ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ, ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՂՎԱ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի
Հուլիսի 8-ին տեղի ունեցավ ԱՀ ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած ՙԱսպետ՚ ռազմամարզական ճամբարի պաշտոնական բացումը: Արդեն 12 տարի է, ինչ գործում է նախազորակոչային պատանիների համար նախատեսված այս ճամբարը: Նպատակը պատանիների նախազորակոչային պատրաստության իրականացումն է, որը ներառում է ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական ծառայության նախապատրաստման, ֆիզիկական առողջության ամրապնդման, առօրյա հանգստի կազմակերպման աշխատանքներ:
Ճամբարի կազմակերպչական աշխատանքներն անմիջականորեն դրված են ԿԳՄՍՆ ՆԶՊ և արտադպրոցական ծրագրերի վարչության վրա: Ինչպես տեղեկացրեց բաժնի պետ Արմեն Պետրոսյանը, ճամբարը մեկնարկել է հուլիսի 5-ին և երեք հերթափոխով տևելու է մինչև հուլիսի 31-ը: Առաջին հերթափոխում ընդգրկվել են Ստեփանակերտի և այստեղ տեղակայված Շուշիի ու Հադրութի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանների տղաները: Երկրորդ և երրորդ հերթափոխներում կմասնակցեն Մարտակերտի և Մարտունու շրջանների ու տեղահանված բնակավայրերի պատանիները:
Ճամբարի պետ, Ստեփանակերտի հ. 9 դպրոցի զինղեկ` մայոր Արսեն Հարությունյանն ասաց, որ ճամբարի օրվա կարգացուցակը մոտեցված է զինվորական ծառայության նորմերին: Պլանավորված են նաև գործնական հրաձգություն, ձեռնամարտի պարապմունքներ: Ճամբարի աշխատանքներում ընդգրկված են ուժային կառույցների ներկայացուցիչներ, որոնք ծանոթացնելու են տվյալ ուժային կառույցի առանձնահատկություններին և այսօրվա իրավիճակին համահունչ ուղղություն ու խորհուրդներ են տալու:
Ճամբարն ունի մրցանակային ֆոնդ` ռազմամարզական մրցումներում և մշակութային միջոցառումներում աչքի ընկած ճամբարականներին պարգևատրելու համար:
ՙԱսպետ՚-ի բացմանը ներկա էր ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:
ՙՄարդկային գործերում ամենաանբասիրը հայրենիքը սիրելն ու նրան նվիրվելն է: Համոզված եմ, որ այդ սերը ձեր մեջ կա, և դուք ավելի եք սիրելու մեր երկիրը, ավելի միասնական եք դառնալու, բռունցքվելու եք, լինելու եք հայոց բանակի հենարանը՚,-իր ողջույնի խոսքում նշեց նախարարը:
ԱՀ ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ` գնդապետ Մխիթար Ավշարյանը, ողջունելով ճամբարականներին, ասաց, որ ճամբարում ձեռք բերած ընկերությունը շարունակվում է բանակում, մարտի դաշտում. ընկերը ընկերոջը չի թողնում ոչ մի դեպքում:
ՙԱսպետ-2021՚-ին բարի երթ մաղթեց Աֆղանստանի պատերազմի վետերանների միության ՀԿ վարչության անդամ Շիրակ Զաքարյանը:
ՙԱսպետ՚ ճամբարին մասնակցելը անարդյունք չի անցնի: Երկու-երեք տարի հետո այս պատանիները կհամալրեն ՊԲ շարքերը` հոգեպես, ֆիզիկապես և զինվորական կյանքին նախապատրաստված. մեզ հետ զրույցում այս համոզմունքը արտահայտեցին ճամբարականներ Արամ Պիլիյանը, Դավիթ Գոտանյանը, Վազգեն Մկրտչյանը:
Թե մի քանի օրվա ընթացքում ինչ հմտություններ են ձեռք բերել պատանիները, ներկաները համոզվեցին արտադպրոցական ծրագրերի բաժն պետ Արմեն Պետրոսյանի ղեկավարությամբ ճամբարականների ձեռնամարտի ցուցադրական ելույթներից:
ՙԱսպետ՚-ին համերգային ծրագրով այցելել էին Ստեփանակերտի մշակույթի տան սաները` տնօրեն Ռաֆայել Ավանեսյանի գլխավորությամբ: Ճամբարի հանդիսավոր բացումը եզրափակվեց միասնական շուրջպարով: