Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

DSC02453.jpgՊատմության և մշակույթի անշարժ հուշարձաններն են պետական հաշվառման վերցված պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցները, դրանց համակառույցներն ու համալիրները` իրենց գրաված,  կամ՝ պատմականորեն իրենց հետ կապված տարածքով  դրանց մաս կազմող հնագիտական, գեղարվեստական, վիմագրական, ազգագրական  բնույթի տարրերն ու բեկորները, պատմամշակութային և բնապատմական արգելոցները, հիշարժան վայրերը` անկախ պահպանվածության աստիճանից:
ԼՂՀ տարածքում գտնվող հուշարձանները օրենքով գտնվում են պետության պահպանության ներքո: Պետական պահպանության տակ է վերցված շուրջ 10 հազար պատմաճարտարապետական հուշարձան, որոնցից վկայագրված են 4 հազարը:
Հուշարձանների հաշվառման վերաբերյալ հրահանգներում հստակ բաժանված են ճարտարապետական և քաղաքաշինական արվեստի և հնագիտական հուշարձանները։ Հնագիտական հուշարձաններ են քաղաքատեղիները, շիրմաթմբերը հին բնակավայրերի, ամրությունների, արտադրությունների, ջրանցքների, ճանապարհների մնացորդները, հին թաղումների տեղերը, քարակոթողները, ժայռահատ կիրճերը, հին առարկաները, հին բնակավայրերի պատմամշակութային շերտի հատվածները։ 
Ընդհանուր առմամբ, նման տարբերակումը լիովին հասկանալի և ընդունելի է, սակայն այդ բաժանումը, հատկապես հնագիտական բնույթի հուշարձանների առանձնացումը, խիստ պայմանական է, քանի որ յուրաքանչյուր հնագիտական հուշարձան իր մեջ ներառում է այլ տիպերի՝ ճարտարապետական և արվեստի հուշարձանների հատկանիշներ և ընդհակառակը։
Հնագիտական հուշարձանների մեծ մասը տեղադրված է գյուղատնտեսական և շինարարական աշխատանքների համար պիտանի վայրերում, և ելնելով տնտեսական պլանների  իրագործման հեռանկարներից, հաճախ հարկ է լինում դրանց հետագա պահպանության հարցը լուծել համատեղ միջոցառումների իրականացմամբ:  Այս դեպքում  գործում են հուշարձանների պահպանության  և ուսումնասիրության վերաբերյալ օրենքներն ու հրահանգները, որոնք լայն հնարավորություն են ընձեռում պայմանագրային եղանակով կազմակերպելու հուշարձանների պեղման, ուսումնասիրման, չափագրման, լուսավավերագրման եւ հրատարակության գործը` պատվիրատուների միջոցներով: 
Հնագիտական հուշարձանների ավերման պատճառներից մեկը գանձախուզությունն է։ Վերջինիս դեմ պայքարելու համար դեռևս շատ հին ժամանակներից մշակվել են միջոցներ, որոնցից մեկը ՙկեղծ՚ դամբարանների առկայությունն է։ Սակայն հնարքներ չկան կանխելու բնության գործած ավերածությունները։ Պեղվող կամ պեղված հուշարձաններին մեծ վնաս են հասցնում ջերմաստիճանի տատանումները, տեղումները, քամիները և այլն։ Նման դեպքերում մեծ նշանակություն է տրվում հուշարձանի ժամանակին  վերականգնման միջոցառումներին։  Այդ առումով նշանակալի աշխատանքներ են կատարվել Շուշիի Ղազանչեցոց, Գանձասարի, Ամարասի, Դադիվանքի և մի շարք այլ եկեղեցիների, հնագիտական հուշարձանների, սրբավայրերի, խաչքարերի պահպանության ուղղությամբ։
Զգալի տեղաշարժեր են կատարվել 2008թ. օգոստոսի 13-ին ԼՂՀ ԿԱ զբոսարջության վարչության ու նրա կազմում ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի կազմակերպումից հետո։
Շահագրգիռ համապատասխան մարմինների հետ համատեղ մշակվել են միջոցառումներ պեղվող հուշարձանների կոնսերվացման, տարածքների բարեկարգման և պահպանության համար, կազմվել են դրանց պահպանական գոտիների 628 նախագծեր:
Հուշարձանների պահպաման համար մշակվել են հատուկ շրջայցի մատյաններ, որտեղ արտացոլվում են յուրաքանչյուր ամսում տվյալ հուշարձանի շրջակայքում կատարված աշխատանքները:  Այնուհետեւ դրանք ուսումնասիրվում են շրջանային պետական ծառայությունների կողմից և կիրառվում անհրաժեշտ միջոցառումներ: Կազմվում են  հնադարյան հուշարձանների կոնսերվացման և բարեկարգման նախագծային փաստաթղթերը, որոնց հիման վրա իրագործվում են վերականգնողական, շինարարական աշխատանքներ:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա  Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած  Տիգրանակերտ քաղաքը և 2006-2009թթ. հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում:  Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի  տեղը ճշգրտորեն  պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ Խաչենագետի ներքնահովիտը  հանդիսանում է մշակութային եւ բնական մի  յուրօրինակ տարածք, որը ցուցադրում է հայ էթնոմշակույթի մշտական ներկայությունը ընդհուպ մինչեւ նոր ժամանակները:
Ուստի, ինչպես Տիգրանակերտի  հնագիտական հետազոտությունը, այնպես էլ Խաչենի ողջ ներքնահովտի համալիր հետազոտությունը` հայագիտության առաջնահերթ խնդիրներից մեկն է:
Հանրապետության տարածքի հուշարձանների պահպանության գործի դրվածքը վճռականապես բարելավելու իմաստով  մեծ նշանակություն ունեցավ ՙՊատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին՚ 1999թ. մայիսի 20-ի ԼՂՀ օրենքի ընդունումը: 
Ելնելով օրենքի պահանջներից՝ շրջանային վարչակազմերի որոշմամբ բոլոր համայնքներում անհրաժեշտ է ստեղծել հուշարձանների պահպանությանն աջակցող հանձնաժողովներ իրենց տարածքներում գտնվող հուշարձանների նկատմամբ տնտեսական և ուսումնական հիմնարկների խնամակալություն (շեֆություն) կազմակերպելու համար։
Հանրապետությունում զգալի տեղաշարժեր են կատարվել հնագիտական հուշարձանների պահպանության և ուսումնասիրության գործում: Արմատապես բարելավվել է այդ աշխատանքներին երիտասարդությանն ու դպրոցականներին ակտիվ մասնակից դարձնելու գործը: Այս բնագավառում հետաքրքիր ու բազմաբովանդակ աշխատանքներ են իրականացվում ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի Քաշաթաղի, Շուշիի, Հադրութի եւ Ասկերանի շրջանային  պետական ծառայությունների կողմից, որոնց փորձը կարելի է ուսումնասիրել և տարածել:  Դրական արդյունք են տալիս ամեն եռամսյակի վերջում անցկացվող աշխատանքային խորհրդակցությունները, որտեղ լսվում են շրջանային ծառայությունների պետերի հաշվետվությունները, պարզաբանվում նրանց հետաքրքրող հարցերը, ուղիներ նշվում աշխատանքում բացթողնված թերությունները վերացնելու համար:
Այդուհանդերձ, վերջին ժամանակներս հուշարձա նների ոչնչացման դեպքերը հանրապետության տարածքում չեն բացառվել։ Փորձը ցույց է տալիս, որ հուշարձանների պահպանության խնդիրը միայն վարչական ճանապարհով չի կարող լուծվել, և պատահական չէ, որ մեր Սահմանադրության մեջ և համապատասխան օրենքներում այն համարվում է համաժողովրդական գործ։ Ցավոք, մեր հասարակության լայն շերտերը պատշաճ նախաձեռնություն չեն ցուցաբերում։ Ըստ երևույթին, այդ պասիվությունը հուշարձանների խնդիրներով զբաղվողների աշխատանքի վատ կազմակերպման, անցյալի ժառանգության ոչ բավարար գնահատման և քարոզչության հետևանք է։
Հնագիտական հուշարձանների պահպանությունն ապահովելու համար նպատակահարմար կլիներ ստեղծել աշխատանքային խումբ, որը կատարվող աշխատանքների վերլուծության հիման վրա մշակեր և կառավարությանը ներկայացներ մի շարք միջոցառումներ:
Դրանց թվում պետք է.
¬ գործող օրենքի մեջ փոփոխություններ մտցնելը ժամանակակից վերակառուցման հիմնական սկզբունքների ոգով,
¬ օրենքի հոդվածների մեջ պետք է ավելի որոշակիություն, հստակություն մտցվեն տարբեր կազմակերպությունների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ,
¬նախապատրաստել ու կառավարության հաստատմանը ներկայացնել որոշման նախագիծ հնագիտական հուշարձանների պահպանության վիճակը  հանրապետությունում բարելավելու  միջոցառումների մասին,
¬ստեղծել  հնագիտական հուշարձաններ վերականգնողների հատուկ խումբ Ստեփանակերտում, որը կունենա իր արվեստանոցը համապատասխան նյութատեխնիկական բազայով: Վճռել համապատասխան  նախագծող և  վերականգնող մասնագետների պատրաստման հարցը:  Այդ նպատակով Արցախի պետական համալսարանում կատարել հնագետների նպատակային ընդունելություն, նրանց մասնագիտացումը սկսելով առաջին կուրսից, ներգրավելով ամենամյա պրակտիկ դաշտային աշխատանքներում,
¬վերանայել հուշարձաններն ավերող և վնասող կազմակերպությունների և անձանց նկատմամբ կիրառվող օրենսդրական ակտերը: Հատուկ ուշադրություն դարձնել տարբեր աշխատանքների ժամանակ պատահաբար բացվող հուշարձաններն ավերումից փրկելուն: Նպատակահարմար գտնել ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչությունում տեղադրել հատուկ հեռախոս եռանիշ համարով ¥օրինակ 005¤, այդ մասին հայտարարելով և սահմանելով հատուկ ֆոնդ` ահազանգողներին խրախուսելու  համար,
¬ խուսափել մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ թանկարժեք քարերից և ազնիվ մետաղներից նորահայտ գտածոները տարփողելուց, դրանք հրատարակել  միայն բնագիտական պարբերականներում` գանձախուզություն չհրահրելու համար,
¬ ուժեղացնել մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպվող քարոզչությունը, հասարակության բոլոր խավերի, հասարակական կազմակերպությունների, արհմիությունների, ստեղծվող հանձնաժողովների  ամենօրյա, հետեւողական աշխատանքը և սրտացավությունը, կիրառել հուշարձանների պահպանության գործում ակտիվություն ցուցաբերող քաղաքացիների և  կազմակերպությունների պարգեւատրումներ,
¬ ԼՂՀ կրթության և գիտության նախարարության համաձայնությամբ, հանրակրթական դպրոցներում քարոզչական նպատակով հատկացնել պատմամշակութային հուշարձաններին նվիրված դասաժամեր:
Հնարավորության սահմաններում վերանայել բնագավառի աշխատողների աշխատավարձի չափը:
Այժմ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրամասի հուշարձաններն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար՝ կապված ոչ միայն  դրանց հաշվառման, պահպանման,  վերականգնման, օգտագործման և քարոզչության հետ, այլեւ բոլոր ժողովուրդների  մշակութային պատմության ընդհանրացման համար:
Նորաստեղծ ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ պետական ոչ առեւտրային կազմակերպության պահպանության ներքո գտվող արգելոց-թանգարաններն ունեն հաճախելիության բարձր ցուցանիշներ, համարվում են զբոսաշրջային սիրված տեսարժան վայրեր: Բացի դրանից,  հանդես են գալիս որպես կարևոր գիտահետազոտական կենտրոններ:
 
Սերգեյ  ԴԱՎԹՅԱՆ 
ՙՊատմական միջավայրի պահպանության 
պետական ծառայություն՚  ՊՈԱԿ-ի փոխտնօրեն