ՙԻՐԻԿՆԱՅԻՆ ԱՂՋԱՄՈՒՂՋ՚
Լևոն Ադյանի ՙԻրիկնային աղջամուղջ՚ գրքի համանուն վիպակը, ըստ իս, առանցքային դերակատարություն ունի գրողի ստեղծագործության համանվագում՝ իբրև ելակետ, նժար՝ իր մեջ գրողի հավատամքն ու գեղագիտական սկզբունքներն ամբարող ուժով ու բազում ելուստներով։ Պատումի գլխավոր հերոսուհին, կենտրոնական դեմքը, գրողի մորական տատն է՝ Շահում այան՝ իր կենսագրության դրամատիկ իրողություններով։ Դրանից էլ նրա ապրած գրեթե մեկ դարը, թվում է կարճ՝ երկար ձգվող տառապանքից, քանզի այն իր մեջ է առնում տարբեր ժամանակներ, հասարակարգեր, պատերազմներ՝ սովի, որբության հազարերես աղետներով։
Մեկ դարի համար այս ամենը ձգվում է հազարամյակի շեշտերով, բայց գյուղացի կնոջ իրական կերպարը՝ իր դաժան ճակատագրով, հիրավի, նոր շերտեր է բացում մեր գրականության մեջ եղած հողեղեն ու փխրուն, բայց կապտերակ ժայռերից էլ ամուր հայուհու կերպարում։
Որտեղից այդքան ուժ, կորով, հավատ, կենսասիրություն՝ Շահում աղջկան, անհայր ու աղքատ ընտանիքի զավակին։ Մոր գուրգուրոտ հայացքն էր իր մեծ դաստիարակը ու իր` լավին սպասող սիրտը, որ այնպես լցվել էր սիրով։ Ահա Շահում աղջիկը սրտի թրթիռով սպասում է իր հարսանիքին ...
Իր գեղեցկատես նշանածը՝ Նիկոլայը, հարուստ ծնողների որդի է, աղջկան հավանել է և արժանացել նրա ուշադրությանը։ Տղայի ծնողները խնամախոսության էին եկել իրենց տուն։ Թվում է այնքան քիչ բան է պետք երջանկության համար։ Բայց չար բախտը նախանձից արդեն աչքի տակ էր առել երջանկությունից շողացող Շահումին...
Եվ կյանքում և գրականության մեջ հայտնի են դեպքեր, երբ ընտանիքի գեղեցիկ աղջկա փոխարեն հարսի քողի տակ նրա` ոչ այնքան սիրուն քրոջն են պսակի տարել։ Մեր տատերի ժամանակներում նման իրավիճակներ եղել են, ասես չգրված օրենքով ծնողներն իրենց հանցանքը, չգիտես ինչու, աստվածահաճո էին համարում։ Եվ ահա Շահում աղջկա պարագայում էլ բախտի ծռությունը եկել է Նիկոլայի եղբոր՝ մանկուց երեսի մի կողմն այլանդակված Աղաբեկի կերպարով։ Այդ ինչ սիրտ էր, որ չի պայթել նման անսիրտ վերաբերմունքից. տղայի ծնողների հետ հաշվենկատ գործարքը Շահումի Առստամ եղբայրն է կնքել։ Իսկ Նիկոլայը, ծնողների կամքին հլու, սրտի կսկիծով հեռացել է գյուղից և շատ չանցած ջահել-ջահել զոհվել Բաքվի պաշտպանության ժամանակ...
Շահումը դարձել է չսիրած տղամարդու կին ու հայուհու ամոթխածությամբ ու պատվախնդրությամբ հնազանդ ու հավատարիմ կողակից, ինչպես խոստացել է սուրբ պսակին. ՙ-Որդյակ իմ և դու մինչև ի մահ հնազա՞նդ ես։ -Այո, հայր սուրբ, հնազանդ եմ հրամանին Աստծո՚։
Իր սիրո ավերակները, կոտրված սրտի փշրանքները բոլորից անտես պահող յոթնակողպեքը տարիների հետ նա պահ է տվել իր սիրասուն զավակների լուսաշող հայացքին։
Հայուհու իմաստնությամբ հաշտվել էր իր բաժին բախտի հետ, բայց չարն արդեն կրնկակոխ հետևում էր նրան։ Շատ չանցած` դեռատի կինը կորցնում է ամուսնուն, այդ ժամանակներում մոլեգնող տիֆը տանում է նաև Աղաբեկին։
Հազար ու մի փորձություն պիտի հաղթահարեր մանկամարդ կինը, ընտանիքի կարիքներն այնքան շատ էին։ Ավագ երեխաների հետ հանդ ու չոլերում օր ու գիշեր բանում էր չարքաշ հայուհին։ Ինչեր ասես՝ զավակների չափահասության ճանապարհին, որ չտեսավ Շահումը, ով ուժերի գերագույն ճիգով ու մայրական անհուն սիրով էր փայփայում նրանց։
Որբևայրի կինը հազվեհազ՝ սովից, համաճարակից, կարողանում է փրկել իր որբերին, և երբ նրանցից ամեն մեկի հետ հույս էր փայփայում, թե` ով ինչ ճանապարհ կընտրի իր շնորհալիությամբ, պայթում է Մեծ հայրենականը։
Այստեղ պետք է շունչ առնել, քանզի շնչարգելությամբ կուղեկցվի պատումի հետագա ընթերցումը։
...Շահումի չորս որդիները՝ Սահակը, Արամը, Վաղարշակը, Հավհաննեսը, չեն վերադարձել ռազմաճակատից։ Տեր Աստված, այդ ինչպես եղավ, որ կիսաքանդ այս տան սյուները ավերվեցին, իրենց դղրդյունով զարկելով նրանց մոր վիրավոր ու տառապած սրտին։
Գրողի համար էլ, անշուշտ, դժվար է եղել իր տատի կյանքի պատմությունը մեզ ներկայացնել, հավատացեք, դեպքերի սրընթաց ու դրամատիկ զարգացումը նրան մղել է տեղ տալ գեղարվեստական հորինվածքին։ Համբարձման տոնի հյութեղ նկարագիրը՝ Շահումի ու Նիկոլայի միմյանց հավանելու պատմությամբ, գյուղական հարսանեկան ծեսի ու պապերից եկած ավանդույթների հետաքրքիր մանրամասները, կյանքի ողբերգություններին ի հանդիման բնության գեղեցիկ պատկերները, խոսքաշեն համագյուղացիների հետ զրույցները, իր մանկության անմոռաց հուշերը, ասես, գրողը մեջբերել է պատումից շնչահեղձ ընթերցողի համար։ Այդ ամենն իբրև թթվածնի նշխար կօգնի ընթերցողին, որ նա կարողանա... ավարտել վիպակի ընթերցումը։
Չորս որդիներին կուլ տվեց Երկրորդ աշխարհամարտը, Շահում այան, այս անգամ իր զավակների կորստյան արհավիրքին էր դեմ առ դեմ՝ անելիքը չիմանալով, ինչպես հասուն կյանքի շեմին, երբ սպիտակ հարսնաքողն իր կյանքը բաժանել էր սև ու սպիտակի։ Երբ գյուղում Մեծ հայրենականի զոհերի հիշատակին աղբյուր-հուշարձան է կառուցվել, որդեկորույս Շահումը, ամեն օր.ՙԼուսը-լուսին գալիս էր հուշարձանի մոտ, ավլում, սրբում էր շուրջը, թաց շորով մաքրում հուշարձանի փոշին։ ՙԻմ տունն էստեղ է, իմ երեխեքն էստեղ են՚։ Հետո քարի մոտ նստած գուլպա էր գործում, ինչպես որ անում էր Հայրենական մեծ պատերազմի օրերին և ծարավ անցորդներին ջուր էր տալիս իր հին մեծ փարչով, որով խմում էին իր որդիները...՚։
Որդիների կորստից հետո առավել կսկծալի կյանքը շարունակելու համար կրկին իր որոշումն էր կարևոր, քանդված օջախի վերջին պողերին շունչ տալու իր որոշումը, որը կենսատու հայացք դարձավ այս անգամ իր խնամքին մնացած թոռների համար։ Նրանցից մեկը Սամվելն է, հարազատորեն՝ Սամվելիկը։
Տատի` դժվարությամբ մեծացրած թոռան զինվորական ծառայությունն Աֆղանստանում էր, Խորհրդային զորքերը դուրս էին բերվել այնտեղից, սակայն նա տուն չէր եկել, անհայտ կորածների սարսռազդու ցուցակում էր անունը հիշատակվում... Որտեղից որտեղ մի լուր է տուն հասել, ինչ որ մեկն ասել է, թե՝ իբր տեսել է ինչպես են վիրավոր Սամվելին մոջահեդները գերել... Շահում տատի համար այդ` ոչ մի փորձության չդիմացող, կցկտուր, քամու բերած լուրը դարձել է անմար հույս իր՝ Մեծ մոր սրտին տիրական և մինչև կյանքի վերջ ավագ թոռանն ուղղված միակ խնդրանքն այդ էր. ՙԱյան գլխովդ շոռ տա, Սամվելիկիս գտիր՚։
ՙԻրիկնային աղջամուղջի՚ դրամատիկ և սուր ելուստներից է Սամվելի փնտրտուքն ու նրան ...գտնելը։ Հնդկաստանի Սուրաթ քաղաքում նրա հետքը գտած ու այդ ծիրով հայտնաբերված մարդը և Սամվելն էր, և Սամվելը չէր... ՙՈւշ է, ուշ է արդեն, մի որոնեք ինձ, իմ հավատն ուրիշ է՚,- ասել է շեյխ Աբդուլլա դարձած Սամվելը՝ այս անգամ, իսկապես, իրեն հանձնելով անհայտությանը։
Լավ է, որ թոռան դարձին այնքան անձկությամբ սպասող Շահում այան չիմացավ այդ ամենի մասին և հավատով հեռացավ երկնային կյանքից։ Ի հեճուկս իր չար բախտի և ունեցած անդառնալի կորուստների` Շահում այան ապրել է մեկ դար։ Նրա մահով գրողն ավարտում է պատումը՝ գլխավոր հերոսուհու դարակազմիկ կենսագրությունը, հիրավի, ներկայացնելով ոչ մեկ մարդու կյանքի պատմություն։ Իրապատում այս գործը ընթերցողի համար դառնում է խորհրդածելու բազմախորհուրդ տիրույթ, ուր յուրօրինակ տարեգրություն կա՝ անցյալի ու ներկայի միջև։