ՆՇՎԵՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ ՕՐԸ` ԽՈՆԱՐՀՎԱԾ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՎԱՏՈՎ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հոկտեմբերի 5-ին նշվեց Ուսուցչի օրը: Ներկա էին ԱՀ նախագահի տիկին Քրիստինե Հարությունյանը, պետնախարար Ա. Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը, պետական այրեր, Ստեփանակերտի ու շրջանների կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, ռուս խաղաղապահներ:
Միջոցառման առաջին րոպեները նվիրված էին 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիներին, որոնց շարքում են 14 ուսուցիչներ:
Ուսուցչի օրն առիթ է բարձրաձայն երախտագիտություն հայտնելու նրանց, որոնց լույսի սերմնացաններ են անվանում, գնահատելու մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության դժվարին ու վեհ առաքելությունը ստանձնած մարդկանց աշխատանքը: Թե ինչքանով են նրանք հավատարիմ իրենց կոչմանը, ամենացայտուն վկայությունը Արցախյան երեք պատերազմներն են, որոնց ժամանակ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին խրամատում կողք-կողքի կանգնեցին աշակերտ և ուսուցիչ: Հազարավորների հետ զոհվեցին, հաշմվեցին նաև ուսուցիչներ: Այսօր, երբ ծանր, մեծ կորուստներով պատերազմից հետո Արցախը փորձում է ոտքի կանգնել, առավել մեծ չափով է կարևորվում ուսուցչի և, ընդհանրապես, կրթության դերը:
Ուսուցիչներին ուղղված ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքը շնորհավորանք ու նաև ուղեգիծ է. ՙՄեր գոյության, գիտելիքի, իմացության, արժեքների սերմանման ողջ ընթացքում դուք եք դարբնել միտքն ու ոգին… Դուք անվարան հաղթահարել եք և շարունակում եք հաղթահարել մեր համակարգի առջև ծառացած խնդիրները և մեր հայրենիքին պատուհասած անողոք փորձությունները: Այսօր ձեզ է վերապահված դառնալու ժամանակի առաջմղիչը, բարոյական ու հոգևոր սննդի անսպառ րաբբունապետը՚:
Նախարարը պետական բարձր պարգևներ հանձնեց մի խումբ մանկավարժների, որոնց արժանացել են ԱՀ նախագահի հրամանագրով: ՙԱՀ վաստակավոր մանկավարժ՚ պատվավոր կոչման են արժանացել Մարտունու հ. 1 միջնակարգ հոսքային դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռիտա Եսայանը, Ավետարանոցի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության թոշակառու ուսուցչուհի Նվարդ Բաղրյանը:
ՙԵրախտագիտություն՚ մեդալով պարգևատրվեցին Գոհար Բեկլարյանը` Հաթերքի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Արթուր Ջհանգիրյանը` Պատարայի միջնակարգ դպրոցի տնօրեն, Տատյանա Մարտիրոսյանը` Հադրութի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի, Լիանա Հարությունյանը` Շուշիի միջնակարգ դպրոցի տնօրեն, Հակոբ Հարությունյանը` Քաշաթաղի շրջանի Աղաձորի միջնակարգ դպրոցի զինղեկ, Գայանե Հարությունյանը` ՙԱրցախի բալիկներ՚ երգի-պարի համույթի ղեկավար, Ստեփանակերտի հ. 2 դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը, Շահումյանի շրջանի Նոր Մանաշիդի հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Հարությունյանը:
ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորանքի իր խոսքում արժևորեց կրթության և ուսուցչի դերը. ՙԵթե անվտանգությունը այսօրվա խնդիր է, ապա կրթությունը և՜ այսօրվա, և՜ ապագայի խնդիր է: Մեզ համար կրթությունն ամենառազմավարական ոլորտն է: Հատկապես պատերազմից հետո մենք համապատասխան վերլուծություններ ենք կատարում, փորձում ենք նոր շտկումներ անել համակարգում, ախտորոշել խնդիրները և առաջ գնալ: Այստեղ ամենակարևոր դերը ուսուցչինն է, որովհետև կրթության առանցքն ուսուցիչն է՚:
Արցախի ուսուցիչներին շնորհավորեց նաև ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Զադորոժնին, որն իր խոսքն ավարտեց այսպես. ՙՇնորհիվ ձեզ, հարգելի ուսուցիչներ, երեխաներն ստանում են անհրաժեշտ գիտելիքներ, հոգևոր արժեքներ, ձեր մասնագիտական վարպետությունը, ջերմությունն օգնում են նրանց հավատալ իրենց ուժերին` ապագայում իրականացնելու ամենախիզախ գաղափարներ: Շնորհակալություն ձեզ` ձեր աշխատանքի համար: Տա աստված մեզ բոլորիս խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: Փառք այս հողին, նրա ուսուցիչներին: Ուսուցիչներ, որ չնայած բազում դժվարությունների` անձնուրացորեն կատարում են ամենակարևոր գործը` կրթում ու դաստիարակում են մատաղ սերնդին` նորաստեղծ հանրապետության ապագան՚:
Միջոցառմանը համերգային համարներով հանդես եկան Ստեփանակերտի մշակութային կրթական օջախների սաները: Երեկոն եզրափակվեց ՙԱրցախի բալիկներ՚ երգի-պարի համույթի մասնակցությամբ` ԿԳՄՍՆ կրթության տեսուչ Վազգեն Առաքելյանի մենակատարմամբ` ՙԻմ Արցախ՚ երգով: