[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ. SUNRISE STEPANAKERT ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԿԻՆՈԴԻՏՄԱՄԲ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Պոլ Էլյուարի Տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում հուլիսի 16-ին տեղի ունեցավ Sunrise Stepanakert արվեստի փառատոնի վերջին միջոցառումը՝ Մարիամ Ավետիսյանի ՙԱպրելու ցանկություն՚ ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի օպերատորն է Տիգրան Գասպարյանը:

Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանը դեռ ձմռանն էր նախաձեռնել ՙԱպրելու ցանկություն՚ խորագիրը կրող վավերագրական ֆիլմաշարի նկարահանումները` նպատակ ունենալով ցույց տալ հետպատերազմական կյանքն Արցախում:
ՙԱյս կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը ցույց են տալիս, թե պատերազմն ինչ հետևանքներ է թողել Արցախում բնակվող մարդկանց վրա՚,- ասաց Մ. Ավետիսյանը՝ հավելելով, որ նկարահանող խումբը որոշել է նախագիծն սկսել պատերազմից անմիջապես հետո, որպեսզի աշխարհին ցույց տա, որ Արցախը զուտ տարածք չէ, և որ այստեղ կան շատ երազանքներ, սեր և ճակատագրեր: Վեց ամիսների ընթացքում խումբը հասցրել է նկարահանել 25 ֆիլմ, որոնց հերոսները պատմում են իրենց խաթարված կյանքի, երազանքների, բայց և հույսերի, հարազատ հողին, հայրենիքին նվիրվելու մասին:
Փառատոնի համահիմնադիր Շուշան Քեշիշյանի խոսքով` կազմակերպիչների կողմից հատուկ էր ընտրվել ՙԱպրելու ցանկություն՚ ֆիլմի ցուցադրությունը` որպես փառատոնի վերջին միջոցառում: ՙՑանկացանք ՙԱպրելու ցանկություն՚ խորագրով ամփոփել փառատոնը Ստեփանակերտում: Փառատոնի նպատակն էր շեշտել, որ մենք Արցախում ենք և շարունակելու ենք այստեղ ապրել՚, - շեշտեց Շ. Քեշիշյանը:
Կինոդիտմանը հաջորդած քննարկման ընթացքում ներկաները կիսեցին իրենց տպավորությունները: Մարիամ Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց հանդիսատեսներին՝ ջերմ արձագանքի համար, ինչպես նաև փառատոնի կազմակերպիչներին՝ ֆիլմի ցուցադրության համար: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` ֆիլմի հեղինակն ասաց, որ նկարահանող խումբը դեռ շարունակում է իր աշխատանքը և շուտով կթողարկվեն ֆիլմաշարի հաջորդ հատվածները: