[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի ընդունելության թափուր տեղերի մրցույթը, որին կարող են մասնակցել այն դիմորդները, ովքեր ունեն միասնական քննություններից դրական մեկ կամ երկու գնահատական: Թափուր տեղերի համար մրցույթը տևելու է մինչև հուլիսի 27-ը, որից հետո հրապարակվելու են նաև այս փուլում ընդունվածների ցուցակները:

Իսկ թե ինչ արդյունքներ են գրանցվել բուհերի ընդունելության հիմնական փուլում, մեկնաբանում է ԱՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ տնօրեն Յուրի ՔԱՐԱՄՅԱՆԸ:

Նրա տեղեկատվությամբ` ընդունելության քննություններին մասնակցել է 667 դիմորդ, որից ԱրՊՀ դիմել է 351 հոգի, Շուշիի տեխնոլոգիական համալսարան` 28, ՙԳրիգոր Նարեկացի՚` 56, ՙՄեսրոպ Մաշտոց՚` 34, ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտ`12, ՀՀ նպատակային տեղերի համար` 122, ոչ նպատակային տեղերի համար` 64 /վերջիններս այն դիմորդներն են, ովքեր քննություն են հանձնել ՀՀ-ում ընդհանուր հիմունքներով, նրանց արդյունքները հայտնի կդառնան քիչ ուշ/:
Յու. Քարամյանը նախ անդրադարձավ ՀՀ բուհերում Արցախին հատկացված 92 նպատակային /62 անվճար և 30 վճարովի/ տեղեր ընդունվածներին: Ընդհանուր թիվը պահպանվել է, սակայն ոչ բոլոր մասնագիտություններն են համալրվել, և թափուր տեղերը տրվել են բարձր մրցույթ ունեցող մասնագիտություններին: Բացի 60 անվճար տեղից /գումարած` երկու պահուստային տեղ/ ավելացվել է վճարովի աստղանիշով 14 տեղ, ինչը նշանակում է, որ այդ դիմորդներն ունեն բարձր անցողիկ շեմ և նրանց ուսման վճարը փոխհատուցելու է ԱՀ կառավարությունը: Այս ցուցակում ընդգրկված են զոհված ազատամարտիկների երեխաներ, հաշմանդամություն ունեցող, բանակից զորացրված դիմորդները: Նույն ցանկից 12 հոգի ՙԲուժական գործ՚մասնագիտությամբ են/ ցուցակը եզրափակող նվազագույն միավորը 24,25-ն է/, մեկական`ՙՍննդի անվտանգություն՚ /ԵՊՀ/ և ՙԼոգոպեդիա՚ /Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան/` Արցախում պահանջված մասնագիտություններով ընդունվածները:
Նպատակային տեղեր ընդունվածների մեծ մասը ՙԲուժական գործ՚ մասնագիտությամբ են: Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան` նախատեսված 15/8 անվճար և 7 վճարովի/ տեղի փոխարեն` ընդունվել է 38 հոգի, որից 19-ը` անվճար, 8-ը` պլանով նախատեսված, 2-ը` պահուստային տեղերով` 9-ը` թափուր մնացած նպատակային տեղերի հաշվին: Այստեղ ընդունելության նվազագույն միավորը 35-ն է: 12- հոգի, ինչպես վերը նշեցինք, ընդունվել է վճարովի աստղանիշով, իսկ 7 վճարովի տեղերը մնացել են անփոփոխ:
Յու. Քարամյանը գոհ է ընդունվածների գիտելիքների մակարդակից: Ասում է` մտահոգված էինք, թե պատերազմական և ետպատերազմյան պայմաններում երեխաները ինչպես են հանձնելու քննությունները, բայց պարզվում է` լավ պատրաստ էին:
Ցավալին այն է, որ նպատակային տեղերում որոշ պահանջված մասնագիտություններով, մասնավորապես, ագրարային, ընդհանրապես չեն հայտագրվել. մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ մեծ անելիքներ կան Արցախում:
Արցախի Հանրապետության բուհեր ընդունվել է 373 հոգի, որից ԱրՊՀ` 280, Շուշիի տեխնոլոգիական համալսարան` 18, ՙԳիրգոր Նարեկացի՚` 48, որից 46-ը` ՙֆիզկուլտուրա և Նախնական զինվորական պատրաստություն՚ մասնագիտությամբ, ՙՄեսրոպ Մաշտոց՚` 15, ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտ` 12 դիմորդ:
Ընդունվածները կազմում են դիմորդների 77 տոկոսը` 465 հոգի, ինչը Յու. Քարամյանը նորմալ համարեց:
Նշենք, որ ընդունվածները կայուն մասնագիտական կողմնորոշում ունեցողներն են: Այս տարի ընդունելության կարգը կազմվել է ՙմեկ մասնագիտություն` մի քանի բուհ՚ սկզբունքով. դիմորդը նույն մասնագիտությունը հայտագրել է մի քանի բուհերի համար, այդ թվում` ՀՀ-ի:
Բայց ահա լրացուցիչ մրցույթի փուլում, որն արդեն սկսված է, չընդունված շուրջ 200-ի հասնող դիմորդների մեջ եթե կան մեկ կամ երկու առարկայից դրական միավորներ ստացածներ, կարող են հայտագրվել թափուր տեղերի համար, ընդ որում` մինչև 6 մասնագիտություն: Այս դեպքում առավելությունը տրվելու է բարձր միավորին: Ակնկալվում է, որ լրացուցիչ փուլին շատերը կմասնակցեն, ինչի հավաստումն է այս հարցով հետաքրքրված դիմորդների հոսքը ԳԹԿ: Նրանցից ոմանք առաջին քննությունից կտրվելուց հետո հանձնել են երկրորդը: Այժմ բուհերը զբաղված են իրենց թափուր տեղերը հայտարարելու գործընթացով: Յու. Քարամյանն ասաց, որ  դիմորդը կարող է մտնել dimord.am կայք և հայտագրվել այն մասնագիտությունների համար, որոնց համապատասխան քննական առարկաներից ունի դրական միավոր: