[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ԱԳՆ․ ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինի կարգավիճակի հարցը

 

ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինի կարգավիճակի հարցը։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք․

Առաջին հերթին, կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ ջերմ ընդունելության եւ քիչ առաջ տեղի ունեցած բովանդակալից զրույցի համար։

Անկասկած, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բացառիկ բնույթի հարաբերությունները կանխորոշել են ինչպես իմ օտարերկրյա առաջին այցի աշխարհագրությունը, այնպես էլ` այսօրվա բանակցությունների մթնոլորտը, որոնց արդյունքները, վստահ եմ, ամբողջությամբ տեղավորվում են մեր պետությունների դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ջանքերի տրամաբանության մեջ։

Բաց եւ վստահելի մթնոլորտում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հիմնական հարցերը, որոնք լայն դաշտ են ստեղծում նաեւ բազմակողմ հարթակներում արտաքին քաղաքական համակարգման համար: Հանգամանալից անդրադարձ է կատարվել միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, եւ, առաջին հերթին՝ իհարկե, մեր տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության թեմային։

Բնականաբար, պատշաճ ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը՝ նշելով այն ուղղությունները, որոնց շուրջ պետք է ակտիվացնել համատեղ ջանքերը։     

Հիմնական շեշտը դրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման հետ կապված հարցերի քննարկմանը: Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի կասեցման գործում։ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես Բաքվի կողմից սադրանքներ կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովող գործոն, նախադրյալներ է ստեղծում  բնականոն կյանքի վերականգնման համար: Այս կապակցությամբ կցանկանայի երախտագիտությամբ նշել Ռուսաստանի Դաշնության եւ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետեւողական ջանքերը։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնց թվում խիստ արդիական է ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք: Դրա հետ մեկտեղ, 10 ամիս անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, ոտնահարում է ինչպես տվյալ հարցի վերաբերյալ, այնպես էլ հայտարարության այլ դրույթների իրագործումը՝ միեւնույն ժամանակ տարածելով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանությունը: Եվ այս ամենը մատնանշում է Բաքվի՝ պայմանավորվածությունները հարգելու կարողության աստիճանը, որը շարունակում է դիմել ակնհայտ սադրանքների՝ լուրջ հարվածի տակ դնելով տարածաշրջանում, առանց այդ էլ,  երերուն իրադրությունը։

2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք անընդունելի է եւ միջազգային իրավունքի բացահայտ խախտում է:

Մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը մեր երկարաժամկետ ռազմավարությունն  է, եւ մենք պատրաստ ենք այդ օրակարգի շուրջ ակտիվ բանակցություններ վարել։ Սակայն Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ տարածքային անհիմն պահանջները եւ ադրբեջանական իշխանությունների շարունակական ագրեսիվ հռետորաբանությունը որեւէ կերպ չեն նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը։

Այսօր իմ կողմից եւս մեկ անգամ արձանագրվեց այն փաստը, որ Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հարցը շարունակում է  մնալ բաց: Մենք հիմք ենք ընդունում այն, որ բացառապես բանակցությունների միջոցով կարելի է հասնել խնդրի կարգավորմանը, որը խաղաղություն եւ կայունություն կհաստատի Հարավային Կովկասում։  Նման կարգավորման հիմքում պետք է, առաջին հերթին, ընկած լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Տարածաշրջանի վերականգնման գործում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավման հարցի շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ իմ կողմից արձանագրվեց, որ հումանիտար հասանելիությունը Արցախ չպետք է քաղաքականացվի․ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է: Չափազանց հրատապ է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված մի շարք մշակութային, այդ թվում՝ հայկական կրոնական հուշարձանների պահպանության խնդիրը։ Չափազանց հրատապ է նաեւ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած Արցախի բազմաթիվ մշակութային, այդ թվում` հայկական կրոնական հուշարձանների պահպանման խնդիրը:

Անդրադառնալով տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը՝ նշվել է, որ հաղորդակցման ուղիների բացումը կարող է փոխել տարածաշրջանի պատկերը, դիվերսիֆիկացնել լոգիստիկ կապը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը ուրվագծում է այդ գործընթացի շրջանակները։ Այստեղ նույնպես, մեր համոզմամբ, դրույթների կամայական մեկնաբանումն անթույլատրելի է։ Արտաքին քաղաքականության համակարգման համատեքստում քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, որտեղ Հայաստանը շուտով կստանձնի նախագահությունը, որը միտված կլինի կազմակերպության ներուժի բարձրացմանը՝ ի շահ հավաքական հիմունքներով անվտանգության ապահովման եւ համաչափ զարգացման:

Եվ վերջում կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար: Սպասում ենք Ձեզ Երեւանում` Ձեզ հարմար ցանկացած ժամանակ»,-հայտարարել է Արարատ Միրզոյանը։