[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՏՔ Է ԴՆՈՒՄ ԱՐՑԱԽ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հոկտեմբերի 7-ին Արցախի գիտական կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին։ Բոլորովին վերջերս, ԱՀ գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ էր ունեցել ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների ղեկավարների հետ` համագործակցության սերտացման հեռանկարներով։ Նման հանդիպումներից մեկը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա. Միքայելյանի հետ էր, որի ընթացքում քննարկվել էին գիտական համագործակցությունն ամրապնդելու, Արցախի գիտական կենտրոնում հետազոտությունները զարգացնելու ուղիները։ Արցախցի երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու նպատակով առաջարկվել է Արցախի գիտական կառույցում ստեղծել Աստղագիտական լաբորատորիա, որտեղ երիտասարդները կարող են ծանոթանալ աստղագիտության և աստղաֆիզիկայի հիմունքներին, մասնագիտանալ այդ ուղղություններով, համագործակցել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հետ։

Պատասխան այցը չի ուշացել. Բյուրականի աստղադիտարանի տնօրենը եկել է նախնական պայմանավորվածությունն ի կատար ածելու, համագործակցության հուշագրով այն ամրապնդելու նկատառումով։
ՙՍա դեռ սկիզբն է և, ըստ իս, մեր համագործակցությունը կլինի երկարատև ու արդյունավետ՚,- ասաց ԱՀ գիտական կառույցի ղեկավար Անյուտա Սարգսյանը։
Իր հերթին Բյուրականի աստղադիտարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար` հույս հայտնելով, որ այն կտա իր դրական արդյունքը։
ՙԱպագան գիտությանն է, և մեզնից է կախված, թե որքանով կկարողանանք աջակցել երիտասարդներին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով։ Արցախը միշտ եղել է ու կլինի գիտնականների օրրան։ Սա առաջին քայլն է, որը հիմք պիտի հանդիսանա հետագա գործընթացների համար՚,- ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ նախկինում ևս աստղագիտության վերաբերյալ միջոցառումներ, դասախոսություններ են եղել Արցախի դպրոցներում, բայց այս նախաձեռնությամբ կարելի է ասել՝ աստղագիտությունը ոտք է դնում Արցախ։
Արցախի գիտական կառույցի նիստերի դահլիճում` գիտաշխատողների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը, ԱՀ գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանն ու Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն իրենց ստորագրություններով վավերացրին համագործակցության հուշագիրը, որի շրջանակներում բավականին աշխատանքներ են նախատեսվում։ Մասնավորապես նախատեսվում է Արցախի գիտական կենտրոնում հիմնադրած լաբորատորիայում ապահովել մասնագիտական ղեկավարություն և խորհրդատվություն, ներգրավել աստղագիտությամբ հետաքրքրվող Արցախի երիտասարդների և ուսանողների, համակարգել Բյուրականի աստղադիտարանի և Արցախի միջև աստղագիտական համագործակցությունը։ Բացի այդ, պետք է ապահովել աստղագիտության ոլորտում ուսումնական գործընթացի բարձր որակը, այդ թվում արձագանքելով համաշխարհային միտումներին` ներդնել նորարարական մոտեցումներ, միմյանց աջակցություն ցուցաբերելով ներկայացնել համատեղ դրամաշնորհային ծրագրեր` աշխատանքներում ներգրավելով լավագույն երիտասարդ մասնագետներին։
Արցախում Բյուրականի աստղադիտարանի կողմից տեղադրված աստղադիտակը կօգտագործվի մասնագիտական, ուսումնական և հանրային նպատակներով։ Կկազմակերպվեն Արցախի ուսանողների և դպրոցականների խմբերի պարբերական այցեր Բյուրականի աստղադիտարան։ Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է նաև այլ համատեղ գիտական, կրթական, հանրային ծրագրերի իրականացում։
Միջոցառման մասնակիցները ծանոթացան աստղագիտական լաբորատորիայի համար նախատեսված սենյակին, որն արդեն համալրված էր անհրաժեշտ պարագաներով ու համակարգիչներով։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, դատարկաձեռն չէր եկել. լաբորատորիային համապատասխան տեսք և բովանդակություն հաղորդելու համար բերել էր մասնագիտական գրականություն և սարքավորումներ։