[ARM]     [RUS]     [ENG]

Ստեփանակերտում միջազգային գիտաժողով է նախատեսվում

 

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանն այս տարվա նոյեմբերի 27-ին կկազմակերպի «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց պետականության վերականգման 30-ամյակին և ՄՄՀ հիմնադրման 25-ամյակին:Այս մասին տեղեկացրին Մեսրոպ Մաշտոց համալսարանի մամուլի ծառայությունից։ Գիտական և փորձագիտավերլուծական հանրության բոլոր ներկայացուցիչներին գիտաժողովի կազմկոմիտեն հրավիրում է մասնակցելու պատմության և քաղաքականության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին: Ըստ կազմակերպիչների՝ տվյալ ձևաչափը հնարավորություն է տալիս վերհանել տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակի խնդիրներն ու հեռանկարները։ Գիտաժողովի ոլորտներն են մասնավորապես ՝ կրթությունը, պատմությունը, քաղաքագիտությունը, իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, լրագրությունը, կոնֆլիկտաբանությունը և այլն: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը: