­նի ա­սե­լու մահ­վան ու կյան­քի սահ­մա­նագ­ծի սար­սուռն ապ­րած զին­վո­րը: Իսկ այդ սահ­մա­նա­գի­ծը նրա հա­մար 2016-ի ապ­րի­լին էր:
Այն­ժամ 27 տա­րե­կան էր, ՊԲ սպա, և զին­վո­րա­վա­րի էր գնա­հա­տել ի­րա­վի­ճակն ու զին­վո­րա­վա­րի էլ ՙպա­տաս­խա­նատ­վու­թյան՚ կան­չել մեզ­նից այս է քա­նի դար փախ­չող խա­ղա­ղու­թյա­նը՝ ոչ միայն սաս­տե­լու, այլև՝ ուժ հա­ղոր­դե­լու՝ ա­սե­լով՝ ՙԵս եմ զրա­հը քո կրծ­քի՚:
Այ­նինչ խա­ղա­ղու­թյունն այդ ան­գամ էլ խու­սա­նա­վել է, վախ­կոտ հա­յաց­քը փախց­րել՝ իր հո­ղի ու հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը զին­վո­րագր­վա­ծի ան­նա­հանջ հա­յաց­քից:
Եվ զին­վո­րի չա­փա­ծո տո­ղերն ի­րենց շն­չով ցա­վագ­նո­րեն շա­րու­նա­կել են հո­լո­վույ­թի մեջ առ­նել չմարս­վող տագ­նա­պով լց­վող մեր օ­րե­րը:
Ծա­նո­թու­թյան ժա­մա­նակ իր պղն­ձա­կոփ բա­ռե­րի ա­տաղ­ձը փոր­ձել եմ տես­նել նրա դեմ­քին: Իսկ նրա հա­մեստ հա­յաց­քում շիկ­նանքն էր՝ ի պա­տաս­խան այն գո­վես­տի, թե բա­նա­կում ծա­ռա­յող սպան որ­քան պոե­տիկ շեշ­տեր է տես­նում իր դժ­վա­րին աշ­խա­տան­քում:
ԱՀ գրող­նե­րի միու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րին հազ­վա­դեպ էր նրա ներ­կա­յու­թյու­նը, եր­բեք չլս­վեց նրա ձայ­նը, հե­ռու էր բարձ­րա­կոչ խոս­քից, ա­սես, ի ներս էր առ­նում ոչ միայն տե­սածն ու լսա­ծը, այլև այդ ա­մե­նից ան­տես խո­րա­խոր­հուր­դը՝ մեզ­նից փախ­չող, վախ­կոտ խա­ղա­ղու­թյան ե­րե­րուն հա­յաց­քի տագ­նա­պում:
Երևի զին­վո­րա­վա­րի գի­տեր նաև, որ նոր պա­տե­րազմն ան­խու­սափ է, և ին­քը հայ­րե­նի­քի փր­կու­թյան հա­մար կյանք չխ­նա­յած տղա­նե­րի փո­խա­րեն էլ պի­տի մնար դիր­քե­րում: Ինքն ար­դեն երդ­վել էր նաև բա­նաս­տեղ­ծու­թյամբ:

Իմ հո­գին ա­րար­չու­թյունն է Աստ­ծո,
որ եր­կինք պի­տի տա­նեն ան­կու­միս
սպա­սող հրեշ­տակ­նե­րը ստր­կա­միտ:
Բայց մար­մին ու­նեմ ըմ­բոստ,
որ տվել եմ խրա­մատ­նե­րիդ ար­նա­ծա­րավ,
և ծած­կում եմ, ա­հա, քո մար­մի­նը
փխ­րուն մարմ­նով իմ պող­պա­տե,
բե­կե­լով սլաց­քը դե­պի քեզ սու­րա­ցող
մա­հա­բեր գն­դակ­նե­րի:

Հա­յա­սեր Հով­սե­փյա­նը ծն­վել է Մար­տու­նու շր­ջա­նի Խնու­շի­նակ գյու­ղում: Հա­մեստ, աշ­խա­տա­վոր ըն­տա­նի­քի զա­վակ էր, եր­կու քույ­րե­րի եղ­բայր: Դպ­րո­ցի հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան վաս­տա­կա­շատ ու­սուց­չու­հի Ի­րի­նա Հա­րու­թյու­նյա­նի խոս­քով, իր շնոր­հա­լի սա­նի­կը ստեղ­ծա­գոր­ծում էր դեռ 7-րդ դա­սա­րա­նից: Ա­մա­չում էր ու­սուց­չու­հուն ներ­կա­յաց­նել իր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը և միայն 10-րդում դա­սըն­կեր­նե­րը բա­ցե­ցին գաղտ­նի­քը: Պա­տա­նու հա­մար ան­չափ կարևոր էր սի­րե­լի ու­սուց­չու­հու ոգևո­րիչ խոս­քը, քա­ջա­լե­րան­քը: Իսկ մա­նա­կա­վար­ժի փոր­ձա­ռու հա­յացքն ար­դեն նկա­տել էր հատ­կա­պես ա­զատ թե­մա­յով շա­րադ­րու­թյուն­նե­րում երևա­ցող նրա գե­ղե­ցիկ, պատ­կե­րա­վոր խոս­քը:
Ու­րեմն, բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն ե­կել էին լրաց­նե­լու պա­տա­նե­կան հա­խուռն էու­թյան գու­նեղ ելևէջ­նե­րը:
Եվ Հա­յա­սե­րը, չնա­յած զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյա­նը, ողջ կյան­քում մնաց գրա­կա­նու­թյան տի­րույ­թում, բա­նա­սի­րա­կան բարձ­րա­գույն կր­թու­թյուն ստա­ցավ: Զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նից մի քա­նի տա­րի հե­տո ան­ցավ ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տան­քի:
Հա­յոց լե­զու և գրա­կա­նու­թյուն էր դա­սա­վան­դում ի­րենց գյու­ղի հարևա­նու­թյամբ գտն­վող Ծո­վա­տե­ղում, այ­նու­հետև՝ Քա­շա­թա­ղում:
Եր­կու սր­բա­զան բար­ձունք մնա­ցին նրա հա­մար հա­վերժ նվի­րա­կան. հայ­րե­նիքն ու բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, ո­րոնց և ծա­ռա­յեց անմ­նա­ցորդ:
Ան­շուշտ, այդ եր­կուսն իր հո­գում այն­քան միա­հյուս էին, որ մի­մյանց կեն­սա­կան լից­քեր փո­խան­ցե­լով գա­լի­քում ա­ռա­վել հզոր շեշ­տե­րով պի­տի ա­ռաջ­նորդ­վեին, ե­թե ա­նի­ծյալ պա­տե­րազ­մը չաղ­ճա­տեր նրանց լու­սե­ղեն պատ­կեր­նե­րը:
2020-ի սեպ­տեմ­բե­րի 27-ը կր­կին զին­վո­րագ­րեց, Հա­յա­սեր Հով­սե­փյա­նը կր­կին հայ­րե­նա­պաշտ­պան էր՝ ա­ռաջ­նագ­ծում: Իր պաշ­տե­լի Ար­ցա­խը վերս­տին վտան­գի մեջ էր, իսկ ու­րիշ տեղ նման հայ­րե­նիք չկա, ուր ՙ...ա­մեն մի քար լուռ պատ­մա­բան է, իսկ ա­մեն ժայռ թշ­նա­մու դեմ վա­հան, ա­մեն ծառ կռ­վից մի բե­կոր ու­նի կրծ­քում և ա­մեն ծա­ղիկ մի նա­հա­տա­կի սր­տից է ել­նում...՚:
ժա­մա­նա­կից ա­ռաջ ընկ­նե­լով,զին­վո­րի ու բա­նաս­տեղ­ծի ներք­նա­տե­սու­թյամբ Հա­յա­սեր Հով­սե­փյանն հայ­րե­նա­պաշտ­պան­նե­րի իր սերն­դի կար­ճատև, բայց կյան­քով առ­լե­ցուն ու­ղին է մատ­նան­շել՝ իբրև մար­տա­կոչ ազ­դա­րա­րե­լով.

Ես կառ­չել եմ այս հո­ղին իմ զո­րու­թյամբ,
ինչ­պես ծառն՝ իր ար­մատ­նե­րով,
ինչ­պես քարն՝ իր ծան­րու­թյամբ...

...2020-ի աշ­նա­նը կա­յա­նա­լիք մեր հան­դիպ­ման սպա­սու­մը պռն­կեպ­ռունկ լց­վեց դա­ժան պա­տե­րազ­մով, որն ա­վե­րեց և՜ մեր եր­կի­րը, և՜ մեր հո­գին: 32-ա­մյա Հա­յա­սեր Հով­սե­փյանն ըն­կավ վասն հայ­րե­նյաց՝ 2020-ի նո­յեմ­բե­րի 8-ին... Զա­վա­կի կորս­տով որ­բա­ցան ծնող­նե­րը: Տես­նես սգա­ցող քույ­րերն ճա­նա­չում են եղ­բոր ՙար­ցա­խա­չյա՚ սի­րուն, ում նվի­րել է այս տո­ղե­րը.

Բայց ես սի­րում եմ կյանքն ա­ռա­վել ուժ­գին, քան կա­րող եմ,
ո­րով­հետև կյան­քի մեջ կաս Դու,
Դու՝ ար­ցա­խա­չյա իմ սեր...

Հի­մա ապ­րող­նե­րիս ծվատ­ված հո­գի­նե­րում ան­լուր տան­ջան­քով փոր­ձում ենք ան­խա­թար պա­հել զո­հյալ­նե­րի հի­շա­տա­կը: Եվ Հա­յա­սեր Հով­սե­փյա­նի հետ չկա­յա­ցած, բայցև իմ հո­գում չլ­ռող զրույ­ցը փոր­ձել եմ ուր­վագ­ծել նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի օգ­նու­թյամբ: Իսկ այդ տո­ղե­րում ոչ միայն իմ, այլև բո­լո­րիս հար­ցե­րի պա­տաս­խան­ներն են: