[ARM]     [RUS]     [ENG]

Հեռվից նայողը ինձ չի հասկանա, իմ սիրտը հեռու լեռներում է...

Կյանքից հեռացել է անվանի արձակագիր,թարգմանիչ,հասարակական գործիչ Լևոն Ադյանը:Հեղինակ է ինքնուրւյն և թարգմանական ավելի քան երեսուն արձակ ժողովածուների:

ԽՍՀՄ,ՌԴ,ՀՀ և ԱՀ գրողների միությունների անդամ է:

Ծննդով Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից է և ողջ կյանքում արցախցի լինելը նա համարել է իր բաժին օրհնությունը, երկնային պարգևը և այդ ամենին ի տրիտուր ձգտել արժանի լինել զավակի պատասխանատվությամբ: Երկար տարիներ ապրել և աշխատել է Բաքվում, գրողների միությունում վարել տարբեր պաշտոններ, խմբագրել <<Գրական Ադրբեջան>> հանդեսը: Պարբերականը նրա ջանքերի շնորհիվ ուրույն դիմագիծ ուներ՝ արցախցի գրողներին ներկայացնելու հետևողական գործելաոճով: Սակայն հետագա կյանքը շարունակվել է փորձություններով ու կորուստներով: Լևոն Ադյանը հրաշքով է փրկվել անցյալ դարավերջին Բաքվում իրականացված հայկական սպանդից:Իսկ ֆիզիկական փրկությունը չի նշանակում թե մարդը փրկվել է հոգեկան խոշտանգումից: Տարագրված և Սանկտ Պետերբուրգում հանգրվանած գրողը կրակված սրտով է երևան հանել <<Հեռացող եզերք>> վեպը, որը ականատեսի վկայությունն է հայությանը պատուհասած եղեռնի մասին։ Իր ստեղծագործություններից հառնող հայրենի գյուղի աննման հուշերին, ցավոք, ավելացել են նաև ավերի ու բռնության, տան ու օջախի, հարազատների կորստի անանց ցավը, Բաքվում, Սումգայիթում, Ադրբեջանի հայաշատ այլ վայրերում ազերու կազմակերպած նախճիրին զոհ գնացած ընկերների հիշատակի առջև ունեցած կսկիծը, որի համար անցնող օրը մխիթարանք չունի...

Իբրև աննկուն ոգի, ի հեճուկս իրեն պատուհասած բոլոր ողբերգությունների, գրողը մի նոր ներշնչանքով է հրապարակ հանել նոր գործեր, որոնք թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, արաբերեն: Այդ ամենի առանցքը վերստին իր պաշտելի հայրենիքն էր՝ իր ապաստանն ու հոգևոր նեցուկը: Դրանով ինքը անպարտ էր, անխոցելի և իր ծննդավայրի՝ սիրելիներով բնակեցված աշխարհից էր սկսվում ամեն օրը: Եվ հենց հավերժող հայրենիքի հավատով էր իր վերջին նամակներում փորձում մեր հոգիներում հույսի լույս վառել հաղթահարելու 44-օրյա պատերազմի մղձավանջը:

Լևոն Ադյանի բոլոր արարումները նվիրված էին իր հայրենիքին, որոնք էլ նրա տողը փնտրող ամեն ընթերցողի շնորհիվ կդառնան անվերջ վերադարձի ղողանջներ...Իր գովերգած մանկության արահետն, անշուշտ, հիմա մորմոքով ուղեկցում է նրա հեռացող ստվերին, իսկ Կաղնախաչի ունկերում մոտակա թփում թաք կացած միրհավի տխուր կանչն է...Հեռացողը իրենց անխոնջ երգիչն է, իրենց պատվանուն զավակը...

Նվարդ Ալեքսանյան