ԿԱՐԵՎՈՐԵՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցը Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով զրկվել է մշտական հասցե ունենալու հնարավորությունից տարիների ընթացքում ձեռքբերած ողջ գույքից, բայց պահպանել է ստեղծագործելու իր կամքն ու ոգին` իր ողջ կարողությունը` ներդնելով Արցախի մի քանի գյուղերի երեխաների մշակութային կրթության զարգացման գործում: Հունիսի 10-15-ին Տողի արվեստի դպրոցը հաշվետու համերգներով եզրափակել է 2020-2021 ուսումնական տարին։
Նշենք՝ Տողի արվեստի դպրոցը, պատկան կառույցների համաձայնությամբ, գործում է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Այգեստան, Խնածախ, ինչպես և Մարտակերտի շրջանի Ծմակահող ու Առաջաձոր գյուղերում։ Հաշվետու համերգների մեկնարկը տրվել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից, շարունակվել Նախիջևանիկ և Առաջաձոր գյուղերում։ Իսկ վերջին համերգը կայացել է Ծմակահողի դպրոցում։ Նշված գյուղերում գործող արվեստի դպրոցի այցելուների ելույթներից հետո, հանդես էին գալիս Տողի արվեստի դպրոցի սաներն ու նախկին շրջանավարտները։ Ի դեպ, վերջիններս սովորում են Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում։ Ինչպես շեշտում է տնօրենը, արվեստի դպրոցի դասատուները տեղահանված իրենց սաների հետ պարապմունքներն անց են կացնում երաժշտական քոլեջում։ Համերգները եզրափակվում էին ժողովրդական երգի դասատու Մարատ Հարությունյանի՝ երեխաներին հղած խրախուսող խոսքով և խրոխտ երգերով։ Բոլոր գյուղերում էլ համերգներն արժանացել են ջերմ ընդունելության։
Հունիսի 13-ին համերգ է կայացել նաև Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Ինչո՞ւ նաև Հաթերքում։ Որովհետև, ինչպես ասում է Տողի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը, կա մտադրություն` Հաթերքում բացելու արվեստի դպրոց։ Նախնական այց է կատարվել գյուղ՝ ծանոթանալու տեղի պայմաններին, հնարավորություններին։ Քանի որ գյուղը բավականին հեռու է մայրաքաղաքից, նույն օրը գնալ, դասավանդել ու հետ գալ, ինչպես մնացած գյուղերում, անհնար կլինի. պետք է հոգալ դասատուների գիշերակացը։ Պարզվեց, որ բոլոր մտահոգիչ հարցերը լուծելի են, մնում էր դասատուների համաձայնությունը։ Եվ համերգով հանդես գալը Հաթերքում՝ բացի հաթերքցիներին լուսավոր տրամադրություն հաղորդելուց, միտված էր լուծելու մի շարք խնդիրներ։
Պետք է ասել, որ Հաթերքի գյուղապետարանին կից կառուցված համերգային դահլիճը և համայնքին նվիրաբերած գերմանական դաշնամուրը ոգևորեց համերգի մասնակիցներին։ Ոգևորիչ էր նաև այն, որ Հաթերքի դպրոցի 5-6-7-րդ դասարանի աշակերտները սովորում են ազգային երգ-պար` դպրոցական ծրագրով, և ուսուցչուհի Նունե Դավթյանի հորդորով մեծ սիրով միացան համերգի մասնակիցներին։ ՙԱրցախ՚ համարով միացավ նաև հաթերքցի դհոլահարը և արդյունքում ստացվեց միացյալ համերգ, Մի խոսքով՝ անմոռանալի տպավորություններով Տողի արվեստի դպրոցի սաներն ու դասատուները վերադարձան մայրաքաղաք։
Դիմեցինք տնօրեն Սուսաննա Բալայանին մի քանի հետաքրքրող հարցերով՝ Հաթերքում արվեստի դպրոց բացելու, գյուղերում մշակութային կրթության զարգացման կարևորության մասին։
-Ընդհանրապես, երկրի մշակութային կրթության ներուժի զգալի մասը պետք է ուղղել գյուղական միջավայրում գեղագիտական դաստիարակության իրականացմանը։ Պետք չէ այն կուտակել մայրաքաղաքում կամ շրջկենտրոններում։ Անհրաժեշտ է յուրաքանչյուր ենթաշրջանում գոնե մեկ արվեստի դպրոց հիմնել և ուսումնական գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի տվյալ դպրոցում ընդգրկվեն ենթաշրջանի բոլոր փոքր ու մեծ գյուղերի երեխաները։ Այս առաքելությունն էր այն շարժիչ ուժը, որ 2005-ին տարավ ինձ Տող գյուղ և ստիպեց մեծագույն ջանքեր գործադրել՝ զրոյից արվեստի դպրոց հիմնելու նպատակով։ Այս դժվար ճանապահին իմ առջև դրված խնդիրների հաղթահարման գործում մեծագույն օգնություն են ցուցաբերել թե՜ տեղացի և սփյուռքահայ բարերարները, թե՜ Արցախի և Հայաստանի կառավարությունները, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը։ Միասնական այս ուժն է, որ նախորդ տարիներին դպրոցին մեծ հաջողություններ բերեց և այսուհետ էլ կբերի. գյուղաբնակ մեր բոլոր երեխաները պետք է դառնան հայկական հարուստ մշակութային ժառանգության կրողները, և գործընթացն այս շարունակական բնույթ պետք է ունենա։ Համոզված եմ, որ ինչպես կարողացել ենք նախորդ ամիսներին նշված գյուղերում կազմակերպել արվեստի դպրոցի գործունեությունը, այնպես էլ Հաթերք համայնքում մեզ կհաջողվի իրականացնել տեղի երեխաների գեղագիտական դաստիարակությունը։