[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏԻ ՄՐՑՈՒՅԹ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում կազմակերպվեց ՙՙԱրցախյան գորգարվեստ՚՚ հանրապետական 5-րդ մրցույթը:

Ցուցահանդես-մրցույթին  ներկայացվել է 37 աշխատանք: Մրցույթն  անցկացվել է մեկ փուլով և երեք անվանակարգով՝ ՙՙԳորգ՚՚ /5 աշխատանք/, ՙՙԿարպետ՚՚ /6 աշխատանք/, ՙՙԱսեղնագործություն՚՚/26 աշխատանք/:

ԱՀ ԿԳՄՍ  նախարարության  մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի գլխավոր մասնագետ Արինա Ավետիսյանի խոսքով մրցույթի նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է, արցախյան գորգագործական ու ասեղնակարի մշակութային ավանդույթների վերականգնումը, ժամանակակից գեղարվեստական ճաշակին ու պատկերացումներին բնորոշ տարրերով լրացումն ու ազգային ավանդական մշակույթի հանդեպ հարգանքի, հոգածության արմատավորումը:

Մրցույթին մասնակիցների տարիքային սահմանափակում չկար. Արցախի տարբեր շրջաններից  ստեղծագործողները հնարավորություն ունեցան դրսևորել իրենց ստեղծագործական ունակությունները:

-Ավանդական դարձած այս միջոցառմանն արդեն մի քանի տարի է անընդմեջ ներկա եմ: Առաջընթացը զգալի է: Իհարկե, կատարելագործելու, ավելի բարձր որակի հասցնելու տեղեր միշտ էլ լինելու են,- ՙՙԱզատ Արցախՙՙ-ի թղթակցի հետ զրույցում նշեց մրցույթի հանձնաժողովի անդամ ,ՀՀ պատմական գիտությունների թեկնածու , գորգագետ ազգագրագետ, մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի փորձագետ Աշխունջ Պողոսյանը: Արժևորելով միջոցառումը հատկապես Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման տեսակետից՝ գորգագետն անդրադարձավ նաև ցուցանմուշներում առկա թերություններին՝ մասնավորապես գունային ճիշտ համադրության խնդրին.

-Գույների համադրությունն է, որ որոշ դեպքերում տեղին չէ:Եթե  թերությունը շտկվի, գործերի որակը շատ ավելի կբարձրանա:

Շուշիի գորգերի  թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի դիտարկմամբ ևս, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի լուրջ առաջխաղացում կա նմուշների առումով.

-Ցուցադրված բոլոր աշխատանքները ստեղծվել են հետպատերազմական շրջանում ակնհայտ կատարելագործմամբ, ինչը վկայում է այն մասին,որ մեր ժողովրդի մեջ ոգին ամուր է, այսինքն՝ մենք եղել ենք, կանք ու կլինենք:

 Ըստ հանձնաժողովի անդամների՝ ձեռագործության մեջ ամենակարևոր գործոնը գույնն է, ուստի մրցույթի արդյունքներն ամփոփելիս հաշվի է առնվել գունային ճիշտ համադրությունը, արցախյան գորգապատկերների ու զարդանախշերի օգտագործումը, հումքի որակն ու գործվածքի խտությունը:

ՙՙԳորգ՚՚ անվանակարգում 1-ին տեղ զբաղեցրեց ՙՙՎիշապագորգը՚՚/հեղինակ՝ Իրինա  Ղահրամանյան/, ՙՙԿարպետ՚՚ անվանակարգում Իռենա Թևանյանի ՙՙՎիշապ զարդանախշն՚՚ էր, ՙՙԱսեղնագործություն՚՚ անվանակարգում 1-ին տեղ գրավեց Լիլիթ Պողոսյանը: 

 Ցուցահանդեսին Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնիեզակի նմուշով են ներկայացել կենտրոնի ներկայացուցիչները: Տնօրեն Իրա Թամրազյանի խոսքով՝ երազանք էր Դիզակի 1888 թվականի պատռված գորգը, Մեծ Թաղերի հաստոցից դեռևս կիսատ, ավարտին հասցնել և մրցույթին ներկայացնել:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը կարևորեց մշակութային  ավանդույթների նկատմամբ  մշտական ուշադրությունը:

-Գորգարվեստը նման ոլորտներից է: Արտակարգ իրավիճակներում անգամ, մենք պետք կարողանանք պահել ու պահպանել ազգայինը: Եթե հայացք նետենք անցյալ դարերին կտեսնենք, որ հայ ժաղովուրդը, թեկուզև գտնվելով ծանր իրավիճակում, այնուամենայնիվ, միշտ էլ իր հոգու արտացոլանքը փորձել է արտահայտել մշակույթի ոլորտում,-ասաց Մելանյա Բալայանը՝ ոգևորությամբ ընդգծելով նաև երեխաների մասնակցությունը մրցույթին.

-Պետք է գնահատենք հայրենազրկված մեր երեխաների աշխատանքը, նրանք անում են հնարավորն ազգային կերպարը պահելու, պահպանելու համար:

Մասնակիցներն արժանացան  խրախուսական մրցանակի, իսկ պատվավոր տեղեր զբաղեցրածները՝ պատվոգրերի ու դրամական պարգևների:

Ցուցահանդես-մրցույթին ներկա էին՝ ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ: