[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արցախի գիտական կենտրոնի հրավիրած գիտխորհրդի հերթական նիստում ներկայացվել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող գիտական թեմաների ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները։ Նիստը վարում էր ԱՀ գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը։ Ներկա էին ԱՀ և ՀՀ գիտության գործիչներ, ԱՀ ԿԳՄՍ գիտության գծով փոխնախարար Հասմիկ Մինասյանը։

Իրականացվող գիտական թեմաների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես եկան թեմաների ղեկավարները, ովքեր ժամանել էին նաև ՀՀ-ից։ Զեկուցումներին զուգահեռ՝ նիստում քննարկվեցին հետազոտության արդյունքները տնտեսության մեջ կիրառելու հեռանկարները։
Օրակարգում ընդգրկված թեմաներն էին. ՙԱրցախ- Սփյուռք առնչությունները 20-րդ դարավերջին և 21-րդ դարի սկզբին՚ (ղեկավար՝ պ.գ.դ. Է. Մինասյան), ՙՂարաբաղյան հիմնախնդրի էթնոքաղաքական կոնֆլիկտի փիլիսոփայական տեսանկյունները՚ (ղեկավար՝ փ.գ.դ. Ա. Մանասյան), ՙԱզգային գոյաբանության և հայրենիքի տարածքային ամբողջականության հիմնախնդիրները 20-րդ դարի հայ գրականության մեջ՚ (ղեկավար՝ բ.գ.թ. Ն. Ավանեսյան), ՙԱՀ տարածքում աճող դեղաբուսական հումքի կազմի համալիր ուսումնասիրություն և դրանց հնարավոր կիրառումը հալենային և նոր հալենային դեղապատրաստուկների ստացման համար՚ (ղեկավար՝ ք.գ.թ. Ա. Ծատուրյան), ՙՀակամանրէային հատկությամբ օժտված պրոբիոտիկ մանրէներով անասնակերերի (սիլոս) հարստացման տեխնոլոգիայի մշակում՚ (ղեկավար՝ կ.գ.թ. Ա. Իսրայելյան), ՙԷթնոմշակութային գործընթացներն Արցախում 18-րդ դարի 2-րդ կես-20-րդ դարասկիզբ՚ (ղեկավար՝ պ.գ.թ. Մ. Բալայան), ՙԱդրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փաստաթղթերի վերլուծության (2004-2020թթ.) և ազգային անվտանգության արդի մարտահրավերների լույսի ներքո՚ (ղեկավար՝ քաղ.գ.թ. Հ. Փաշայան), ՙՆվազագույն մշակման օղակների ազդեցությունը հողի ջրալի ռեժիմի կարգավորման և դաշտային մշակաբույսերի երաշտադիմացկունության բարձրացման վրա՝ Արցախի նախալեռնային գոտու անջրդի պայմաններում՚ (ղեկավար՝ գ.գ.թ. Ս. Գալստյան), ՙԱՀ լեռնային երկրագործությունում հողի մշակման նոր էներգախնայող տեխնոլոգիայի և լիակատար մեքենայի մշակում և արտադրական փորձարկում՚ (ղեկավար՝ գ.գ.դ. Պ. Տոնապետյան) և ՙԱրդի տնային տնտեսությունների պանրի կաթնաթթվային մանրէների կենսաբազմազանության ուսումնասիրումը. նոր պանիրների մերանների տեխնոլոգիայի մշակում՚ (ղեկավար՝ կ.գ.թ. Լ. Առստամյան)։
Ներկայացված 10 գիտական թեմաներից 5-ն ավարտման փուլում են, իսկ մյուս 5-ի աշխատանքները դեռ նոր են մեկնարկել։
Զեկուցողներն իրենց ելույթներում հատկանշեցին թեմաների արդիականությունն ու դրանց նշանակությունը՝ երկրի տնտեսության զարգացման գործում, նաև պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։
Գիտխորհրդի նիստը վերոնշյալ բոլոր թեմաների շրջանակներում կատարված աշխատանքներն ընդունեց ի գիտություն։ Թեմաների ղեկավարներին հանձնարարվեց կատարողներից պահանջել, որպեսզի աշխատանքներն ավարտին հասցվեն համաձայն օրացուցային պլանի, ինչպես նաև՝ սահմանված ժամկետում հաշվետվությունը ներկայացնեն համապատասխան գերատեսչական մարմնին։