Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՅԱՑԱՎ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Հունիսի 17-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացավ Ազգային նվագարանների և ժողովրդական երգի մրցույթը, որի նպատակն է հայկական ժողովրդական երգարվեստի և երաժշտարվեստի զարգացումը, շնորհաշատ պատանի երգիչներին և երաժիշտ-կատարողներին բացահայտելը, ինչպես և աջակցելը նրանց մասնագիտական զարգացմանը: Մրցույթը, ընդգծում է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մշակույթի կրթության և ժամանակակից արվեստի բաժնի պետ Ապրես Մարգարյանը, մեծ նշանակություն ունի ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների միջև շփման, համագործակցության և հանրապետությունում ազգային նվագարանների ուսուցման գործընթացի զարգացման համար:

Նշենք` մրցույթը կազմակերպվել է մեկ փուլով, երկու տարիքային խմբերով՝ կրտսեր /6-16 տարեկան ներառյալ/ և ավագ /17- 25 տարեկան/: Մրցույթին կարող էին մասնակցել ԱՀ երաժշտական ու արվեստի դպրոցների, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ազգային նվագարանների և ժողովրդական երգեցողության բաժինների շնորհալի աշակերտներ, ուսանողներ` անհատ կատարողներ, ինչպես նաև խմբեր, նվագախմբեր: Բոլոր մասնակիցները պետք է հանդես գային երկուական ստեղծագործությամբ՝ մասնակիցների կամ խմբերի ղեկավարների ընտրությամբ:
Մրցույթին, 9 անվանակարգերում, մասնակցել են ընդհանուր թվով 97 հոգի, որից 64-ը՝ անհատ կատարողներ, 33-ը՝ խմբային: Մրցույթի մասնակիցներն են Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Ստեփանակերտի ու ԱՀ շրջանների երաժշտական և արվեստի 8 դպրոցների ուսանողներն ու աշակերտները:
Մրցույթի հանձնաժողովի անդամներն էին ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների ամբիոնի պրոֆեսոր, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը, Արցախի ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասատու, թառահար Լևոն Սարդարյանը, երաժշտական քոլեջի դասատուներ` դուդուկահար Վարազդատ Հովհաննիսյանը, երգիչ Մարատ Հարությունյանը և Երևանից հրավիրված երգիչ Արթուր Առուստամյան-Խաչենցը: Մրցույթը տևեց մինչև ուշ երեկո, ուստի` արդյունքներն ամփոփվեցին հունիսի 18-ին:
ՀՀ ժողովրդական արտիստ Անժելա Աթաբեկյանը, ամփոփելով արդյունքները, գոհունակությամբ շեշտեց, որ կազմակերպիչները մեծ գործ են կատարել` համավարակից, պատերազմից հետո մրցույթում ընդգրկելով 100-ից ավելի մասնակիցներ: Արցախի ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանը մատնանշեց, որ մրցույթն ի հայտ բերեց նաև թերություններ, որոնց մասին պետք է բարձրաձայնվի` հետևություններ անելու նպատակով: Մասնավորապես, մասնակիցներից շատերը ելույթների սխալ ծրագրեր էին ընտրել, ինչպես և երգերի կամ ստեղծագործությունների բավականին թույլ կատարումներ են եղել: Անշուշտ, համոզված է նա, երեխաների թույլ պատրաստվածության պատճառը ոչ թե նրանց տվյալներն են, այլ ուսուցչի մասնագիտական մոտեցումը: Մասնակից երեխաների դասատուներն նկատեցին, որ մրցույթի կանոնակարգի ոչ բոլոր դրույթներն են հստակ և հույս հայտնեցին, որ հաջորդիվ այս հանգամանքը հաշվի կառնվի:
Տեղեկացնենք` մրցանակային տեղեր զբաղեցրած անհատ կատարողները 2021 թվականի հոկտեմբերին կմասնակցեն ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների Երևանում կայանալիք հանրապետական 6-րդ մրցույթին: