ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Սեպտեմբերի 11-12-ը Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենց- դահլիճում մեկնարկեց և ընթացավ ՙՀայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան՚ միջազգային 5-րդ գիտաժողովը` նվիրված Արցախի և Հայաստանի հանրապետությունների անկախության հռչակման 30-րդ տարեդարձին։ Գիտաժողովը կազմակերպել են ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) ՀԿ-ն, ՙԱրցախ՚ գիտահետազոտական ինստիտուտը։
ՙԱրդեն 5-րդ անգամ Ստեփանակերտում կազմակերպվող միջազգային այս գիտաժողովի նպատակը Արցախի ներկայիս հիմնախնդիրները բազմակողմանի ներկայացնելն է, ինչպես նաև գիտական հիմնախնդիրների վերլուծությունն ու քննարկումը, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի Արցախի վրա, որովհետև ի դեմս տեղի ունեցած վերջին չարաբաստիկ պատերազմի՝ Արցախը շարունակում է ապրել՚,- նշեց գիտաժողովի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը։ Բացման արարողությանն օրհնանքի խոսք հղեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը, իսկ ողջույնի խոսքով հանդես եկան ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, տարբեր կառույցների պատասխանատուներ։
Երկօրյա գիտաժողովին հեռավար ձևաչափով մասնակցել են 10 երկրի ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ, այս տարի մասնակցել է 50 հոգի, իսկ նախորդ 5 գիտաժողովներին աշխարհի ավելի քան 15 երկրից ներկայացել է 410 մասնակից։ Ա. Հարությունյանի պարզաբանմամբ՝ այս գիտաժողովի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նվիրված է Արցախի և Հայաստանի հանրապետությունների անկախության հռչակման 30-րդ տարեդարձին, ինչպես նաև ԱԵԳՄՄ կազմակերպության 5-ամյա գործունեության ամփոփմանը և հատկապես արցախյան վերջին ահասարսուռ պատերազմի իրողություններին, հետևանքներին, որոնք անհրաժեշտ է ներկայացնել միջազգային գիտական հանրությանը։ Գիտաժողովի կազմկոմիտեի անդամ, Լեհաստանի քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Մարեկ Ժեյմոն արդեն 4-րդ անգամն է Արցախում։ Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, նա նշեց, որ հնարավոր ու անհրաժեշտ է ստեղծել իրավունքի, պատմության, սոցիոլոգիայի, մշակույթի մասնագետների գիտական միջազգային հանձնաժողով, որը վեր կհանի պատմական բոլոր ճշգրիտ փաստերը, իսկ քաղաքագետներն էլ ՄԱԿ-ի կամ միջազգային համապատասխան կառույցների հետ համատեղ այդ փաստերի հիման վրա առաջարկեն հիմնախնդրի լուծման տարբերակը։ ՌԴ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, Հարավդաշնային համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Մաքսիմ Վասկովն իր ելույթում հույսով նշեց, որ Արցախյան հայկական սուրբ հողում կազմակերպվող գիտական այս քննարկումները կտան իրենց արդյունավետ պտուղները, իսկ ՀՀ-ին և ԱՀ-ին մաղթեց բարգավաճում, խաղաղություն, բարեկեցություն։ Նա հանդես եկավ նաև ՙՀայոց պետականության սպառնալիքների և հնարավորությունների փոխակերպման միջազգային քաղաքական ենթատեքստն արդի փուլում՚ թեմայով։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Սաֆրատյանը, հեռավար եղանակով, ներկայացրեց ՙԹուրքիայի քաղաքականությունը ՀՀ նկատմամբ (1991-2021թթ.)՚ թեման։ Վերջին 30 տարիների Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հասկանալու համար պրոֆեսորը կարևորեց աշխարհաքաղաքական գործոնը։ Մյուս զեկուցողների թեմաները վերաբերում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, արցախյան երրորդ պատերազմի ընթացքում կատարված մակրոհանցագործությունների միջազգային հետապնդմանը, պատերազմի տնտեսական հետևանքներին, միջազգային հարաբերություններում ուժի գործոնին և միջազգային իրավունքի համատեքստում Արցախի ինքնորոշման հիմնախնդրին, հայության նոր ռազմավարական մշակույթի ձևավորման հրամայականին, հայրենիք-սփյուռք հարաբերությունների գործոնին և դրանց առնչվող թեմաներին։ Գիտաժողովի երկրորդ օրը Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված դաժան սպանությունների, ռազմական հանցագործությունների, խոշտանգումների վերաբերյալ փաստերը ներկայացրեց ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ Նրա պարզաբանմամբ՝ 44-օրյա պատերազմն ուղեկցվում էր բնակչությանը ահաբեկելու գործողություններով, և Ադրբեջանն ու Թուրքիան ի սկզբանե նպատակ ունեին, որ անկախ պատերազմական գործողությունների արդյունքից, Արցախում ստեղծեին ապրելու անհնարինություն։ Գլխավոր դատախազը ներկայացրեց քաղաքացիական բնակչության և պատմամշակութային կոթողների թիրախավորմամբ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, որոնք հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։ Դրանց վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ իրավապահ մարմինների կողմից։ Այդ սանձարձակ գործողություններն Ադրբեջանն իրականացնում էր ոչ միայն պատերազմի ընթացքում, այլև նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո։ Պատերազմի հետևանքով շուրջ 42 խաղաղ բնակիչ սպանվել են հրթիռակոծությունից, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում սպանվել է 35 մարդ, փաստերով հաստատված գերության մեջ է գտնվում 9 քաղաքացիական անձ, որոնց վերաբերյալ ադրբեջանական կողմը ոչ մի տեղեկություն չի հաղորդում, 17 հոգի էլ ենթադրաբար գերության մեջ գտնվողի կարգավիճակում են։ Գ. Ներսիսյանը հրապարակեց գերիների և սպանվածների վերաբերյալ առկա տեսանյութերը, փաստացի ապացույցները։
Գիտաժողովի վերջում հավաստագրեր և շնորհակալագրեր հանձնվեցին մասնակիցներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։