[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԵԼԻ ՔԱՆ 130 ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑՈՒ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՍԿԻԶԲԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՄԱՐ 2 ԴՊՐՈՑՈՒՄ

Աննա Պետրոսյան

 Ստեփանակերտի Ա. Ղուլյանի  անվան համար 2 հիմնական դպրոցում առաջին զանգը  դպրոցական կյանքի մեկնարկն է ազդարարել 135 առաջին դասարանցիների համար։ Տնօրեն Լաուրա Մարտիրոսյանի հաղորդմամբ այս ուսումնական տարում ընդհանուր առմամբ  Ա․ Ղուլյանի անվան համար 2 դպրոց է հաճախել 1100 աշակերտ։

Նրա խոսքով  օկուպացված բնակավայրերից տեղահանված երեխաների հաճախելու հանգամանքով պայմանավորված, նախորդ տարվա համեմատ աշակերտների թիվը բավականին աճել է:

-Առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված էլեկտրոնային ծրագրով,-նշեց տնօրենը՝ հավելելով, որ առաջին դասարանի աշակերտների ընդունելության գործընթացում, տեղահանված ընտանիքների երեխաների դեպքում  հաշվի են առել այն հանգամանքը, որ նրանց եղբայրները կամ քույրերը նախորդ ուսումնական տարվանից սովորում են իրենց դպրոցում։ Կրթօջախի  նախադպրոցական բաժին է հաճախում  140 սան:

Ներկայում Ստեփանակերտի համար 2 դպրոցի շենքում է գործում նաև  Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցն իր ամբողջ անձնակազմով՝ աշակերտներ ու ուսուցիչներ։ Շուշիի դպրոցն աշխատում է երկրորդ հերթով:

Ինչպես արցախյան բոլոր կրթօջախներում, այնպես էլ  Ստեփանակերտի համար 2 դպրոցում ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվել է  Գիտելիքի և դպրության օրվան ու  Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված միջոցառմամբ։