[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ԿԳՄՍ նախարարը՝ Գրադարանավարի օրվա առթիվ

Թշնամու բռնազավթած տարածքներում մնաց շուրջ 617 000 և ավելի գրականություն, բայց մենք կարճ ժամկետներում կլրացնենք այդ բացը, կհաղթահարենք գրադարանների առջև ծառացած տեխնոլոգիական խնդիրները և կներդնենք գրադարանային ոլորտի նորարարություններ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հոկտեմբերի 7-ի՝ Գրադարանավարների օրվա կապակցությամբ: <<Գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատողներ, անկախ տեղեկատվական հոսքի հարահոս ընթացքից ու աստիճանաբար թվայնացող ոլորտներից՝ գրադարանը կա ու կշարունակի մնալ հոգևոր հարստության, մտքի, լույսի, մշակույթի ու արժեքների տարածման տաճար, և մենք կշարունակենք խորն ակնածանքով մտնել գրադարան ու վերաբերվել գրքերին: Ձեր շնորհիվ է գիրքը դառնում հանրայնորեն գնահատելի արժեք ու ստանում մշակութաբանական իմաստ: Ընթերցանության պակասը և գրքից հեռանալը բերում է հոգևոր ծուլության ու սնանկության՝ դարձնելով մեզ իրային ու մասսայական, իսկ գրքով մենք մտավոր ու հոգեբանական անկախության, մտավոր ռեֆլեքսիայի մեջ ենք: Գրադարանավարի աշխատանքով է ընթերցանությունը դառնում արվեստ և ոչ թե կարդալու գործընթաց, գիրքը՝ հոգևոր ու ինտելեկտուալ պոտենցիալի փոխանցման միջոց: Համոզված եմ, որ նաև Ձեր աշխատանքի շնորհիվ մենք կհաղթահարենք ընթերցանությունից հեռանալու ճգնաժամը, որի հետևանքով են առաջանում ոչ միայն կրթական, այլև սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրները: Հավատում եմ, որ մենք, անցնելով այսպիսի գեհենի միջով, այնուհանդերձ, Կոստան Զարյանի խոսքով՝ «Բարոյական գողգոթա չենք ապրի»,-նշել է ԿԳՄՍ նախարարը