ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԸ՝ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՎ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
Քերթի Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի 12 դասարաններում 91 աշակերտ է սովորում։ Ընթացիկ ուսումնականում առաջին դասարան է հաճախել 8 աշակերտ:
Մինչ պատերազմը դպրոցն ուներ 96 աշակերտ։ Դպրոցի տնօրեն Ստելլա Ղուլյանը պարզաբանում է, որ գյուղից արտագաղթ չի եղել, սովորողների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ 12-րդ դասարանն ավարտել է 12, դպրոց ընդունվել՝ 8 աշակերտ, 2 աշակերտ հիմնական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակում է արհեստագործական ուսումնարանում։
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ դպրոցը շինհրապարակի է վերածվել։ Աշխատանքներն սկսվել են մինչ պատերազմը, բարերար Աշոտ Ջիվանյանի միջոցներով հիմնանորոգվում է կրթօջախը։ Հետպատերազմյան աշխատանքներն սկսեցին մայիսի վերջին, առավել ակտիվացան՝ հունիսի կեսերից։ Առկա պայմանները բավարար են պահի դրությամբ իրենց առաջ դրված խնդիրները լուծելու, կրթական գործն առաջ տանելու համար։ Բայց այստեղ մեծ անհամբերությամբ սպասում են շինաշխատանքների ավարտին, որպեսզի ամբողջովին կյանքի կոչեն բոլոր ծրագրերն ու մտահղացումները։
Քերթի միջն. դպրոցն ընդգրկված է ՙԵրկարօրյա դպրոց՚ ռազմավարական ծրագրում, ինչը տնօրենի նախաձեռնությունն է, որպեսզի երեխաները հետ չմնան ժամանակի զարգացումներից։ Ծրագրում ներգրավված են 1-9-րդ դասարանների աշակերտները։ Բոլոր մասնագետները և պայմաններն առկա են, խոհարարը, դպրոցի տնօրենը վերապատրաստվել են համապատասխան դասընթացների միջոցով և տիրապետում են անհրաժեշտ հմտություններին։ Երկու ուսուցիչ ՙԴասավանդիր, Հայաստան՚ ծրագրի շրջանակներում են միացել։ Ընդգրկվող բոլոր ուսուցիչներն անհրաժեշտության դեպքում նույնպես կվերապատրաստվեն։ Երկարօրյայում գյուղից ներգրավել են գյուղոլորտի մասնագետների՝ այգեգործի, մեղվաբույծի, մեխանիզատորի՝ անվճար հիմունքներով։ Նրանք ամիսը մեկ անգամ երեխաների համար դասախոսություններ են կարդալու։ Ինչ ռեզերվ ունեն՝ տեղում օգտագործում են, նպատակը՝ սովորողների մեջ սեր առաջացնել մասնագիտությունների հանդեպ, հատկապես որ գյուղն այսօր շատ ունի դրանց կարիքը։
Մտածում են՝ հետագայում հնարավորություն ստեղծել սովորածը տեղում՝ պրակտիկ տեսնելու և կիրառելու համար։ Սա դպրոցի տնօրենի մոտեցումն է։
Քերթի դպրոցում գործում են Ճարտարի արվեստի դպրոցի պարի խումբը, Մարտունու մանկապատանեկան մարզադպրոցի ըմբշամարտի մասնաճյուղը։
Դպրոցում աշխատանքներ էին տարվում հայրենիքի պաշտպանության համար նահատակված սաների հիշատակին հուշաղբյուրի կառուցման ուղղությամբ, որը կլինի նաև Փառքի անկյուն, որտեղ կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ։
Ս. Ղուլյանը նշեց, որ ունեն նաև բաց խաղադաշտի խնդիր։ Դպրոցին կից կա տարածք, որը նախկինում մարզադաշտ էր ծառայում։ Անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելուց հետո կունենան հարմարավետ բաց դաշտ՝ մարզումների և մարզական միջոցառումների համար։