ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱ՞ ՆԵՐՈՒԺ՝ ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ
2021-2022թթ. ուսումնական տարի ենք թևակոխել։ Պատերազմից հետո անելիքները սովորականից շատ են։ Ուսումնական գործընթացի ձևաչափի, ուսման որակի, վարձավճարների, ԱրՊՀ նոր կառուցվող մասնաշենքի և այլ հարցերի շուրջ է ՙԱզատ Արցախ՚-ի զրույցը ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ։
-Ուսումնական տարին սկսված է։ Խնդիրները շատ են։ Ի՞նչը կլինի առաջնահերթություն,կփոխվի՞ ձևաչափը ուսումնական գործընթացը կազմակերպելու հարցում։
-Ուսումնական տարին սկսում ենք բավականին անսովոր պայմաններում՝ պատերազմի պատճառով ունեցած անասելի ծանր կորուստների ցավը մեր հոգում. մեր քսանհինգ լույս տղաների բացակայությամբ, ովքեր հերոսաբար նահատակվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանց սխրանքը պարտադրում է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ լինի դասախոս, սովորող, թե պաշտոնյա, իր պարտականությունն ու առաքելությունը կատարի էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու կարողանա պատշաճորեն լուծել իրեն վերապահված խնդիրը։
Յուրաքանչյուր կրթական հաստատության առաջնահերթ խնդիրը որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթություն ապահովելն է, իսկ բուհի համար՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող, մրցունակ մասնագետ պատրաստելը։
Խնդիրներն, անշուշտ, շատ են, մանավանդ՝ պատերազմից հետո։ Բայց մենք քայլ առ քայլ փորձում ենք հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք ստեղծվել են նախ՝ համավարակի, և հետո նաև՝ պատերազմի պատճառով։ Համավարակի օրերին, երբ ստիպված էինք անցնել առցանց ուսուցման, բուհում հաջողությամբ ներդրվել և գործարկվել է Google for Education համակարգը, որն ապահովում է առցանց ուսուցում։ Այս համակարգում ԱրՊՀ-ում ուսուցանվող յուրաքանչյուր դասընթաց ունի իր էլեկտրոնային հարթակը, որտեղ ներբեռնված են համապատասխանաբար տվյալ դասընթացի դասախոսությունները, առարկայական նկարագրերը և ուսումնական այլ անհրաժեշտ նյութեր, կցված են դասախոսն ու ուսանողները։ Համակարգի թարմացման և կատարելագործման ուղղությամբ պարբերաբար կատարվում են աշխատանքներ՝ համագործակցելով հայաստանյան մեր գործընկեր բուհերի հետ, որոնք նույնպես կիրառում են այս համակարգը։
Ուսուցման ձևաչափը ընթացիկ տարում լայն առումով չի փոխվելու, բակալավրիատի առկա և հեռակա համակարգում ուսուցումը կտարվի ավանդական եղանակով, իսկ մագիստրատուրայում՝ հիբրիդային եղանակով՝ համադրելով ավանդական և հեռավար եղանակները։
-Վերջերս օրենք ընդունվեց, ինչը դժգոհությունների տեղիք տվեց նաև, ըստ որի՝ առկա բաժնում սովորող տեղահանվածների վարձավճարները կսուբսիդավորվեն, իսկ հեռակա սովորողներինը՝ ոչ։ Ձեր տեսանկյունը՝ այս հարցի վերաբերյալ։
-Գործող օրենսդրության համաձայն՝ 2020-2021 ուստարվա բակալավրիատի առկա ուսուցման համակարգի ուսանողների վարձավճարները (որոշակի բացառություններով) փոխհատուցվել է կառավարության կողմից: Ինչ վերաբերում է բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի և մագիստրատուրայի ուսանողների վարձավճարներին, ապա հարցը քննարկման փուլում է և, համալսարանի ղեկավարությունը կառաջնորդվի կառավարության կայացրած որոշմամբ:
-ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի շինաշխատանքներն ի՞նչ փուլում են։ Շենքի գործարկման դեպքում նոր բաժիններ կբացվե՞ն։
-ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի գործարկումը դրական ազդեցություն կունենա համալսարանի գործունեության վրա։ Ուսուցման գործընթացը որակի բարելավման առումով նոր փուլ կմտնի։ Շինարարությունն իրականացնող պատասխանատուների խոսքով՝ այս պահի դրությամբ շինաշխատանքներն ավարտական փուլում են, շենքի նյութատեխնիկական բազայի համալրման ուղղությամբ ևս կատարվում են աշխատանքներ։
Յուրաքանչյուր տարի աշխատանքներ ենք իրականացնում մասնագիտական կրթական ծրագրերի նորացման, թարմացման ուղղությամբ, և անշուշտ, հաշվի են առնվում աշխատաշուկայի պահանջներն ու ժամանակի թելադրանքը։
-Այս տարի հանրակացարանում սենյակների տրամադրումն ի՞նչ սկզբունքներով է իրականացվել։
-Ինչպես գիտեք, ԱրՊՀ հանրակացարանի սենյակների մեծ մասը տրամադրվել է պատերազմի հետևանքով բռնատեղահանված ընտանիքներին։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ այս տարի հանրակացարանում բնակվելու համար առաջնահերթությունը տրվել է զոհված, անհայտ կորած ազատամարտիկների, պատերազմի առաջին կարգի հաշմանդամների, 44-օրյա պատերազմի արդյունքում բռնատեղահանված ընտանիքների այն ուսանող զավակներին, ովքեր սովորում են ԱրՊՀ բակալավրիատի առկա ուսուցման համակարգում և բնակվում են Ստեփանակերտից զգալի հեռավորություն ունեցող բնակավայրերում: Բայց պիտի նշեմ, որ կարողացել ենք սենյակներով ապահովել բոլոր այն ուսանողներին, ովքեր դիմում-հայտ էին ներկայացրել հանրակացարանում բնակվելու համար։
-Ըստ Ձեզ, նոր ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառվեն Արցախում կրթական որակը բարձրացնելու համար։ Որո՞նք են մեր կրթական ոլորտի թերացումները։
-Պետք է պարբերաբար ուսումնասիրություններ կատարել աշխատաշուկայի, երկրում առկա խնդիրների ուղղությամբ, խնդիրներին համապատասխան մշակել մասնագիտությունների ցանկ և պատրաստել մրցունակ մասնագետներ։ Ցավոք, բնագիտական ուղղությամբ առարկաների հանդեպ նվազել է հետաքրքրությունը, այդ է վկայում դիմորդների թիվը։ Սակայն, վստահ եմ, որ Արցախում կա համապատասխան ներուժ՝ կրթական ոլորտում առկա խնդիրները լուծելու համար։
-Ինչպե՞ս կգնահատեք ուսման որակ և վարձավճարներ հարաբերակցությունը։ Համապատասխանու՞մ են։
-Աշխարհում գործող բուհերի համամետությամբ ԱրՊՀ վարձավճարներն անհամեմատ ցածր են, իսկ ուսման որակի մասին կարող եմ ասել, որ մեր բուհի շրջանավարտներն իրենց գիտելիքներով մրցունակ են և հաջողությամբ կարողանում են իրենց մասնագիտական ներուժը իրացնել ոչ միայն հայրենական աշխատաշուկայում, այլ նաև մեր հայրենիքի սահմաններից դուրս։
-Դպրոց-համալսարան-աշխատաշուկա։ Կա՞ն խնդիրներ այս օղակում։
-Համալսարան-դպրոց-աշխատաշուկա կապը միշտ էլ սերտ է եղել, այդ կապն ամրապնդելու և արդյունավետությունը տարեցտարի բարձրացնելու ուղղությամբ տարբեր քայլեր են ձեռնարկվում։ Համալսարանը պարբերաբար միջոցառումներ է կազմակերպում հանրակրթական դպրոցներում, բուհում կազմակերպվող միջոցառումներին են հրավիրվում դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, մանկավարժական ուղղվածությամբ ուսանողների փորձուսուցումները կազմակերպվում են հանրակրթական դպրոցներում և այլ ծրագրեր՝ բուհ-դպրոց կապի ամրապնդման ուղղությամբ։ Աշխատաշուկա ասվածը լայն հասկացություն է. այս ուղղությամբ ևս աշխատանքները պարբերական են ու բազմաբնույթ։ Կառանձնացնեմ միայն մի կարևոր հանգամանք, որ վերջին տարիներին ենք ներդրել. յուրաքանչյուր տարի ամփոփիչ ատեստավորման քննությունների քննական հանձնաժողովի կազմում ընդգրկում ենք ներկայացուցիչ աշխատաշուկայից՝ տվյալ մասնագիտության գծով բնագավառի փորձառու մասնագետներից մեկին։ Այս հանգամանքը նպաստում է, որպեսզի գործատուն անմիջական մասնակցություն ունենա ինչպես ապագա մասնագետին գնահատելու, այնպես էլ աշխատանքի կամ անհրաժեշտ այլ խորհրդատվությամբ, առաջարկով հանդես գալու հարցում։
Մասնագիտական կրթական ծրագրերի կազմման ընթացքում ևս, անշուշտ, հանդիպումներ, քննարկումներ են կազմակերպվում գործատուների հետ և ուսուցման գործընթացում հաշվի են առնվում նաև նրանց առաջարկներն ու պահանջները։
ԱրՊՀ-ն միշտ եղել է մեր երկրի լավագույն մասնագետների դարբնոցը, այդ է վկայում այն փաստը, որ մեր երկրի տարբեր բնագավառներում աշխատող լավագույն մասնագետները ԱրՊՀ շրջանավարտներ են։ Վստահ եմ, որ այդպես կլինի նաև այսուհետ։