[ARM]     [RUS]     [ENG]

Պատերազմի աչքերը լուսանկարչական օբյեկտիվից

Նանիկ ԱՂԱՍՅԱՆ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ՙՊատերազմի աչքերը՚ խորագրով լուսանկարների ցուցադրությունը։

Ներկայացվել է շուրջ 100 լուսանկար` 44-օրյա պատերազմից։ Լուսանկարները ներկայացնում են պատերազմի ընթացքը մարտադաշտից մինչև թիկունք` ժամկետային զինծառայողներ ու կամավորներ, կյանքը` ռմբապաստարաններում, ավերված շինություններ: Ուշագրավ են Շուշիից, Քարինտակից ու առաջնագծի լուսանկարները: Դավիթ Ղահրամանյանը մարտնչող զինվորների կամավորների դիմանկարային լուսանկարներով ներկայացրել է նրանց ոգեշունչ ու մարտական բարձր տրամադրությանը: Ցուցադրության են ներկայացվել նաև Արցախի փրկարար ծառայողների նվիրական գործունեությանը նվիրված լուսանկարներ: Ինչպես Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Լուսինե Ղարախանյանն է նկատում, լուսանկարներում պատկերված է այդ օրերի հերոսական ու աննկուն ոգին, ինչը հեղինակին` Դավիթ Ղահրամանյանին է բնորոշում նաև:
Պատերազմի ժամանակագրությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրությունը բացվեց սեպտեմբերի 27-ին` մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան երրորդ պատերազմում նահատակվածների հիշատակին:
Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով` ցուցադրության մտահղացումը դեռ պատերազմի ընթացքում էր ծագել. ՙՆկարներում վավերագրություն, մեծ պատմություն կա։ Այս նկարներն ասելիք ունեն ոչ միայն մեզ, այլև աշխարհին։ Ասելիք ունեն նաև գալիք սերնդին։ Ցուցադրությունը կրում է ՙՊատերազմի աչքերը՚ անունը, քանի որ այս լուսանկարներից մեզ է նայում պատերազմը՚։

Լուսանկարների հեղինակ Դավիթ Ղահրամանյանը, կարևորելով Արցախյան երրորդ պատերազմի փաստավավերագրական պատմության ստեղծումը, անդրադարձավ լուսանկարչական գործունեության պատերազմական դրվագներին:
ՙԻմ առաջին ֆոտոխցիկով նկարել եմ քառօրյա պատերազմը, այս երկրորդով նկարել եմ 44-օրյա պատերազմը և վստահ եմ, որ երրորդ ֆոտոխցիկով նկարելու եմ Շուշիի ազատագրումը՚։
Պատերազմի լուսանկարների կարևորությանն անդրադարձան և հեղինակի գործն արժևորեցին նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչ Միքայել Հաջիյանը։
Լուսանկարների հեղինակ Դավիթ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր իրեն աջակցել են լուսանկարների ստեղծման գործում և իրենց ներդրումն ունեցել պատերազմում, նվիրեց պատերազմի ակնթարթները պատկերող լուսանկարներ։
Ցուցադրության բացմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը, պաշտոնատար այլ անձինք, հոգևորականներ, հրավիրվածներ։

ՙՊատերազմի աչքերը՚ խորագրով լուսանկարների ցուցադրությունը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը։