[ARM]     [RUS]     [ENG]

Պատերազմն ու կորցրած տան կարոտը արցախցի երեխաների նկարներում

Անահիտ Հայրապետյան

 Պատերազմի հետևանքով Արցախի բնակավայրերից տեղահանված երեխաները ներկայացրել են պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում իրենց նկարչական աշխատանքները:

Ստեփանակերտի մշակույթի և  երիտասարդության  պալատի ճեմասրահում հունիսի 11-ին տեղի է ունեցել <<Մանկության երանգներ>> խորագրով ցուցահանդեսի բացումը։

Դեռևս անցած տարվա նոյեմբերից <<Համազգայինը Արցախի մանուկների կողքին>> ծրագրի շրջանակներում արցախցի երեխաներին Հայաստանում և Արցախում հնարավորություն է ընձեռվել հաճախելու արվեստի տարբեր խմբակների: Ծրագիրն իրականություն է դարձել Համազգային հայ կրթամշակութային կենտրոնի Արցախի գրասենյակի առաջարկով  և Համազգայինի Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի շրջանային վարչությունների հանգանակությամբ: Այս մասին տեղեկացրեց Համազգայինի Արցախի գրասենյակի  տնօրեն Հերմինե Ավագյանը, ով իր խոսքում ցուցահանդեսը կարևորեց որպես արցախցի երեխաների հոգեաշխարհի արտացոլում. 

- Այս ցուցահանդեսի միջոցով մենք չենք ցանկացել  ցույց տալ, թե ինչպես են  նկարում մեր երեխաները, այլ ցանկացել ենք ցույց տալ, թե ի՞նչ են նկարում մեր երեխաները, ի՞նչ էին նրանք նկարում պատերազմի օրերին և ի՞նչ են նկարում հիմա։ 

Երեխաների նկարներն անմիջականորեն կրում են կարոտի, հույսի ու հավատի երանգներ։ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում նշեց,  որ  գրեթե բոլոր նկարներում իշխում են անցյալն ու ներկան․

-Նկարներում շատ են տուն տանող ճանապարհները։ Մենք մեր երեխաների հայացքներին ուղիղ պիտի նայենք և առավելապես ձգտենք օգնել նրանց ճիշտ ընկալել  իրականությունը։ Հուսանք, որ դրականն ու լուսավորը կդառնա նրանց ոգևորության աղբյուրը և տուն տանող ճանապարհները կիմաստավորվեն։ 

Ցուցահանդեսին մասնակցող երեխաներն իրենց ցանկություններն են գրել <<Երազանքի պաստառի վրա>>։

Շուշեցի իննամյա Նարե Ավանեսյանն իր քաղաքն է նկարել և դրանով իր կոչն ուղղել աշխարհին․

-Նկարել եմ  Ղազանչեցոց եկեղեցին, մեր շենքերը, մեր տունը, իմ դպրոցը, թանգարանը և պարիսպը՝ Շուշի մակագրությամբ։ Այս նկարով աշխարհին ուզում եմ ասել, որ  խաղաղություն թող լինի և ես վերադառնամ Շուշի։

Ցուցահանդեսին ներկայացվել է նաև Մաճկալաշենի  խմբակի սաների ձեռագործ աշխատանքները։ Վերջում ԿԳՄՍ նախարարության կողմից ծրագրին մասնակից երեխաներն արժանացան պարգևների, իսկ Լուսինե Ղարախանյանը տեղեկացրեց, որ լավագույն նկարները ներկայացնելու դեպքում կտպագրվեն <<Լուսայգ>> մանկապատանեկան թերթում։

 

 

 Нет описания.