[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտի պատկերասրահում կայացավ աշխարհահռչակ լուսանկարիչ մոսկվաբնակ Լևոն Հովսեփյանի 2-րդ անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Այն  կրում էր ՛՛Արցախը՝ դեմքերում՛՛ խորագիրը: Ցուցահանդեսին ներկա էին Արցախում հայտնի բարերար Գրիգորի Գաբրիելյանցը, Արցախի ռուսական համայնքի, մայրաքաղաքի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:

60-ից ավելի լուսանկարներում պատկերված են Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի հայ և ռուս հայտնի գործիչներ, նկարչին պատահականորեն հանդիպած մարդիկ՝ տարեց թե մանուկ: ՛՛Ցուցահանդեսն  կշարունակի նաև Հայաստանում, ապա՝ Ռուսաստանում, Եվրոպայում և այլ երկրներում, քանի որ  նպատակ ունի աշխարհին ներկայացնել արցախցու անկոտրում ոգին, ապրելու և արարելու կամքը՛՛՛, -ցուցահանդեսի բացման խոսքում ասաց Լևոն Հովսեփյանը:

 Բարերար Գրիգորի Գաբրիելյանցն իր խոսքում շեշտեց, որ լուսաննկարիչն այս ցուցահանդեսով մեծ հայրենասիրական գործ է կատարում, քանի որ լուսանկարներում պատկերված դեմքերի միջոցով ի հայտ է բերվում հայ մարդու, հատկապես՝ արցախցու ներաշխարհը: ՛՛Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդն ապրում է այս հողում, և նա այստեղ ապրելու ու ստեղծագործելու իրավունքն ունի՛՛, -ընդգծեց նա:

Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը, իսկ արդեն հոկտեմբերի 7-ին այն կբացվի Երևանում, այնուհետև Ծաղկաձորում, ապա՝ Մոսկվայում և ՌԴ այլ քաղաքներում: